Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԻ՛ ՓՈՐՁԵՔ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ»

Նոյեմբեր 24,2010 00:00

Ընտրական օրենսդրության համաժողովի երեկվա նիստը վերածվեց բուռն դիմակայության՝ ԱԺ ընդդիմադիրների եւ եվրոպական փորձագետների միջեւ:
Վերջիններս դեմ են ընտրողների գրանցամատյանների հրապարակմանը՝ պատճառաբանելով քվեարկության գաղտնիության սկզբունքը:

ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» միասնական առաջարկն է՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները պետք է հրապարակվեն, պատճենահանվեն եւ փակցվեն ընտրական տեղամասում: Սակայն «Հայաստանի ներկայացրած «Ընտրական օրենսգիրքը» եւ միջազգային հեռանկարը» համաժողովի երեկվա նիստն ապացույց դարձավ՝ միջազգային փորձագետները դեմ են ընդդիմադիրների կողմից «հարցերի հարց» որակված այս առաջարկին: Ի դեպ՝ նախօրեին էլ պարզվել էր, որ միջազգային փորձագետները դեմ են նաեւ ընտրական հանձնաժողովի անդամների հետկանչին:
Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Մարիաննա Սկոպան եւ եվրոպական այլ փորձագետներ երեկվա նիստում հարկադրված էին բազմիցս կրկնել նույն պնդումը, թե Վենետիկի հանձնաժողովը կողմ չէ քվեարկությանը մասնակցածների ցուցակների հրապարակմանը, եւ սա կարող է հանգեցնել ճնշումների ու ահաբեկման. «Սա մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտում է: Ուրիշ միջոցներ կան՝ կանխելու ընտրակեղծիքները»:
ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչներն ի պատասխան՝ տարբեր ձեւակերպումներով հնչեցրին նույն հարցը՝ եթե քվեարկողների ցուցակները չեն հրապարակվում՝ ինչպե՞ս կարելի է հետո ապացուցել, թե մերկապարանոց չեն կեղծիքների մասին պնդումները, կամ՝ մի՞թե անձի իրավունքն ավելի կարեւոր է, քան հասարակության իրավունքը: Նաեւ թվարկեցին երկրներ, որտեղ հասանելի են քվեարկածների մատյանները՝ Հունաստան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ-ի որոշ նահանգներ, որտեղ ընտրողների ցուցակներն անգամ որոշ դեպքերում տեղադրվում են համացանցում: Ամերիկյան փորձագետները սա հաստատեցին: Սակայն եվրոպական փորձագետներն անդրդվելի էին՝ քվեարկության գաղտնիությունը նույնքան կարեւոր է, որքան հասարակության՝ նորմալ ընտրություն անցկացնելու իրավունքը: Ամերիկյան փաստաբանների միավորման ընտրական օրենսդրության խորհրդատվական հանձնաժողովի համանախագահ Ջոն Յանգը նշեց. «Մենք պետք է անձի ինքնությունը պաշտպանենք, եւ որեւէ մեկը չպիտի իմանա կոնկրետ անձին վերաբերող տեղեկություններ: Օրինակ, Վիրջինիայում մենք ընտրողների ցուցակից ջնջում ենք անձնական բոլոր տվյալները՝ ասենք, սոցիալական ապահովության քարտի համարը, որը մեր համազգային ինքնության համարն է: Եթե այդ քարտի համարն ունես՝ ֆինանսական տեղեկությունները կարող ես ստանալ»: «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հետո այս կապակցությամբ նշեց. «ԿԸՀ կայքէջում միակ անձնագրային տվյալը, որ չկա իմ մասին՝ անձնագրիս սերիան է»: Ջոն Յանգը հավելեց. «Ես շատ լուրջ հարց եմ տեսնում այստեղ: Պետք է հավասարակշռել՝ մի կողմից իսկապես կարիք կա իմանալ, թե արդյոք տեղամասում քվեարկողների հաշվարկը ճի՞շտ է, արդյոք կա՞ն ընտրող «ուրվականներ», հեռացածներ, մյուս կողմից՝ պետք է պաշտպանենք մարդու ինքնությունը»:
Ինչ-որ պահից գերակայող դարձան կշտամբանքներն եւ հեգնանքը: «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը նշեց, թե միջազգային փորձագետները եզրակացություն ներկայացնելուց առաջ պետք է ուսումնասիրեն տվյալ երկրում իրավիճակի առանձնահատկությունները եւ Հայաստանին չզգուշացնեն այնպիսի վտանգների մասին, որոնք հնարավոր են «Վիրջինիայում կամ նույնիսկ Աֆրիկայում»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հեգնեց, թե ընտրության գաղտնիությունն ապահովելու համար գուցե «չադրաներո՞վ գնանք քվեարկության»: Իսկ ԿԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանն առաջարկեց. «Գետնուղիներո՛ւմ սարքենք տեղամասերը եւ քվեարկենք»:
Ի պատասխան այս քննադատության՝ «Ընտրական օրենսգրքի» նոր նախագիծը մշակած իրավաբաններից մեկը՝ Հրայր Թովմասյանը, հորդորեց. «Մի՛ փորձեք միջազգային փորձագետներին ինչ- որ բան սովորեցնել: Փորձագետներն այստեղ նրա համար են, որ ասեն իրենց կարծիքը: Երկիրն ինքն է որոշում՝ ինչն է ընդունում, ինչը չի ընդունում: Այդ մարդկանց անհարմար վիճակում, խնդրում եմ, մի դրեք՝ իրենք ձեզնից լավ գիտեն միջազգային պրակտիկան  եւ ասում են այն, ինչ մտածում են: Կարող ենք համաձայն չլինել»: Եվ էլի հորդորեց. «Երկրում առկա բոլոր խնդիրները մի՛ փորձեք լուծել «Ընտրական օրենսգրքով»՝ չի՛ ստացվի: Եթե կարծում եք, որ անկախ դատական իշխանությունը կամ իշխանությունների կամքն «Ընտրական օրենսգրքով» եք ձեւակերպելու՝ ո՛չ, դա այդպես չէ»:
Այս հորդորներից հետո «Ժառանգության» վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը հայտարարեց. «Փորձագետները խորհրդատու են, անվերապահ հեղինակություն չեն եւ շատ հաճախ պատվերներ են կատարում»: Իսկ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց. «Մենք չենք ուզում փորձագետներին սովորեցնել, բայց թող իրենք էլ չասեն այնպիսի բաներ, որոնք դառնան հիմք՝ հետո քաղաքական որոշումներ կայացնելու համար: Որ կդառնան՝ 100% երաշխավորում եմ, քանի որ դա արդեն մի անգամ եղել է»: Նա «մտացածին» անվանեց գաղտնիության մասին պնդումները. «Հայաստանում հանգուցյալներ են քվեարկում՝ եղե՛լ են այդպիսի դեպքեր: Հիմա ինչ՝ այդ հանգուցյալի իրավունքնե՞րն եք պաշտպանում, որ իր անձնական կյանքում միջամտություններ չլինե՞ն»: Ա. Ռուստամյանը նաեւ հետաքրքրվեց՝ մի՞թե «exit poll»-երը կամ անձնագրերում դրոշմակնիքները քվեարկության գաղտնիության խախտում չեն՝ արդյոք դրանց պատճառով կա՞ն հետապնդման դեպքեր: Վերջինիս կապակցությամբ ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը պնդեց. «Մենք ունենք ահազանգեր առ այն, որ քվեարկության չմասնակցած ՀՀ քաղաքացիները խնդրում են, որ իրենց անձնագրերում դրվի դրոշմակնիք, որպեսզի իրենց գործատուների առջեւ հաշվետու լինեն: Իհարկե՝ չի դրվել»: Մասնավորեցրեց, որ մարզային 4 ընտրատարածքներից են ստացել նման ահազանգեր:
ԿԸՀ քարտուղարը ողջ օրը տեւած բանավեճի վերջում միայն վկայակոչեց մի օրինակ, որը վկայում էր՝ Հայաստանում քվեարկողների ստորագրած ցուցակները թեեւ ըստ օրենքի՝ հրապարակման ենթակա չեն, սակայն կարող են տրամադրվել դատարանի պահանջով. «2005 թվականին Կապանում համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ մենք ունեցանք այդպիսի մի դեպք, երբ ստորագրված ընտրացուցակները, դատարանի որոշմամբ, հատկացվեցին կողմերին: Եվ այդ քաղաքում սկսվեց աժիոտաժ, որը կապված էր հաշիվներ պարզելու հետ, թե ինչու այս կամ այն քաղաքացին չի մասնակցել քվեարկությանը»:
Միջազգային փորձագետները դրական արտահայտվեցին ԱԺ ընդդիմադիրների մեկ այլ առաջարկի մասին՝ քվեարկության կազմակերպման եւ հաշվարկի ընթացքի պարտադիր տեսաձայնագրման վերաբերյալ՝ նշելով, թե սա համահունչ է բոլոր որոշումները բաց կարգով կայացնելու պահանջին: Թեեւ Ջոն Յանգն էլի նշեց. «ԱՄՆ-ում ընտրողներին տեսագրելը համարվում է ահաբեկման եւ ճնշման տեսակ: Մենք արգելում ենք ընտրողի տեղամաս մտնել-դուրս գալը տեսագրելը»:
Իսկ ամփոփելով այս բոլոր հարցերի շուրջ քննարկումը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների ավագ խորհրդատու Նիկոլա Շմիտն առաջարկեց. «Բոլորդ միասին պայմանավորվեք մի մոդելի շուրջ, որը ձեզ հարմար է: Ինչ լուծում էլ գտնեք՝ ամեն մեկն ունի իր առավելությունն ու թերությունը»: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտնեց. «Կողմ կլինեի, որ մենք ունենանք կոնսենսուսային մի նախագիծ՝ կոմպրոմիսների շնորհիվ ձեռք բերված: Վստահ չեմ, որ դա միանշանակ հաջողվելու է, քանի որ իշխանական կուսակցությունները եւ ընդդիմությունն ունեն արմատական տարբեր դիրքորոշումներ, օրինակ՝ 100% համամասնական ընտրությունների վերաբերյալ: Ենթադրում եմ, որ ինչ-որ պահի կարող է բաժանվեն ճանապարհները»: Այսուհանդերձ՝ կոչ արեց, որ բոլորն ակտիվորեն մասնակցեն մյուսների նախագծի բարելավմանը: «Շատ շուտով մենք կձեւավորենք աշխատանքային խումբ, որում պետք է ներգրավված լինեն ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները»,- հայտնեց պրն Հարությունյանը՝ խոստանալով, թե այդ խումբը հաշվի կառնի այն բոլոր առաջարկները, որոնք ստացվել են «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել