Իշխանությունը ընտրություն է կեղծում, հետո օրենսգիրք է «բարեփոխում», նորից է կեղծում եւ բանտարկում կեղծիքի դեմ ըմբոստացողներին:
Երեւանում երեկ ավարտվեց միջազգային կառույցների եւ ՀՀ Ազգային ժողովի ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Ընտրական օրենսգիրքը եւ միջազգային հեռանկարը» թեմայով երկօրյա համաժողովը: Դրան մասնակցում էին ոչ միայն հայաստանյան քաղաքական ուժերի (բացառությամբ Հայ ազգային կոնգրեսի) ներկայացուցիչներ, այլեւ Վենետիկի հանձնախմբի փորձագետներ, ԿԸՀ անդամներ ու լրագրողներ:
Համաժողովին մասնակցելու հրավեր ստացել էր նաեւ ԿԸՀ-ում ընդդիմության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, որը, ինչպես ինքն ասաց «Առավոտի» հետ զրույցում, հրավերն «իգնոր» էր արել. «Չեմ մասնակցել, որովհետեւ գտնում եմ, որ նմանատիպ քննարկումները պետք է իրականում ունենան կառուցողական լուծումները գործնականում իրականացնելու եթե ոչ հնարավորություն, ապա գոնե նման հույս ներշնչեն: Բայց մենք ունենք նման տեսական քննարկումների մեծ փորձ. դրանք, որպես կանոն, ձեւական բնույթ են կրում՝ մեր հանրությանն ու շահագրգիռ կառույցներին ցույց տալու համար, թե, իբր, լուրջ քայլեր են կատարվում ընտրական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Բայց բարեփոխումները պետք է լինեն ոչ թե ինչ-որ փաստաթղթերով, տվյալ դեպքում՝ «Ընտրական օրենսգրքում» ձեւակերպված ու ամրագրված, այլ այնտեղ, որտեղ տեղի են ունենում ընտրակեղծիքները՝ առաջին հերթին մարդկանց գիտակցության մեջ: Ընտրական գործընթացը նորմալ կազմակերպել-անցկացնելու համար քաղաքական կամք է պետք, որին քաղաքական վերնախավն այսօր պատրաստ չէ: Իսկ ինքնախաբեությամբ զբաղվելը ես անիմաստ եւ անլուրջ եմ համարում: Ես դիմացինիս չէի ցանկանա խաբել, ուր մնաց ինքս ինձ խաբեմ»:
Մեր հարցին, թե ինչո՞ւ է կարծում, որ ՀՀ իշխանություններն այս անգամ՝ առաջիկա ընտրությունների ժամանակ, նորմալ ընտրություններ կազմակերպելու ցանկություն ու մտադրություն չունեն, տիկին Թադեւոսյանն արձագանքեց՝ մատնանշելով ոչ միայն եղած նախադեպերն ու փորձառությունը. «Եթե իշխանությունները նորմալ ընտրություններ կազմակերպելու ցանկություն ունենային, ապա առաջինը պետք է ազատ արձակեին այն բոլոր քաղբանտարկյալներին, որոնք այսօր ազատազրկված են միայն այն պատճառով, որ 2008-ին պայքարում էին ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար եւ կատարված ընտրակեղծիքի դեմ: Իշխանությունների կամքի առաջին դրսեւորումը դա պիտի լիներ: Ես ինչի՞ն պիտի հավատամ՝ ձեր կարծիքով. իշխանության գործի՞ն, թե՞ խոսքին: Իսկ գործը՝ նախորդ բոլոր տարիների փորձը, ապացուցում է, որ իշխանությունները պատրաստ չեն, չեն ցանկանում արդար ընտրություններ անցկացնել եւ հակված են բացառապես վերարտադրվելու՝ դրա համար հնարավոր միակ եղանակով՝ կեղծված ընտրությունների միջոցով»:
Այդուամենայնիվ, եթե ՀՀ «Ընտրական օրենսգրքում» որոշակի բարեփոխումներ իրականացվեն, հնարավո՞ր է գոնե նվազագույնի հասցնել կեղծիքների համար պարարտ հող ստեղծող սողանցքները: Օրինակ՝ ՀԱԿ-ն առաջարկում էր ընտրողների մատները թանաքոտելու, տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու եւ նման այլ մեխանիզմների կիրառումը ընտրական պրոցեսի ժամանակ: Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնել, ընտրացուցակները հրապարակային դարձնել՝ փակցնել պատերին եւ այլն: «Ես միշտ ասել եմ ու կասեմ՝ այսօր գործող ընտրական օրենսդրությունը իրականում մեզ արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու կատարյալ հնարավորություն է տալիս: Դրա համար մեզ անհրաժեշտ է ունենալ ճշգրտված, այլ ոչ թե պաշտոնական վիճակագրության օգնությամբ եւ մեռած հոգիների հաշվին ուռճացված ընտրացուցակներ: Դրա համար անհրաժեշտ է նաեւ, որ ընտրական հանձնաժողովները բոլոր մակարդակներում՝ սկսած տեղամասայինից մինչեւ ԿԸՀ, ուղղորդված լինեն դեպի արդար ընտրություններ անցկացնելը: Եթե դա լինի, մեզ ոչ մի բարեփոխում էլ անհրաժեշտ չէ: Այդ «բարեփոխումները» անհրաժեշտ են միայն իշխանություններին՝ կեղծվող ընտրությունների մեղքը «անկատար» օրենսդրությամբ արդարացնելու եւ հատկապես միջազգային հանրության աչքին թոզ փչելու համար: Նույնիսկ այդ մատներ թանաքոտելը, ընտրացուցակներ փակցնելը երկրորդական նշանակություն ունեն, եթե մենք իսկապես ցանկանում ենք արդար ընտրություններ անցկացնել: Գրեք ամենակատարյալ օրենքը. եթե մենք պատրաստ չենք նորմալ ընտրություններ անցկացնելու, եթե մենք ուզում ենք կեղծել՝ կկեղծենք: Ներքեւում ազատ, թափանցիկ ընտրություններ թող լինեն, տպավորություն լինի, որ մարդիկ ազատ գնում, քվեարկում են: Միեւնույն է՝ եթե չկա արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք եւ ցանկություն, վերջում հրապարակվելու է այն թիվը, որը ցանկալի է իշխանությանը»,- պնդեց ԿԸՀ ներկայացուցիչը:
Նրա ասելով, հենց միայն ԸՕ-ն, իբր, բարեփոխելու համար իշխանության՝ հանձնաժողովների ձեւավորման գործող կարգը փոխելն ու բացառապես տեղամասային հանձնաժողովները քաղաքական ուժերից ձեւավորելու առաջարկը արդեն բացահայտորեն վկայում են, որ իշխանությունները մտադիր չեն արդար ընտրություններ կազմակերպել: Զ. Թադեւոսյանը հիշեցրեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ, երբ ընդդիմությունը բողոքարկում էր դրանց արդյունքները, իշխանություններն ասում էին՝ կեղծիքները կատարվել են տեղամասային հանձնաժողովներում, որտեղ ընդդիմությունն անդամներ ու դիտորդներ ունի, ուրեմն կեղծիքի պատասխանատվությունն էլ նաեւ ընդդիմությունն է կրում: Սա այն դեպքում, երբ բոլորին է հայտնի, թե ընդդիմության ներկայացուցիչների համար ընտրական հանձնաժողովներում իշխանությունն աշխատանքային ինչ պայմաններ է ստեղծում՝ ահաբեկումներ, տեղամասից դուրս վռնդել, սադրանքներ եւ այլն: Այսինքն՝ տիկին Թադեւոսյանի մատուցմամբ, իշխանությունն իր նոր առաջարկն ընդունվելու դեպքում հիմա կունենա տեղամասային հանձնաժողովներում ընդդիմության առանձին ներկայացուցիչների հետ միասին ընտրությունները կեղծելու հնարավորություն, որի արդյունքը կվավերացնեն ընտրատարածքային եւ կենտրոնական հանձնաժողովները՝ հնարավոր կեղծիքները բարդելով ընդդիմության վրա: «Սա ավելի լայն հնարավորություն է բացում ընտրակեղծիքների համար, քան գործող համակարգն է: Մնացած առաջարկներն ասել, թե բարեփոխումներ են, չի կարելի: Արված փոփոխություններն ընդամենը կոսմետիկ բնույթ են կրում եւ ընտրական համակարգում էական ոչ մի բարելավում չեն ենթադրում»,- հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչը:
Այն, ինչի մասին ասում է տիկին Թադեւոսյանը, մեր հասարակությանն արդեն քանի տարի քաջ հայտնի փակ շրջանն է: Ասել է թե՝ այդ փակ շրջանից ելք չկա՞: «Ելքը կեղծիքների դաշտը մաքրելն է: Դրա պարտադիր պայմանը իշխանությունների հրաժարականն է: Հակառակ դեպքում մեր երկիրը գնում է դեպի կործանում»,- հայտնի դեղատոմս առաջարկեց ԿԸՀ-ում ընդդիմության ներկայացուցիչը: Բայց փաստն այն է, որ իշխանությունները հրաժարական չեն տալիս եւ երբեք էլ չեն տա: «Եթե չեն տալիս՝ պետք է հասկանալ, որ նրանք չունեն նաեւ նորմալ ընտրություններ անցկացնելու կամք, իսկ այդ դեպքում ոչ մի բարեփոխում էլ մեզ չի փրկի: Եթե ժողովուրդը հարմարվում եւ հաշտվում է այս իրավիճակի հետ, ուրեմն ելքն այն է, որ ժողովուրդը հենց այսպիսի իշխանություն էլ ունենա: Եթե ժողովուրդն ուզում է ապրել նորմալ երկրում եւ դառնալ քաղաքակիրթ երկրների՝ հոսող գետի վտակներից մեկը ու տիղմ չի փնտրում, որ դեմ առնի դրան, ուրեմն պիտի պայքարի իր իրավունքների համար: Հակառակ դեպքում պիտի նստի ու սպասի, թե Աստված մի օր մի դուռ կբացի: Ելքը այն է, որ կամ մենք բոլորս միասին մեր երկրին տեր կանգնենք, կամ մնանք այս տիղմի մեջ»,- պնդեց Զոյա Թադեւոսյանը: