Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը դիմել է ԱՆ ՔԿՀ պետ Հ. Հարությունյանին: Նա նշել է, որ «լրատվամիջոցներով հայտնվել է, թե ս.թ. նոյեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու նպատակով վերջինիս տեղափոխել են պատժախուց՝ առանց դատապարտյալների համար նախատեսված իրավունքների սահմանափակման: Նշվածի վերաբերյալ Ն. Փաշինյանը եւ իր փաստաբան Վ. Գրիգորյանը հայտարարություն են տարածել այն մասին, որ տեղափոխումը կատարվել է առանց Ն. Փաշինյանի համաձայնության, եւ վերջինս նշված խնդրով ոչ գրավոր, ոչ էլ բանավոր չի դիմել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին»: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակցի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ պետ Լ. Բաղդասարյանը հայտնել է, որ իրենք օպերատիվ տեղեկություն են ունեցել այն մասին, որ «Ն. Փաշինյանին կարող է վտանգ սպառնալ, ինչի վերաբերյալ հայտնվել է Ն. Փաշինյանին, եւ վերջինս բանավոր կերպով խնդրել է իրեն տեղափոխել պատժախուց»:
Պաշտպանը խնդրում է պետից պարզաբանումներ՝ նշված իրարամերժ տեղեկությունների, ինչպես նաեւ Ն. Փաշինյանին ս.թ. նոյեմբերի 14-ին պատժախուց տեղափոխելու իրավական հիմնավորվածության վերաբերյալ: