Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԱՌԱՋԱՐԿԵՑԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ

Նոյեմբեր 23,2010 00:00

Հայաստանի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 50 ուսանող նոյեմբերի 18-20-ը Ծաղկաձորում մասնակցեց Բրիտանական խորհրդի կազմակերպած «Beeline» ձեռնարկատիրական ազգային ճամբարին: Երկու օրվա ընթացքում պատանիները դասընթացներ ունեցան, որոնց ավարտից հետո խմբակային աշխատանքի միջոցով լուծեցին բիզնես-առաջադրանքը: «Առավոտի» հետ զրույցում Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանն ասաց, որ Հայաստանում արդեն երրորդ անգամ է, ինչ կազմակերպվում է ձեռնարկատիրական ճամբար: Այն, Ն. Թովմասյանի խոսքերով, անցկացվում է Բրիտանական խորհրդի «Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակում, որին աջակցում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ու «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը: Ն. Թովմասյանը նշեց նաեւ, որ «Հմտություններն աշխատանքում» ծրագիրը մեկնարկեց բիզնես-առաջադրանք շարադրության մրցույթով. «Հայաստանի տասը մարզերում գործող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները շարադրություններ գրեցին՝ «Ինչպե՞ս հասնել հաջողության ինտերնետի օգնությամբ» թեմայով: Մրցույթին ներկայացված ավելի քան 250 բիզնես-շարադրություններից ընտրվեցին 50 տպավորիչ հաջողության բանաձեւ առաջարկող ուսանողները, որոնք էլ հրավիրվեցին մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին»: «Հմտություններն աշխատանքում» ծրագիրն իրականացվում է նաեւ Միացյալ Թագավորությունում եւ Հարավարեւելյան Եվրոպայի (ներառյալ Հայաստանը) 10 երկրում: Մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդներին, մղել նորամուծությունների եւ գործատուների անմիջական ներգրավմամբ զարգացնել նրանց ձեռնարկատիրական հմտությունները՝ նպաստելով կրթական ոլորտ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել