Ընտրական համակարգերի միջազգային հաստատության ծրագրի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մայքլ Գետոյին ուղղված՝ ընտրական օրենսդրության վերաբերյալ համաժողովին մասնակցելու հրավերը մերժող նամակում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նշել էր. «ՀԱԿ-ը եւ ցանկացած այլ քաղաքական ուժ, մտնելով այս քննարկման մեջ՝ ակամա լեգիտիմացնում է այն տեսակետը, որ արատավոր ընտրական համակարգի պատճառները կապված են «Ընտրական օրենսգրքի» անկատարության հետ, ուստի մասնակից է դառնում վարչախմբի գործած՝ ընտրական կեղծիքների ու բռնության միջոցով իշխանության յուրացման ծանրագույն հանցանքը պարտակելուն»: Սակայն համաժողովին ակտիվորեն մասնակցեցին ոչ միայն «Ազգային միաբանության», «Ազգային համաձայնության», ՀՔԴՄ-ի, ԱԺՄ-ի, ԱԺԿ-ի, ԱԺԴ-ի ներկայացուցիչները, այլ նաեւ խորհրդարանական ընդդիմադիրները: Եվ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ՀԱԿ համակարգողի նամակի վերոհիշյալ պնդման կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Մենք փորձում ենք լեգիտիմացնել այն արատավոր ընտրական ու քաղաքական համակարգը, որը ստեղծվել է 90-ականներին եւ առաջին պտուղները տվել 1995 թվականին: Եվ լինելով այդ ընտրական համակարգի զոհերը՝ որպես քաղաքացիներ եւ քաղաքական ուժ, փորձում ենք պարտադրել, որ առավելագույնս բարելավվի «Ընտրական օրենսգիրքը»: Իհարկե, ընտրությունների կազմակերպման համար առաջին հերթին քաղաքական կամք է պետք՝ սա անվիճարկելի է: Բայց ես քաղաքական բոլոր ուժերին կոռեկտության կոչ կանեի: Թող ամեն մեկն իր գործունեությունը գնահատի, եւ չգնահատի այլ ուժերի, այդ թվում նաեւ՝ ընդդիմադիր գործընկերների գործունեությունը, քանի որ այն գնահատողն իրենք չեն, այլ հասարակությունը: Այնպես որ՝ կոչ կանեի նման ոճից ու բառապաշարից զերծ մնալ սեփական քաղաքական հայտարարություններում»: