Երեկվանից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում մեկնարկել է համալսարանի հերթական տարեկան գիտաժողովը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 26-ը: Գիտաժողովը անցկացվում է դեռեւս 1996թ.-ից: Այս տարի հերթական 15-րդն է, ընդ որում՝ գիտաժողովի նյութերի հրատարակումը իրականացվում է 1998-ից: Նպատակն է՝ հնարավորություն ընձեռել պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ասպիրանտներին, մագիստրանտներին, ինչու չէ՝ նաեւ ուսանողներին, գիտական զեկուցման ձեւով ներկայացնելու իրենց կողմից կատարված գիտական մշակումները, նախագծերը, կազմակերպել համապատասխան քննարկումներ եւ լավագույն աշխատանքները ներկայացնել հրատարակման՝ նպաստելով հանրապետությունում եւ հատկապես մեր համալսարանում իրականացվող գիտական գործունեության առաջընթացին: 5 օր անընդմեջ գիտաժողովի 26 սեկցիաներում գիտական տարբեր ուղղություններով կլսվեն 214 զեկուցումներ, որոնցից 16-ը՝ Գյումրիի մասնաճյուղից, 9-ը՝ Վանաձորից, 5-ը՝ Կապանից, 4-ը՝ այլ կազմակերպություններից, իսկ մնացածը՝ ՀՊՃՀ երեւանյան կրթահամալիրից: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են ՀՀ ԳԱԱ 2 ակադեմիկոս, 3 թղթակից անդամ, 45 պրոֆեսոր, 172 դոցենտ, 87 ասիստենտ եւ դասախոս, 52 ասպիրանտ, 50 մագիստրանտ եւ 10 ուսանող: Լավագույն զեկույցները կտպագրվեն «ՀՊՃՀ տարեկան գիտաժողովի նյութերի ժողովածուում»: