ՀՖՖ-ի հայտարարած՝ Հայաստանի 2010 թ. «Լավագույն ֆուտբոլիստի» եւ «Լավագույն մարզչի» որոշման համար քվեարկությունը նոյեմբերի 20-ին ավարտվեց:
Եւ եթե լավագույն մարզչի ընտրության համար ցանկն ինքնըստինքյան խիստ սահմանափակ էր, ապա ֆուտբոլիստի պարագայում ՀՖՖ-ն ներկայացրեց 11 հոգուց բաղկացած ցուցակ, որում տեղ էին գտել 3 ակումբների ներկայացուցիչներ՝ Հրայր Մկոյան ու Էդնեյ Դե Օլիվեյրա («Միկա»), Հովհաննես Համբարձումյան, Էդուարդո Դոս Սանթոս եւ Վալտեր Պողոսյան («Բանանց»), Սարգիս Հովսեփյան, Դավիթ Մանոյան, Մարկոս, Էդգար Մանուչարյան, Գեւորգ Ղազարյան եւ Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»): Այս պատկերը, իհարկե, ուրախացնող համարվել չի կարող, քանի որ հերթական անգամ փաստում է մեր առաջնության անկատարությունը: Ստացվում է, որ առաջնության բրոնզե մեդալակիրը իր կազմում չունի գոնե մեկը, ով թեկուզ տեսականորեն արժանի է լավագույնը կոչվելուն, ով իր որակներով ու ցուցադրած խաղով էապես առանձնանում է դաշտում գտնվող մյուս ֆուտբոլիստներից: Ընտրանքում որեւէ կերպ ներկայացված չեն նաեւ մարզային ակումբները: Բնականաբար, կարելի է հիշել Հրայր Մկոյանի՝ «Շիրակ» տանող «արմատների» մասին, բայց ակնհայտ է, որ գյումրեցի այս ֆուտբոլիստը, ի դեմս «Շիրակի», արդեն վաղուց չի ասոցացվում Գյումրիի ֆուտբոլային դպրոցի ու ավանդույթների հետ: Ցավալի է, բայց, անկախ թիմերի մրցաշարային դասավորվածությունից՝ հիշվող ու տպավորիչ խաղով առանձնանում են միայն երկու-երեք թիմերի ներկայացուցիչներ… Պատահական չէ, որ հավաքականի հրավերները նույնպես «աշխարհագրական» ու «մրցաշարային» լայն տարածում չեն ստանում: Մեր ունեցածն էլ դա է:
Թողնենք, սակայն, հին ու արդեն հոգնեցրած երգերը մեր «մեղրի» մասին ու անցնենք ավելի լուսավորին՝ թեմային առնչվող: Լավագույն մարզչի եւ ֆուտբոլիստի անունները կհրապարակվեն միայն տարեվերջին՝ ՀՖՖ կազմակերպելիք տոնական ամփոփիչ երեկոյի ընթացքում, իսկ մինչ այդ՝ «Առավոտն» իր ընթերցողներին է ներկայացնում լավագույնների իր վարկածը. Կառլեն Մկրտչյան, Գեւորգ Ղազարյան, Վալտեր Պողոսյան:
Հայ ֆուտբոլասերների շրջանում ինտերնետային տարբեր ռեսուրսների անցկացրած բազմաթիվ քվեարկությունները նույնպես լավագույնն են ճանաչում հենց Մկրտչյանին: «Փյունիկի» եւ ազգային հավաքականի ֆուտբոլիստը կարգապահ է դաշտում, կայուն ու արդյունավետ ֆուտբոլ է խաղում, թեեւ նրա ուսերին է հենակետային կիսապաշտպանի «սեւ գործը»… Ու թեեւ ռմբարկուների պայքարում լավագույնները Գեւորգ Ղազարյանն ու Մարկոսն են, ովքեր այս ցուցակում Կառլենի մրցակիցներն են, տեղին է հիշել, որ առաջնության կարեւորագույն գոլի հեղինակը հենց Մկրտչյանն է՝ «Բանանցի» հետ չորրորդ շրջանի խաղում: Այս ամենի հանրագումարում հենց Կառլեն Մկրտչյանը «Առավոտի» վարկածում առաջինն է:
Մեր վարկածում երկրորդ տեղը զբաղեցնող Գեւորգ Ղազարյանը նույնպես հիանալի մրցաշրջան անցկացրեց թե թիմի ու թե հավաքականի կազմում: Իր կայուն խաղի շնորհիվ Ղազարյանը Մարկոսի հետ 16-ական գոլով գլխավորեց առաջնության ռմբարկուների ցուցակը, բացի այդ՝ երիտասարդ հարձակվողը դարձավ նաեւ մեր ազգային թիմի 100-րդ գոլի հեղինակը:
Ինչ վերաբերում է Վալտեր Պողոսյանին, ապա շատերը, թերեւս, զարմանքով կարձագանքեն մեր այս ընտրությանը, քանի որ «Բանանցի» 18-ամյա ֆուտբոլիստի պարագայում անակնկալ կարելի էր համարել նաեւ այս ցուցակում ընդգրկվելը: Բացի այդ, ներկայացված նրա թիմակից Էդուարդո Դոս Սանթոսը (կամ՝ Դուբալան, ինչպես վերջինիս կոչում են ֆուտբոլային շրջանակներում) «Բանանցի» ռմբարկուն է (11 գնդակ) ու եթե չլիներ առաջնության միջնամասում ստացած վնասվածքը ու կես մրցաշրջան բաց թողնելը, նա միգուցե գերազանցեր փյունիկցիների արդյունավետությունը: Բայց, այնուամենայնիվ, մեր ընտրությունը կանգ առավ հենց Պողոսյանի թեկնածության վրա՝ նաեւ որպես խրախուսանք ու ավանս: Վալտերը խաղում իրեն վստահված յուրաքանչյուր րոպեն առավելագույն նվիրվածությամբ էր անցկացնում՝ հրաշալի կերպով դուրս գալով փոխարինման ու որոշակի բեկում մտցնելով: Ընդ որում՝ խոսքը վերաբերում է ոչ միայն «Բանանցի» կազմում պատանի ֆուտբոլիստի ելույթներին, այլեւ՝ երիտասարդական հավաքականի: Տեղին է, թերեւս, հիշել նաեւ Պողոսյանի՝ Վրաստանի երիտասարդական թիմի դարպասը խփած գեղեցիկ ու տպավորիչ գոլը:
Ինչ վերաբերում է «Լավագույն մարզիչ» անվանակարգին, «Առավոտի» տարբերակն այս է. Վարդան Մինասյան, Սեւադա Արզումանյան, Ստեւիցա Կուզմանոսկի:
Վարդան Մինասյանի ընտրությանը, թերեւս, բոլորն են համաձայն, քանի որ ընտրություն, որպես այդպիսին, չկար, իսկ Մինասյանի պարագայում նրա օգտին է խոսում միանգամից մի քանի գործոն. հավաքականի հիանալի մեկնարկը ԵՎՐՈ-2012 ընտրական փուլում, «Փյունիկի» երեք տիտղոսները, ընդ որում՝ գրեթե կորցրած չեմպիոնությունը հետ բերելով: Առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալակիրների մարզիչները «Առավոտի» վարկածում տեղերով փոխվեցին: Այս տեղափոխության պատճառը նրանց մարզած թիմերի հնարավորությունների, պոտենցիալի եւ դրա համեմատ ցուցադրած արդյունքի հարաբերակցությունն է: Սեւադա Արզումանյանը կարողացավ այսօրվա «Ուլիսից»՝ եղած կազմով եւ ենթակառուցվածքների բացակայությամբ, կորզել առավելագույնը՝ նվաճելով երրորդ հորիզոնականը, մինչդեռ, Կուզմանոսկին՝ ունենալով բավական հաջող կազմ եւ ակումբի հիանալի ենթակառուցվածքներ, չկարողացավ «Բանանցից» վերացնել «երկրորդ», «ոչ չեմպիոն» թիմի կոմպլեքսը: Արդյունքում՝ գրեթե ողջ մրցաշրջանի ընթացքում առաջատար թիմը եզրագծից երկու տուր առաջ սեփական ձեռքերով «հանձնեց» չեմպիոնությունը՝ այդպիսով պարտվելով «Փյունիկին» բոլոր վճռորոշ խաղերում: Եթե մարզչական ընտրանքի հնարավորությունն ավելի մեծ լիներ, Կուզմանոսկին, գուցեեւ, չէր հայտնվի «Առավոտի» վարկածում, սակայն մեր առաջնության ու այդ ընթացքում տեղի ունեցած մարզչական փոփոխությունների պարագայում այլընտրանքը բացակայում էր: Մնում է հուսալ միայն, որ մրցաշրջան-2011-ից հետո այսքան միանշանակ ընտրության անհրաժեշտություն չենք ունենա: