Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսկ ո՞ւր է Վազգեն Մանուկյանը…

Նոյեմբեր 24,2010 00:00

ՀՀՇ երիտասարդական կառույցի 26 անդամ վերջերս կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Երեկ ասուլիսում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հաստատեց այդ փաստը՝ հավելելով, որ կուսակցությունից որեւէ մեկը դուրս չի եկել: Ըստ նրա, ՀՀՇ երիտասարդական թեւից հեռանալու դիմում ներկայացրածների մի մասը 35-45 տարեկան է, այսինքն՝ այլեւս չէին կարող համարվել երիտասարդական թեւի ներկայացուցիչ, մի մասը բանակ է գնացել, մի մասն էլ դիմումներն արդեն հետ է վերցրել: Հեռանալու դիմում ներկայացրածներից ոչ ոք քաղաքական պատճառաբանություն չի ներկայացրել: Արամ Մանուկյանի խոսքով, ՀՀՇ երիտասարդական խորհրդում, կանոնադրության համաձայն, կարող են լինել մարդիկ, ովքեր ՀՀՇ անդամ չեն:
«Ով ուզում է՝ կարող է անդամագրվել ՀՀՇ-ին, ով ուզում է՝ կարող է հեռանալ»,- հայտարարեց վարչության նախագահը՝ հավելելով. «Ժամանակին էլ ՀՀՇ-ից հեռացան Վազգեն Մանուկյանը, Ալբերտ Բաղդասարյանը… Հիմա տեսեք՝ ո՞ւր են նրանք»: Լրագրողների հարցին՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը իրավական ո՞ր հիմքի վրա կլինի, Մանուկյանն ասաց. «Գյումրիում նույն հարցը տվեցին, պատմեցի հետեւյալ անեկդոտը. ընկերը ընկերոջն ասում է՝ շունը հարձակվել է զոքանչիդ վրա եւ կարող է հոշոտի, գնա՝ փրկի: Ասում է՝ ոնց հարձակվել է, թող այնպես էլ փրկվի: Հիմա՝ ոնց բռնել են, թող իրենք էլ ազատեն: Ո՞ւմ են օրինական բռնել, որ հիմա էլ ես փորձեմ գտնել այն իրավական միջոցն ու ձեւը, որի հիման վրա պետք է ազատեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել