Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Նոյեմբեր 23,2010 00:00

\"\"Արվեստագետի ընտանիքը SOS է հնչեցնում

Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը Նկարիչների միության ցուցասրահում կկազմակերպվի հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված ականավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանի ծննդյան 70-ամյակին: Ինչպես տեղեկացրեց արվեստագետի դուստրը՝ նկարչուհի Արեւ Պետրոսյանը, հոբելյանական միջոցառումների շրջանակներում հրատարակվել է նաեւ «Բենիկ Պետրոսյան-70» ալբոմը, տեղադրվելու է արվեստագետի հուշաքարը՝ Թումանյան 9 հասցեում:
Նշենք, որ Բ. Պետրոսյանը կյանքից հեռացավ ստեղծագործական ծաղկուն շրջանում՝ 57 տարեկանում, թողնելով եզակի ու ինքնատիպ ստեղծագործական ժառանգություն: Նա հայտնի է որպես մանրաքանդակի վարպետ, սակայն նրա ստեղծագործական համապատկերը շատ ավելի բազմաժանր է՝ մոնումենտալ եւ հաստոցային քանդակ, դրվագում, գեղանկար եւ գրաֆիկա, ձուլածո եւ կոփածո աշխատանքներ, կերամիկա, ձեւավորում եւ այլն:
Քանդակագործը ցուցադրվել է ԽՍՀՄ-ում եւ արտերկրում, նրա ստեղծագործությունները տեղ են գտել աշխարհի շատ թանգարաններում եւ անհատական հավաքածուներում:
Շուրջ 10 տարի ծառացած է Բենիկ Պետրոսյանի՝ ազգային արժեք ներկայացնող ստեղծագործական ժառանգության պահպանման, պատշաճ ցուցադրման եւ սերունդներին փոխանցելու խնդիրը: Անընդհատ հնչել են խոստումներ ամենավերին ատյաններից, նույնիսկ կա քաղաքապետի 06.08.2001թ. N 862 որոշումը, համաձայն որի՝ Կասկադի 4-րդ հարթակը (650 քմ) 2002թ. տրամադրվել է «Բենիկ Պետրոսյան» մշակութային կենտրոնին: Ըստ Ա. Պետրոսյանի, «Գաֆեսճեան» թանգարանը պարտավորություն էր վերցրել պահպանելու եւ ցուցադրելու քանդակագործի արվեստը, ինչը հատուկ կետով ամրագրված էր պայմանագրում: Սակայն, ըստ նկարչուհու, «Գաֆեսճեան» հիմնադրամը Կասկադում ունենալով այլ ծրագրեր, պահանջել էր դուրս բերել հավաքածուն՝ չնչին փոխհատուցմամբ:
Ավելի ուշ Պետրոսյան ընտանիքը Ալավերդյան փողոցում ձեռք էր բերել նորոգման կարիք ունեցող շինություն, որը վերջապես պետք է դառնար թանգարան, սակայն այն էլ հայտնվել է իրացվող գոտու տարածքում, եւ արդեն քանի տարի է՝ Բենիկ Պետրոսյանի ստեղծագործական ժառանգությունը գտնվում է անմխիթար պայմաններում՝ խոնավության մեջ, որտեղ բացակայում են անվտանգության, ջեռուցման, օդափոխության համակարգերը: Ստեղծագործությունների պահպանումը վտանգված է:
Արվեստագետի ընտանիքը նամակով դիմել է իշխանություններին ու խնդրել վերջնական լուծում տալ Բենիկ Պետրոսյանի թանգարանի ստեղծման խնդրին: Նամակի տակ ստորագրել է նրա ընտանիքը՝ Ալիս Ադամյանը, Վահագն Հայրապետյանը, Արեւիկ Պետրոսյանը, Արեգ Պետրոսյանը, մի շարք արվեստագետներ ու մտավորականներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել