Ըստ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի, անկախության 20 տարիների ընթացքում մշտապես եղել են նաեւ փաստաթղթեր ոչ ի նպաստ Ղարաբաղի, բայց դրանից «ղարաբաղցու վճռականությունը չի կոտրվել»:
Ըստ որոշ վերլուծությունների՝ եթե իրոք Հայաստանը նախաձեռնող արտաքին քաղաքականություն է իրականացնում, ապա պետք էր, որ նախագահը գնար Լիսաբոն եւ հենց այնտեղ ասեր իր խոսքը: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը ամենեւին չի կիսում այս տրամադրությունները եւ իր հակադիր կարծիքը հայտնեց, ասելով, թե այդպես կարող են մտածել կամ միամիտները, կամ քաղաքականությունից հեռու գտնվողները, կամ էլ անձինք, որոնք բացարձակապես անտեղյակ են, թե ինչպես են ձեւավորվում արտաքին քաղաքական խնդիրները. «Միայն այդպիսիք կարող են մտածել, թե որեւէ մեկը կարող է հենց գագաթաժողովի օրերին որեւէ բան փոխել: Ընդհանուր առմամբ, նման համաժողովները դե-յուրե ձեւակերպումներ են տալիս նրան, ինչ արդեն դե-ֆակտո ձեւավորել են եւ մտածել: Իհարկե, այս կարգի ձեւակերպումները նորություն չեն, նման բաներ մի քանի անգամ ձեւակերպվել եւ ընդունվել են, եւ իհարկե՝ մեր իշխանություններին այդ օրակարգը հայտնի է եղել: Հայաստանի իշխանությունները, իհարկե, փորձել են առաջարկել բոլոր հնարավոր ձեւակերպումները, որոնք այլ կերպ կհնչեին: Բայց, ցավոք, ոչինչ չի ստացվել: Իմ կարծիքով, մեր կողմից արդեն աշխատանքներ տարվել էին որոշ ձեւակերպումներ փոփոխելու համար, բայց, ցավոք, համոզվել էինք, որ ձեւակերպումները չեն փոխվելու, եւ այս իրավիճակում որեւէ մեկը միամիտ չէ, որ մտածի, թե հենց գագաթաժողովի ընթացքում կարելի կլիներ առաջարկներ անել, եւ որ դրանք կընդունվեին: Մեր նախագահը դրանում համոզված էր եւ այդ իսկ պատճառով չուզեց գնալ այնտեղ, թեկուզեւ դիվանագիտական ժպտալ, եւ համոզված եմ՝ դա ճիշտ չէր լինի: Մեր նախագահը իր վարքագծով՝ իր մերժումով արտահայտեց իր տեսակետը: Եվ սա եւս մի՞թե նախաձեռնություն չէ: Իսկ ինչո՞ւ ոչ, սա հստակ դիրքորոշման հստակ արտահայտություն է»:
Սամվել Նիկոյանը համամիտ չէ նաեւ այն վերլուծություններին, թե ՆԱՏՕ-ի ընդունած հռչակագրի որոշ դրույթներ վկայում են հայաստանյան դիվանագիտության պարտության մասին. «Եթե այդպես ընդունենք, ուրեմն պետք է մտածենք, թե մենք 20 տարիների ընթացքում անընդհատ պարտվել ենք, որովհետեւ ոչ մի նոր բան չկար այս հռչակագրում, իսկ մի՞թե այլ դեպքերում ուրիշ բան է հնչել: Ընդունեք, որ այդ հռչակագրում նույնությամբ կրկնվեց այն ձեւակերպումը, ինչ եղել է ղարաբաղյան հարցի պատմությունից ի վեր: Ուղղակիորեն մենք ՆԱՏՕ-ի այս վեհաժողովից ակնկալում էինք այն, ինչ նույն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները շարունակ եւ հրապարակային ասում են ԵԱՀԿ շրջանակներում: Համաձայնեք, որ այս դեպքում կիրառվեց երկակի ստանդարտների սկզբունքը: Նույն ԵԱՀԿ անդամ երկրները ղարաբաղյան հարցի հետ կապված սկզբունքորեն այլ կարծիք են հայտնում, երբ հանդես են գալիս որպես ԵԱՀԿ անդամներ, իսկ ՆԱՏՕ-ի կազմում խոսում են այլ շեշտադրմամբ, ինչը, ըստ իս, պարզապես անընդունելի է: Երբեմն այս նույն երկրներն այլոց են մեղադրում երկակի ստանդարտների մեջ, մինչդեռ տեսանք, որ իրենք եւս այդպես են գործում»: Սամվել Նիկոյանի համոզմամբ. «Եթե ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարները ստորագրում են մի փաստաթղթի տակ, որտեղ ԼՂՀ հարցի կարգավորումը տեսնում են երեք հայտնի սկզբունքների շրջանակում՝ ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի կիրառման բացառում, նույնի մասին հայտարարություն են անում նաեւ համանախագահող երկրների նախագահները՝ Դմիտրի Մեդվեդեւը, Նիկոլա Սարկոզին եւ Բարաք Օբաման, եւ ավելին, անգամ խոսում են այն մասին, որ այս երեք սկզբունքներից որեւէ մեկը գերակա չէ, եւ դրանք համահավասար են, եւ եթե կողմերից մեկը դրանք առանձնացնում է, նշանակում է փորձում է տապալել հարցի խաղաղ կարգավորման ընթացքը, ուրեմն ի՞նչ մտածես, երբ նույն այդ երկրների ղեկավարները հակառակն են ասում ՆԱՏՕ-ում: Ի՞նչ ասես նրանց՝ գնաս ծափահարե՞ս, թե՞ պարզապես բոյկոտես եւ դրանով վերաբերմունք ցույց տաս»: