ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովում ամփոփիչ հայտարարություն է ընդունվել, որի 35-րդ կետի համաձայն, Դաշինքը կրկին հաստատել է, որ ընդունում է Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը եւ իր աջակցությունն է հայտնում այս հակամարտությունների կարգավորմանը: Հյուսիսատլանտյան դաշինքն իր հայտարարության մեջ խիստ անհանգստություն է հայտնել Հարավային Կովկասում եւ Մոլդովայում շարունակվող հակամարտությունների վերաբերյալ՝ կողմերին կոչ անելով հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ ուղղորդվելով կառուցողականության եւ քաղաքական կամքի դրսեւորման սկզբունքներով, հարգանքով վերաբերվել տարվող բանակցություններին եւ խուսափել տարածաշրջանն ապակայունացնող ու վտանգող քայլերից: Այս առիթով «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանը Facebook սոցիալական կայքում գրում է. «Միջազգային որեւէ որոշում առանձին դեռ ոչինչ չի նշանակում, սակայն դրանց պարբերականությունն ու հետեւողականությունը ոչ միայն մտահոգիչ են, այլեւ սպառնալի, ու հատկապես այն պատճառով, որ Հայաստանն էլ է ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ճիշտ է, Երեւանը դա ընդունում էր, կարծելով, թե ինքնորոշման իրավունք էլ կա, ու դրա շնորհիվ կեսը կհանձնի, բայց գոնե կեսը կպահի: Բայց, ինչպես եւ պետք էր սպասել, ոչ ոք Հայաստանին այդ կեսն էլ չի պատրաստվում թողնել: Այլապես Սերժը ստիպված չէր լինի դեմարշով բացակայել նման հավաքից»: