Օրերս «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսի խմբագրակազմը 2009-2010-ի ընթացքում իրենց հանդեսում տպագրված լավագույն ստեղծագործությունների հեղինակներին մրցանակներ հանձնեց: Ավանդական մրցանակաբաշխությունը այս անգամ համընկել էր նաեւ հանդեսի հիմնադրման 5-ամյակի հետ: Գրող, արձակագիր Հրաչյա Սարիբեկյանն ու Մերուժան Տեր-Գուլանյանը տարվա լավագույն արձակի համար արժանացան «Նարցիս» մրցանակին: Հայաստանի անկախացումից հետո սա պարոն Գուլանյանի առաջին գրական մրցանակն էր, թեեւ խորհրդային տարիներին բազմաթիվ մրցանակների էր արժանացել: «Իմ սիրելի անկախ Հայաստանի շրջանում իմ առաջին մրցանակը շատ ոգեւորիչ է, թեեւ մրցանակը չէ, որ պետք է գրողին նկարագրի, բայց գրողի համար միշտ էլ շատ հաճելի է գրական մրցանակի արժանանալը»: «Ընկած թուղթը» վեպը նախքան առանձին գրքով տպագրելը, պարոն Գուլանյանը դրա առաջին մասը տպագրել է «Նարցիսում», իսկ հաջորդ մասերը մինչեւ սեպտեմբեր մաս առ մաս կհրապարակվի «Հայացք» շաբաթաթերթում: Վեպի համար նյութ է ծառայել 5-րդ դարը, կենտրոնում՝ Մովսես Խորենացին: Բանաստեղծներ Մանասեն ու Արտաշես Արամն էլ լավագույն բանաստեղծական շարքերի համար արժանացան «Նարցիս» մրցանակների, իսկ արձակի լավագույն թարգմանության համար պատվոգիր ստացավ «02» շաբաթաթերթի խմբագիր Ներսես Աթաբեկյանը: