Լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ հունահռոմեական ոճի ըմբիշ, գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը նոյեմբերի 20-ին հատուկ հրավերով մասնակցելու էր Ռուսաստանի Ազով քաղաքում անցկացված Ռոստովի մարզի առաջնությանը, որը նվիրված էր աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Նիկոլայ Յակովենկոյի հիշատակին: Սակայն Հայաստանի ազգային հավաքականի անդամն այդ մրցմանը չի մասնակցել եւ այսօր ժամանում է Հայաստան: Նա շուրջ մեկ ամիս մեր ազգային հավաքականի տղաների հետ Ծաղկաձորում կմասնակցի հրավիրվելիք ընդհանուր ֆիզպատրաստությանը նվիրվող հավաքին: Այս մասին երեկ մեզ ասաց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը եւ ավելացրեց, որ ներկայումս ինքը հավաքականների կենտրոնում մեկ այլ հավաք է անցկացնում, որին հրավիրված ըմբիշները նախապատրաստվում են Ֆրանսիայում կայանալիք միջազգային ավանդական խոշոր մրցաշարի: «Այս անգամ որոշել ենք դրսեւորելու հնարավորություն ընձեռել հիմնականում մեր երիտասարդ կադրերին,- «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց Լեւոն Ջուլֆալակյանը:- Արդեն հայտնի են այն մարզիկների անունները, որոնք մեկնելու են Ֆրանսիա. 60 կգ քաշայիններ Ալեքսան Միքայելյան եւ Արտակ Հարությունյան, 66 կգ՝ Հովհաննես Վարդերեսյան, 74 կգ՝ Վարշամ Բորանյան, 84 կգ՝ Տիգրան Սահակյան եւ 96 կգ՝ Արթուր Ալեքսանյան»: