Ըստ մասնագետների՝ միջին մասնագիտական կրթություն ստացածները աշխատաշուկայում խնդիրներ ունեն
«Հասարակության մեջ ընդունված մի ձեւ կա՝ մեծ ջանքերով 5-6 տարի բարձրագույն կրթություն են ստանում, հետո տեսնում են՝ իրենց մասնագիտությամբ գործ չեն կարողանում գտնել, վարսավիրություն կամ ոսկերչություն են սովորում: Ժողովուրդը դեռ չի հասկանում, որ հնարավոր է՝ մագիստրատուրայի դիպլոմն իրեն չկերակրի»,- երեկ «Հայելի» ակումբում այս տեսակետը հայտնեց մասնագիտական կրթության եւ ուսուցման ազգային փորձագետ Մարինե Հակոբյանը:
Միջին մասնագիտական կրթության ոլորտում փոփոխություններ են տեղի ունենում, տարեցտարի ուսանողների թիվն ավելանում է: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԿԳՆ նախնական եւ միջին կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը: Նրա խոսքով, 90-ականներից այս կողմ միջին մասնագիտական կրթությունը պետական հոգածությունից դուրս է եղել: «Այսօր ՀՀ-ում գործում է 83 պետական միջին մասնագիտական հաստատություն եւ 29 արհեստագործական ուսումնարան: Ուսումնարաններում եւ քոլեջներում սովորում է 37 000 ուսանող: Ոլորտում 2004-05 թթ.-ից իրականացվում են բարեփոխումներ: Ամենաֆունդամենտալ բարեփոխումը նախնական եւ միջին մասնագիտական կրթության օրենքի ընդունումն էր Ազգային ժողովի կողմից: Վերջինիս հիման վրա վերջին տարիների ընթացքում մշակվել եւ հաստատվել են ոլորտը կարգավորող իրավական ակտեր: 2007-ից լուրջ աշխատանքներ են իրականացվում ոլորտում՝ ԵՄ Եվրահանձնաժողովի եւ ՀՀ կառավարության միջեւ ստորագրած համաձայնագրի շրջանականերում, որոնք ուղղված են ոլորտային քաղաքականության աջակցությանը: Այս ծրագրի շրջանակներում մրցութային կարգով ընտրվել է 12 քոլեջ, ֆինանսական ներդրումներ են արվել դրանցում: 2008- 09 թվականների ընթացքում 810 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ են կատարվել քոլեջներում: Իսկ այս տարի նախատեսվում է 1 մլրդ 600 մլն դրամի շինարարական աշխատանքների շարունակություն: Մոտ 2 մլդ դրամի սարքավորումներ եւ լաբորատորիաներ են հատկացվել 12 քոլեջների»,- մանրամասնեց Ռ. Աբրահամյանը, հավելելով, որ չնայած այսքան բարեփոխումներին, միեւնույն է, նույն պատկերը չենք ունենա, ինչ Խորհրդային միության տարիներին: «Այդ տարիներին ունեինք կայացած միջին մասնագիտական կրթություն, որն այն ժամանակ Հայաստանի աշխատաշուկային եւ տնտեսությանը մատակարարել է որակյալ կադրեր»,- նշեց Ռ. Աբրահամյանը:
Այն մասին, թե միջին մասնագիտական կրթության ո՞ր ճյուղերի պահանջ կա ոլորտում, վարչության պետն ասաց. «Դրանցից մեկը տուրիզմն է: Քոլեջներում ներդրված են այնպիսի մասնագիտություններ, որ տեղի շրջանավարտները կարողանան ուղիղ մուտք ունենալ աշխատաշուկա»:
Փորձագետ Մ. Հակոբյանի համոզմամբ, ամենամեծ խնդիրը համագործակցային դաշտի պակասն է. «Միջին մասնագիտական կրթության համակարգն այն ոլորտն է, որտեղ էական նշանակություն ունի սոցիալական գործընկերությունը: Իրավական դաշտում ամենահիմնարար շեշտադրումները այս ոլորտում են, որ սոցգործընկերությունը պետք է գերիշխող լինի: Սա նշանակում է՝ գործատուն է անմիջական պատվիրատուն, չափորոշիչ մշակող եւ առաջարկող օղակը եւ կրթության որակի գնահատողը: Մեզ մոտ ամենալուրջ տեխնիկական խնդիրն այն է, որ ուսումնական հաստատություններն այնքան էլ պատրաստ չեն տեսական իրականացվող կրթությունից գործնական դասապրոցեսի անցմանը, որովհետեւ լսարանները հագեցած չեն նյութերով, չկան շենքային պայմաններ, լաբորատոր բազա, ինչպես նաեւ պայմանագիր՝ այն կազմակերպության հետ, որտեղ շրջանավարտը կարող է լինել ապագա աշխատող»: