«Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է, որ ԱՄՆ հայաշատ Կալիֆոռնիա նահանգում հարյուրավոր հայերի գործազրկություն է սպառնում: Նոյեմբերի սկզբին Սանտա Մոնիկա քաղաքի իշխանությունը որոշել է սահմանափակել տեղի տաքսի ծառայությունների թիվը: Արդյունքում ընդամենը հինգ ընկերություն է տաքսի ծառայության արտոնագիր ստացել, 13 ընկերության հայտ մերժվել է։ Մերժվածների մեջ են տեղի հայերի հիմնադրած բոլոր 5 ընկերությունները։ Որոշումը ուժի մեջ է մտնելու 2011 թվականի հունվարի 1-ից:
Հայազգի վարորդներն արդեն մի քանի անգամ բողոքի ցույցեր են կազմակերպել եւ պահանջել վերանայել որոշումը, որի արդյունքում շատերը կարող են կորցնել ապրուստ հոգալու միակ միջոցը։ Բողոքի ցույցերին միացել են նաեւ ամերիկահայ կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչների խոսքով՝ ընկերությունների արտոնագրման գործընթացը թափանցիկ չի եղել, եւ կասկածներ կան, որ հայկական ընկերությունները մերժվել են խտրական վերաբերմունքի արդյունքում։
Սանտա Մոնիկայի քաղաքային իշխանությունները, սակայն, հերքում են հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին մեղադրանքները եւ հավաստիացնում, թե ստիպված են եղել կրճատել տաքսի ծառայությունների թիվը, նախ՝ քանի որ առաջարկը գերազանցում է պահանջարկը, ինչի արդյունքում տուժում է քաղաքի էկոլոգիական վիճակը, եւ, բացի այդ, քաղաքապետարանը բազմաթիվ բողոքներ է ստացել բնակիչներից՝ որոշ ընկերությունների սահմանած բարձր սակագների եւ մատուցած ցածրորակ ծառայությունների մասին։
Ըստ Կալիֆոռնիայի լրատվամիջոցների, եթե Սանտա Մոնիկայի իշխանությունները չվերանայեն իրենց որոշումը, 2011 թվականի հունվարից մշտական աշխատատեղ կարող է կորցնել հայկական համայնքի շուրջ 300 ներկայացուցիչ: