Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նշաձողը բարձր ենք պահում»

Նոյեմբեր 23,2010 00:00

\"\"Հայտարարում է «Միմ» ստուդիայի գեղարվեստական ղեկավար Արա Հարությունյանը,  ով մտավախություն ունի, թե միմոսների արվեստը Հայաստանում մեռնում է:

Երեկ «Հայելի» ակումբի հյուրն էր «Միմ» ստուդիայի գեղարվեստական ղեկավար Արա Հարությունյանը: Լրագրողների հետ հանդիպման նպատակը՝ նոյեմբերի 23-ին «Միմոմանիա» նոր ներկայացման մասին ազդարարելն էր: Վերջինիս առաջնախաղը կկայանա Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Բանախոսը չցանկացավ երկար-բարակ ծավալվել ներկայացման մասին: Ասաց միայն, որ մուտքը մինչեւ 16 տարեկան անձանց խստիվ արգելված է:
Ա. Հարությունյանը լրագրողներին հայտնեց, թե ներկայացմանը մասնակիորեն աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ընդգծեց, որ երբեւէ պաշտոնական այրերից «Միմ» ստուդիան դրամական աջակցություն չի ստացել եւ սա առաջին դեպքն է: Ավելին, «Միմ» ստուդիան մշտապես խոչընդոտների է հանդիպում:
Լրագրողների հարցին՝ ո՞վ է խանգարել «Միմ» ստուդիայի գործունեությանը, Ա. Հարությունյանը չցանկացավ պատասխանել եւ կոնկրետ անուններ հրապարակել:
«Մենք ոչ մեկից էլ պակաս չենք, թող որ երկրից ուզում է մասնագետ գա, կտեսնի, թե ինչ բարձր մակարդակի վրա է գտնվում մեր խումբը»,- ասաց Ա. Հարությունյանը:
Բանախոսը տեղեկացրեց, որ «Միմ» ստուդիան մասնակցել է բազմաթիվ փառատոների ու համերգների, եղել է շատ-շատ երկրներում եւ ունեցել հաջողություններ, որովհետեւ չի զիջել իր պրոֆեսիոնալիզմով:
Բայց եւ այնպես, «Միմ» ստուդիայի գեղարվեստական ղեկավարը մտավախություն ունի, որ միմոսների արվեստը Հայաստանում, մեղմ ասած, ընդհատակ կանցնի. «Մեր քաղաքում չկա շենք, պայմաններ՝ աշխատելու համար: Առհասարակ, միմոսների արվեստը մեզ մոտ զարգանալու հեռանկար չունի»:
Ա. Հարությունյանը լրագրողներին ասաց նաեւ, որ 2002 թ. իր կողմից ստեղծած «Միմ» ստուդիան այսօր պրոպագանդվելու խնդիր ունի. «Հանդիսականը տեղեկացված չէ մեր ներկայացումների մասին»:
Մեր հարցին՝ ինչո՞ւ չի թարմացվում «Միմ» ստուդիայի խաղացանկը, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Դժվար է անել մի բան, որը չունի նյութական աջակցություն: Իսկ ես չեմ կարող փող մուրալ»:
«Առավոտը» նկատեց, որ համերգների ու զանազան միջոցառումների ժամանակ, ինչպես նաեւ սրճարաններում «Միմ» ստուդիայի՝ քարե արձաններ մարմնավորող դերասանները լավ գումար են վաստակում: «Բոլոր որակով արված բաներն էլ պետք է լավ վճարվեն: Կենդանի արձանները մոդայիկ են  ողջ Եվրոպայում: Մենք իսկապես մասնակցում ենք համերգների, բացօթյա շոուների, կորպորատիվ հավաքույթների, բայց ոչ երբեք էժանագին միջոցառումների: Իր նշաձողը «Միմ» ստուդիան բարձր է պահել»,- եզրափակեց Ա. Հարությունյանը:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել