Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 23,2010 00:00

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՊՈՒՏԻՆԻՑ ԱՌԱՋ ԸՆԿԱՎ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իշխող տանդեմից առաջինն է որոշել անմիջականորեն շփվել ՌԴ քաղաքացիների հետ: Նա որոշել է Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքացիների համար ընդունելություն կազմակերպել Մոսկվայի իր ընդունարանում նստած՝ տեսակապի օգնությամբ: BBC-ի մատուցմամբ, դեկտեմբերին նմանատիպ «ընդունելություն» կազմակերպել էր նաեւ վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Առաջին անգամ Մեդվեդեւի մոտ «ընդունելության» ժամանակ, տեսակապի միջոցով նրան անձամբ հարցեր կարող են տալ երկրի բոլոր տարածաշրջանների քաղաքացիները: Այս նոր տիպի ընդունելությունը սկսել է երկուշաբթի օրվանից: Ընդունելությունը Մեդվեդեւը կատարելու է Մոսկվայում, Իլյինկա փողոցի իր ընդունարանից: Այդ նպատակով Մեդվեդեւի հանձնարարությամբ, ՌԴ 83 տարածաշրջաններում միաժամանակ, այսպես կոչված, «ընդունարաններ» են բացվել: Դա կլինի քաղաքացիների ավանդական ընդունելություն՝ անձամբ նախագահի կողմից:
Հեռակա ընդունելության եւ ՌԴ քաղաքացիների հետ անմիջական շփման ձեւաչափը Մեդվեդեւի համար նորություն չէ: Ավելի վաղ նա արդեն երկու անգամ Մոսկվայում եւ մեկ անգամ Բլագովեշչենսկում արբանյակային կապի միջոցով շփվել է քաղաքացիների հետ:
Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Մեդվեդեւը տարեկան ուղերձով կդիմի Դաշնային ժողովին: ՌԴ առաջնորդից հետո «խոսք կվերցնի» նաեւ Վլադիմիր Պուտինը. դեկտեմբերին նախատեսված է ուղիղ հեռուստաեթերի միջոցով նրա ամենամյա ուղերձն՝ ուղղված ՌԴ բնակչությանը:
Մեդվեդեւը, որն իրեն դրսեւորում է որպես մոդեռնիզացիայի կողմնակից, առաջին անգամ տեսահամաժողովի ձեւաչափը փորձարկել է դեռ անցյալ տարվա ապրիլի 9-ին, Իլյինկայի իր ընդունարանի բացման օրը՝ խոստանալով «զինվել» ռուսաստանցիների հետ անմիջական շփման այդ տարբերակով:
«Կարծում եմ, սկզբունքորեն կարեւոր է, որ յուրաքանչյուր ղեկավար՝ ներառյալ նախագահը, հնարավորություն ունենա անմիջականորեն վերահսկել իր հանձնարարությունների կատարման ընթացքը: Դա ոչ միայն նրա իրավունքը, այլեւ պարտականությունն է»,- հայտարարել էր Մեդվեդեւը:
Կրեմլի աշխատակազմի տվյալներով, ամեն օր երկրի նախագահի անունով ստացվում է 2,5-3 հազար նամակ, հեռագիր եւ ինտերնետ-հաղորդագրություն:

Սարկոզի-գյուլ լեզվակռվում հաղթել է Գյուլը
Լիսաբոնում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Թուրքիայի եւ Ֆրանսիայի նախագահների երկխոսությունն անցել է կոշտ տոնայնությամբ: Այդ մասին հաղորդում է 1news.az-ը՝ վկայակոչելով թուրքական մամուլը: Աղբյուրի մատուցմամբ, Սարկոզին պնդել է, որ Իրանը հռչակվի որպես միջուկային հարձակման պոտենցիալ գլխավոր աղբյուր, բայց ՆԱՏՕ-ն, ի վերջո, ընդունել է մի ձեւակերպում, որը պնդել է թուրքական ղեկավարությունը, եւ Իրանի անունը չի հիշատակվել:
Այդպիսով, թուրքերը ծառայություն են մատուցել իրենց արեւելյան հարեւանին եւ կարողացել են իրավիճակից դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքին իրենց ֆորմալ հավատարմությունն ու միաժամանակ Անկարայի կողմից «հարեւանների հետ զրո խնդիր ունենալու» վերջին տասնամյակի սկզբունքը պահպանելով:
«Նույնիսկ մտքներովդ էլ չանցնի հիշատակել որեւէ երկրի մասին: Հրթիռային վահանն ուղղված չէ որեւէ կոնկրետ երկրի դեմ»,- մտքերի փոխանակման ժամանակ իր ֆրանսիացի գործընկերոջն ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Թուրքական մամուլը շեշտում է, որ ՆԱՏՕ-ի անդամների մեծ մասը, այդ թվում՝ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան, համաձայնել են Թուրքիայի՝ Իրանի անունը չշեշտելու պահանջին: Ֆրանսիան, որը սկզբում համառորեն պնդել է Իրանը հիշատակել որպես պոտենցիալ վտանգ ներկայացնող երկիր, տեղի է տվել մեծամասնության դիրքորոշմանը: «Մենք չենք ուզում մեր տարածաշրջանում երկրորդ Իրաք ունենալ»,- գագաթաժողովի ավարտին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գյուլը:

Մեքսիկայում կանխվել է ՄԱԿ-ի գագաթաժողովի
վրա ծրագրված հարձակումը

Մեքսիկայի հատուկ նշանակության ստորաբաժանումները ձերբակալել են զինված անձանց մի խմբի, որը ծրագրել էր երկրի Կանկուն քաղաքում, ՄԱԿ-ի «բնապահպանական» գագաթաժողովի ժամանակ հարձակումներ իրականացնել գագաթաժողովի մասնակից պետությունների ղեկավարների դեմ: Ինչպես հաղորդում է 1news.az- ը, հանցագործները լավ զինված են եղել եւ տիրապետել են գագաթաժողովի անցկացման վայր հանդիսացող «Moon Palace» հյուրանոցի քարտեզին ու շենքի հատակագծին, ամերիկյան եւ ոստիկանական ստորաբաժանումների տեղակայման սխեմաներին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29- ից մինչեւ դեկտեմբերի 9- ը Կանկունում ՄԱԿ-ի հովանու ներքո գլոբալ տաքացման հիմնախնդիրներին նվիրված գագաթաժողով է տեղի ունենալու, որին մասնակցելու են մոտ 200 երկրների բնապահպանության նախարարներ եւ համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ:

ԻՍՐԱՅԵԼԸ ՍԿՍԵՑ ԵԳԻՊՏՈՍԻ ՍԱՀՄԱՆԻՆ
ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇ ԿԱՌՈՒՑԵԼ
Երկուշաբթի օրը Իսրայելը սկսել է Եգիպտոսի հետ սահմանի երկայնքով արգելապատնեշի շինարարությունը: BBC-ի փոխանցմամբ, այդպիսով Իսրայելի իշխանությունները ակնկալում են նվազեցնել Եգիպտոսի տարածքից Իսրայելի սահմանը հատող ապօրինի ներգաղթյալների թիվը: 250 կիլոմետրանոց արգելապատնեշը հագեցված կլինի հնարավոր բոլոր էլեկտրոնային սարքավորումներով՝ սենսերներով եւ ազդանշանային համակարգով: Նախնական հաշվարկներով, պատի կառուցումը Իսրայելի համար ավելի քան 350 մլն դոլար կարժենա եւ կտեւի մոտ երկու տարի: Ինչպես հաղորդում են իսրայելական աղբյուրները, հատկապես ամուր կառույցներ կլինեն իսրայելական Էյլատ մերձափնյա քաղաքի եւ Եգիպտոսի ու Գազայի հատվածի միջեւ կառուցվող սահմանային արգելապատնեշները:

ԱՆՀԱՋՈՂ ԿԱՏԱԿԸ ԴԱՐՁԵԼ Է
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՏՃԱՌ

Ճապոնիայի արդարադատության նախարար Մինորու Յանագիդան (նկարում) ստիպված է եղել հրաժարական տալ իր թեթեւ աշխատանքի շուրջ արած անհաջող կատակի պատճառով: BBC-ի փոխանցմամբ, նախարարը Հիրոսիմայում իր ընտրողների առջեւ ելույթ ունենալիս հայտարարել էր, թե խորհրդարանում ելույթ ունենալու համար իրեն պետք է հիշել ընդամենը երկու նախադասություն՝ «ես չեմ կարող առանձին դեպքերը մեկնաբանել» եւ «ես գործում եմ օրենքին եւ օրենսդրությանը համապատասխան»:
Այդ հայտարարությունից վրդովված ընդդիմադիր պահպանողական պատգամավորները հայտարարել էին, թե նման արտահայտությունների համար նախարարը պետք է պաշտոնանկ արվի: Ընդդիմությունը նախարարի հայտարարությունը որակել էր որպես վիրավորանք խորհրդարանի նկատմամբ, եւ նրա դեմ բանաձեւի ընդունում էր նախաձեռնել: Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը նախարարին խիստ նկատողություն էր հայտարարել: Արդեն երկուշաբթի առավոտյան Տոկիոյում տված ասուլիսի ժամանակ նախարար Յանագիդան հայտարարել է իր հրաժարականի մասին:

ԻՌԼԱՆԴԻԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱ

Եվրոպական ֆինանսական շուկաները դրականորեն են արձագանքել բանկային եւ բյուջետային ճգնաժամը հաղթահարելու նպատակով Դուբլինին շտաբ կարգով ֆինանսական օգնություն տրամադրելու մասին տեղեկությանը: BBC-ի փոխանցմամբ, արդյունքում՝ եվրոյի կուրսը բարձրացել է, նվազել է իռլանդական կառավարական պարտքի տոկոսադրույքը, բարձրացել է նաեւ եվրոպական ակցիաների գինը:
Իռլանդիային հատկացվող վարկը կկազմի 100 մլրդ դոլար եւ կփոխանցվի մի քանի տարիների ընթացքում: Ավելի վաղ Եվրամիության ֆինանսական հարցերի հանձնակատար Օլլի Ռենը հայտարարել էր, թե այդ օգնությունը կապահովի եվրագոտու ֆինանսական կայունությունը: Նախնական տվյալներով, վարկի հիմնական մասը կհատկացվի Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի կողմից, մյուս մասը՝ եվրոյի գոտու մեջ չմտնող երկրները՝ Բրիտանիան եւ Շվեդիան, հնարավոր է նաեւ՝ այլ համաշխարհային տերություններ:
Օգնություն տրամադրելու խնդրանքը Իռլանդիայի կառավարությունը փոխանցել է Եվրամիության երկրների ֆինանսների նախարարների եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարության մասնակցությամբ ֆինանսական «յոթնյակի» հետ ունեցած տեսահամաժողովի ժամանակ:
Եվրոպական կենտրոնական բանկի ներկայացուցիչները Իռլանդիայի կողմից ֆինանսական արագ օգնության՝ վարկ տրամադրելու դիմումը գնահատել են որպես արդարացված քայլ:
Հիշեցնենք, որ դեռ մեկ շաբաթ առաջ Իռլանդիայի կառավարությունը պնդում էր, թե օգնության կարիք չունի: Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ Իռլանդիայի տնտեսական հնարավոր ճգնաժամը կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ եւ հանգեցնել եվրոպական այլ երկրների տնտեսական փլուզման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել