«Ի՞նչ է, հրամանատարները չէի՞ն տեսնում, թե ինչ է կատարվում բանակում: Ինչո՞ւ չէին փորձում կանխել: Այսօր հրամանատարները չեն ցանկանում իրենց թերությունները ցույց տալ: Նրանք իրենք պետք է գտնեն իրենց թերությունները եւ ցույց տան, փորձեն շտկել, սակայն այսպիսի համակարգում նրանք վախենում են իրենց թերությունները ցույց տալ, իմանալով, որ դրա համար պատժվելու են: Հրամանատարները վստահ են, որ իրենք կարող են իրենց խնդիրները լուծել»,- երեկ խոսելով հայկական բանակում շարունակվող ողբերգությունների մասին՝ ասել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը: Lragir. am-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ այս ամենի հետեւանքով թուլանում է ամենաուժեղ գործոնը՝ մարդկայինը: Գեներալ-մայորը գտնում է, որ Սեյրան Օհանյանը հենց այդ հարցը պետք է դներ ու լուծումներ գտներ. «Ո՞վ է զբաղվում այդ հարցով, ո՞վ է պատասխանատվություն կրում մարդկային գործոնի համար: Պետք է այս հարցը լուծել, այլ ոչ թե մի ավագ լեյտենանտ գտնել ու մի քանի տարով ազատազրկման դատապարտել»: Ինչ վերաբերում է դիրքերում 4 զինվորների սպանությանը, նրա կարծիքով՝ դա խմբակային «ռազբորկա էր», իսկ դրա պատճառներից մեկն էլ այն է, որ հեռուստատեսությամբ կիսաբանդիտական սերիալներ են նայում, հետո էլ գալիս ու փորձում են նույն բարքերը բանակում հաստատել: Գեներալը նշել է, որ նախկինում էլ են այսպիսի դեպքեր գրանցվել, սակայն դրանք բարդվել են ադրբեջանական կողմի վրա, որի հետեւանքն էլ դարձավ ներկայիս արդյունքը: Տեր-Թադեւոսյանը կարեւորել է նորակոչիկների հոգեբանական ադապտացիան: Մինչեւ բանակ ուղարկելը, նաեւ բանակում նրանց պետք է հոգեբանորեն պատրաստել: Նա նաեւ դրական փոփոխություններ է նկատում բանակում, օրինակ՝ զինվորներին բջջային հեռախոսից անվճար օգտվելու հնարավորություն տալը: