Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՀՈԲԵԼՅԱՆ» ԵՎ «ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄՆՋԱԽԱՂ»

Նոյեմբեր 23,2010 00:00

Կամ՝ ինչպես է ավագ դպրոցների աշակերտների մեծամասնությունը պատկերացրել իր ներկայությունը սերիալի հերոսուհու ծնունդին:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) 91 ավագ դպրոցներում հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա առարկաներից վերջերս արտաքին գնահատումներ է իրականացրել: ԳԹԿ քննական առաջադրանքների եւ մեթոդական օժանդակության բաժնի գլխավոր մասնագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Միրցա Հալաջյանը «Առավոտի» խնդրանքով անդրադարձավ լեզվական «կուրյոզներին» եւ ցավով ասաց. «Ամեն ինչ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ»: Նրա դիտարկումները վերաբերում էին մասնավորապես արտաքին ընթացիկ գնահատման գրավոր աշխատանքների ընդարձակ պատասխաններին: Ըստ տիկին Հալաջյանի՝ աշակերտներին հանձնարարվել է կազմել խոսք՝ օգտագործելով տրված բառերը, ընդ որում՝ նույն առաջադրանքը կա նաեւ վերջին տարիների ավարտական քննությունների թեստերում: Երեխաներին տրվել է 10 բառ շարադրություն գրելու համար, պարտադիր է եղել առնվազն 6-ի օգտագործումը: Այդկերպ պետք է ստուգվեր երեխայի՝ կապակցված խոսք կազմելու հմտությունը: Եթե նախորդ տարիներին ծնողները եւ ուսուցիչները դժգոհել էին կայմ եւ ճողփյուն բառերից, որոնք վերցված են եղել դպրոցական դասագրքերի նյութերից (Է. Հեմինգուեյ՝ «Ծերունին եւ ծովը», Հր. Մաթեւոսյան՝ «Կանաչ դաշտը»), ապա այս տարի նման դժգոհություններ չեն ստացվել:
Մ. Հալաջյանի ձեւակերպմամբ, «երեխաներն օգտագործել են բոլոր բառերը, բայց լավ կլիներ՝ չօգտագործեին»: Ստացվել են խայտառակ արդյունքներ՝ մեծամասնությունն ի վիճակի չէ կապակցված խոսք կազմելու: «Նախ մենք ի՞նչ ենք մատուցում երեխային եւ ի՞նչ ենք պահանջում: Մենք ասելով՝ նկատի ունեմ սկսած հեռուստատեսությունից, վերջացրած մատաղ սերնդի կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվող բոլոր օղակներով»,- փաստում է զրուցակիցս: Նա նաեւ հավելում է, որ երկար տարիներ քննությունները շտեմարանային եղանակով էին անցկացվում, ու քերականությունն ու գրականությունը անտեսված էին. «Այս թեստային համակարգը մեծ առավելություն ունեցավ այդ առումով»: Որպեսզի գրականության առաջադրանքներին կարողանա պատասխանել, երեխան ստիպված է կարդալ գրականություն, ինչը լեզվամտածողության մշակման, գեղեցիկ խոսքի ունակությունները զարգացնելու գրավական է:
Դառնալով երեխաների գրած շարադրություններին՝ Մ. Հալաջյանը նշեց, որ շատ են եղել «զրո» ստացողները, մեծամասնությունը գրել է շարադրություն, որը չի տեղավորվել կապակցված խոսքի չափանիշների մեջ, տեքստերը չեն ունեցել նորմալ սկիզբ, միջին մաս, ավարտ-եզրափակում, նախադասությունների միջեւ տրամաբանական կապը խախտված է եղել, ստորոգյալների եղանակաժամանակային ձեւերի անհամաձայնության դեպքեր են առկա եղել: Երեխաներին տրված են եղել երկու խումբ բառեր, մի բառախմբով նրանք պետք է հոբելյանի մասին շարադրություն գրեին, մյուսով՝ մնջախաղի: «Հոբելյան բառը աշակերտների մեծամասնության շարադրություններում վերածվել է ծնունդի, բայց գոնե այդ ծնունդը նորմալ նկարագրվեր, չգրվեր՝ հոբելյանի ծնունդն է, երբեմն «հոբեբելյառ» էին գրել: Մնջախաղն էլ շարադրություններում վերածվել էր սպորտային մրցության՝ մնջախաղի ժամանակ հաղթեց այսինչը, ուղեգիր ստացավ այնինչը եւ մեկնեց Եվրոպա: Իրար հետ մրցում էին նաեւ աշխարհահռչակ դերասանները: Շարադրությունների մեծ մասում հոբելյանը վերածվել էր «Աննա» հեռուստասերիալի հերոսուհու՝ Աննայի ծնունդի, 80%-ը Աննայի ծնունդին էր գնացել: Կամ աշխարհահռչակ բառը օգտագործել էին ոչ թե մարդու, այլ դահլիճի համար, տաղանդավորը՝ հոբելյանի: Գրել էին՝ գնացինք տաղանդավոր հոբելյանի ծնունդին, դա շատ տաղանդավոր օր էր… Տարածված էին համաձայնության սխալները՝ ժողովուրդը հավաքվել էին, ողջ դահլիճը ցնցված էին: Շարադրությունների զգալի մասը կամ ավարտ չուներ, կամ ավարտվում էր միօրինակ կաղապարային նախադասություններով՝ վերջում ուրախ գնացինք տուն: Ուրիշ սխալներ՝ դերասանները գնալու էին հյուրախաղերի եւ ահա բացվեցին թատրոնի վարագույրները: Մի տեղ ապառնի, մի տեղ անցյալ կատարյալ: Ենթակայի մասին նախորդ նախադասության մեջ խոսք չկա, մեկ էլ հաջորդ նախադասության մեջ «նրանք» դերանունն է գործածվում: Զարմանում ես՝ ինչպե՞ս են այդ երեխաները տարիներ շարունակ շարադրություններ ու փոխադրություններ գրել, ինչպե՞ս են դրանք վերլուծվել դասարանում, թե՞ ուղղակի տետրերը բաժանվել է եւ ասվել է՝ դու սա ես ստացել, դու՝ նա: Ինձ մի ուրիշ բան էլ զայրացրեց. շարադրություններից մեկում ասվում էր՝ համերգի ընթացքում Արամ Խաչատրյանը ներկայացնում էր Հայաստանը: Ըստ որոշ շարադրությունների, Մայքլ Ջեքսոնն էլ է ողջ, Կոմիտասն էլ… վախենում եմ մտածել, որ տեղյակ չեն»,- պատում է Մ. Հալաջյանը: Նախորդ գնահատումներից մեկի ժամանակ, նրա տպավորությամբ վատ չի եղել Գորիսի եւ Օձունի դպրոցականների վիճակը: «Ամեն դեպքում սա վերջնական, լուրջ վերլուծություն չէ եւ ոչ էլ մանրամասն ուսումնասիրություն… Բայց ցավալի է, որ շարադրություններից շատ են զրոները, այնպես չէ, որ ոչինչ չեն գրել, դրա համար է՝ զրո, գրել են ու զրո ստացել»,- եզրափակում է ԳԹԿ գլխավոր մասնագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել