Երջանիկ Աբգարյանը համոզված է, որ իշխանությունները վրիժառությունը կտանեն մինչեւ վերջ:
ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը չի հավատում նաեւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու հավանականությանը: Նրա համոզմամբ՝ անգամ Պրեսկոտի կոշտ հայտարարություններն այս հարցում օգնել չեն կարող, քանի որ այս իշխանությունները բնավ էլ ցանկություն չունեն քաղբանտարկյալներին ազատ արձակելու, պարզապես այդ հարցի շուրջ աղմուկն են մեծացնում: «Ամեն ինչ ցույց է տալիս, որ այս մարդիկ այդ հարցը լուծելու ցանկություն չունեն, միայն՝ քեն ու ոխ: Նորմալ մարդը, այն էլ՝ իշխանավորը, աշխատում է լուրջ նայել հարցերին, սրանց առաջնորդող միակ բանը վրիժառությունն է, ու դա իրենք մինչեւ վերջ տանելու են: Ես չեմ կասկածում այն մարդկանց ձգտման վրա, ովքեր ուզում են, որ քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, ինքս էլ եմ ուզում, բայց հարցն այն է, որ իրականության մեջ այս իշխանության համար քինախնդրությունը դարձել է գործելակերպ: Այլ բանի իրենք անընդունակ են»,- ասում է նա: ՀՀԿ-ԲՀԿ-ական վերջին «փոխհրաձգություններից», նրանց ծավալած աշխատանքներից ՀՀՇ վարչության անդամն այն համոզմանն է հանգել, որ առաջիկայում արտահերթ ընտրություններ են նախանշվում, եւ կոալիցիոն «շնաձկներն» արդեն իսկ գործի են անցել: Այդ պայքարի որակական առումների մասին խոսելն անգամ մեր զրուցակիցը ծիծաղելի է համարում:
Իսկ ի հեճուկս իր կուսակից, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի, Երջանիկ Աբգարյանը սխալ է համարում ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովին Սերժ Սարգսյանի չմասնակցությունը. «Փոխանակ գործելու եւ միջազգային հանրության հետ հարաբերություններ հստակեցնելու՝ նա կատարեց Մոսկվայի իր տերերի հրամանը եւ Լիսաբոն չգնաց: Պատճառն ակնհայտ է: Իբր՝ դեմարշ է անում: Ես չեմ հասկանում՝ սրանք ինչպե՞ս են մտածում. ամբողջ աշխարհի դե՞մ են դուրս գալիս: Ռեալ դատողությունը սրանք լրիվ կորցրել են: Մոսկվաներում քարշ գալու փոխարեն՝ ինքը պետք է գնար Լիսաբոն եւ այնտեղ աշխատեր»: Նա մտավախություններ չի տեսնում գագաթաժողովի բանաձեւում առկա ձեւակերպումներում, քանի որ ՆԱՏՕ-ն քանիցս հայտարարել է, որ ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման գործում ինքը դերակատարում չի կարող ստանձնել: Ավելին, նման ձեւակերպումների առկայության պարագայում Աբգարյանը գտնում է, որ Սերժ Սարգսյանը պետք է հատկապես շահագրգիռ լիներ եւ գնար, որպեսզի անհրաժեշտության դեպքում փորձեր կանխել դրանցից եկող հնարավոր սպառնալիքները: Իսկ որ այդ քայլով Ս. Սարգսյանը կանխեց դեկտեմբերի սկզբում Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի կողմից ընդունվելիք հնարավոր բանաձեւը՝ Աբգարյանը լուրջ չի համարում: Որ այդ գագաթաժողովում փաստաթուղթ կընդունվի՝ նա չի կասկածում, բայց եւ չի կարծում, որ այն լուրջ կլինի. «Ռուսաստանի դեմքը փրկելու համար ինչ-որ մի բան, այնուամենայնիվ, կընդունվի, բայց հարցի լուծման դա չի բերի, նույնիսկ չի էլ մոտեցնի»: