Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ո՞ւր էին մեր սահմանապահները

Նոյեմբեր 23,2010 00:00

Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 30-ամյա բնակիչ Արթուր Բադալյանի հարազատները Կարմիր խաչի միջազգային ընկերությունից մոտ 10 օր առաջ տեղեկացել են, որ Արթուրը գտնվում է ադրբեջանական գերության մեջ: Մինչ այդ, շուրջ մեկուկես տարի, հարազատները չգիտեին, թե արդյոք ո՞ղջ է տղան: Անցյալ տարվա մայիսի 9-ին Արթուրն իր 4 ընկերների հետ Հաղարծնից մեկնել էր Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի մոտակա անտառ՝ ծառի սունկ հավաքելու եւ… անհետացել էր: Համագյուղացիները՝ Հաղարծնի գյուղապետ Սարգիս Պողոսյանի գլխավորությամբ, տեղանքում որոնումներ էին կատարել, սակայն՝ ապարդյուն: Արթուրը որոշակի գործ, զբաղմունք չուներ: Հաղարծնեցիների համար սովորական է Նավուրի անտառում ծառի սունկ հավաքելը, Նավուրում ծառի սունկ շատ կա: Արթուրն ամուսնացած է, ունի մեկուկես տարեկան մեկ որդի:
Հաղարծնում հանդիպեցինք Արթուրի մոր՝ տիկին Սուսաննայի եւ եղբոր՝ 32-ամյա Աշոտի հետ: Սուսաննա Բադալյանն ասաց, որ ինքը դեռեւս չի ստացել Կարմիր խաչի միջոցով Արթուրի ուղարկած նամակը: Սակայն հեռախոսով մորը փոխանցել են նամակի բովանդակությունը, Արթուրը բարեւներ է հաղորդել հարազատներին: Վերջիններս հույս ունեն, որ այս պատմությունը բարեհաջող ավարտ կունենա, եւ Արթուրը կվերադառնա ընտանիք:
Սակայն այստեղ ուրիշ հարց է ծագում. Նավուրի անտառը հայ-ադրբեջանական սահմանից հեռու է մոտ 15 կմ, ինչպե՞ս են ադրբեջանցիները 15 կմ խորացել հայկական տարածք եւ գերեվարել Արթուր Բադալյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել