Ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ բողոքող սյունեցիները դեմ են նաեւ Շահումյանում բազմամետաղային հանքի բաց շահագործմանը, «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունը լռում է:
«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն Սյունիքի մարզի Շահումյան բանավանում գտնվող բազմամետաղային հանքը բաց եղանակով շահագործելու մտադրություն ունի, նախագիծն արդեն ներկայացրել է ՀՀ կառավարության հաստատմանը: Բնապահպաններն ահազանգում են. բաց հանքն անընդունելի ու անթույլատրելի է Կապանի համար, հետեւանքներն էլ՝ անդառնալի, ինչպես Կապանի 40 հազար բնակչության, այնպես էլ շրջակա միջավայրի համար: Շահումյանի հանքը Կապանից ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու եւ, ըստ բնապահպանների, պայթեցումների ու հորատումների փոշին ամբողջությամբ նստելու է Կապան քաղաքի վրա՝ ապականելով մարզկենտրոնը եւ իրական սպառնալիք դառնալով բնակչության առողջությանը: Բնապահպանները, հենվելով անցյալի փաստերի վրա, նշում են, որ մինչեւ 60-ական թվականները, երբ հորատումները հանքախորշերում կատարվում էին չոր եղանակով, փոշի էր առաջանում, եւ հանքերում աշխատող հանքագործները գրեթե առանց բացառությամբ հիվանդանում էին հանքափորների «պրոֆեսիոնալ» սիլիկոզ հիվանդությամբ՝ փոշի շնչելու արդյունքում առողջ թոքեր չէին ունենում: «Ինչո՞ւ չէին մարդիկ ուզում հանքերում աշխատել, որովհետեւ նրանց կյանքի տեւողությունը հազիվ 40-45 տարի էր: Եթե բաց հանքը շահագործվեց, հորատման փոշին ամբողջությամբ նստելու է Կապանի վրա: Հորատողների կարգավիճակում հայտնվելու են թե մանկահասակ երեխաները, թե մեծահասակները: Ամբողջ Կապանն է շնչելու այդ փոշին: Ստորգետնյա տարբերակով աշխատելը թանկ է նստում, բայց այդ եղանակով շահագործելու դեպքոււմ քաղաքներին, բնակչությանը, շրջակա միջավայրին այդքան վնաս չի հասցվում: Մենք պարծենում ենք մեր բնությամբ, քաղաքի գեղեցկությամբ, օդի մաքրությամբ, բայց Շահումյանը բաց եղանակով շահագործելը կապականի մեր քաղաքը: Եթե այսօր սեփականատերերն ընկնում են գերշահույթի հետեւից, անտեսելով մարդկության առողջությունը, դա ընդունելի չէ»,- ասում է «Խուստուփ» բնապահպանական հ/կ նախագահ, բնապահպան Վլադիկ Մարտիրոսյանը:
Պարոն Մարտիրոսյանը հիշում է, որ Շահումյան բանավանը ժամանակին եղել է զբոսաշրջության հաջողված կենտրոն, ուր կային հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանները, նույնիսկ համամիութենական նշանակություն տուրկենտրոն էր դարձել, քանի որ Խորհրդային միության բոլոր ծայրերից՝ Մերձբալթիկայից մինչեւ Սախալին, մարդիկ գալիս էին, հիանում բնությամբ, վրաններ խփում, գիշերում բնության գրկում: Իսկ այժմ, երբ խոսվում է Շահումյանում բաց հանքի հնարավոր շահագործման եւ նաեւ ուրան արդյունահանելու մասին՝ զբոսաշրջության զարգացման մասին անգամ խոսելն է անիմաստ՝ ո՞ր մի արտասահմանցի զբոսաշրջիկ կցանկանա այցելել Կապան՝ ուրանի եւ բաց հանքի հետ «հարեւանություն» անելու:
Շահումյան բանավանը մինչեւ վերջերս բնակեցված էր: Այստեղ մարդիկ հիմնականում գյուղատնտեսությամբ էին զբաղվում, կովեր էին պահում, պտղատու այգիներ մշակում: 2009-10 հատվածում «Առավոտը» ավելի քան 10 անգամ գրել է Շահումյան բանավանի բնակիչների խնդիրների մասին (14.07.2009՝ «Բոնուսը՝ ընդդեմ գործադուլի», 8.09.2009՝ «Գործը հասավ դատարան», 1.10.2009՝ «Դատական ատյանները խոչընդոտում են», 10.11.2009՝ «Բնապահպանական խնդիրները՝ Կապանում», 18.11.2009՝ «Զոհ Շահումյանում», 16.01.2010՝ «Լուծում գտնվել է, դատը՝ հետաձգվել», 20.02. 2010՝ «28 շահումյանցու հարց լուծվեց» եւ այլն): «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության կողմից շահագործվող փակ հանքում պարբերաբար պայթեցումների արդյունքում վտանգավոր է դարձել շահումյանցիների տներում ապրելը, օրեցօր պատերի ճեղքերը ավելանում եւ տների վթարայնությունը մեծանում էր, հողի նստվածքից էլ այգիները մշակել չէր լինում: Բնակիչները դիմել էին կոմբինատ՝ իրենց փոխհատուցելու եւ այլ տեղ տեղափոխվելու պահանջով: Կոմբինատը ութ ընտանիքի փոխհատուցում տվեց, այնուհետեւ ճգնաժամը պատճառ բերելով՝ դադարեցրեց գործընթացը: Հետագայում բնակիչների մի մասն էլ դատարանի միջոցով լուծեց հարցը, որից հետո միայն կոմբինատը Շահումյան բանավանի մնացած բնակիչների հետ առքուվաճառքի պայմանագրով լուծում տվեց այսքան ձգձգվող խնդրին:
«Այսօր արդեն գյուղացիները ստացել են գումարները եւ գրեթե բոլորը ազատել են տարածքը: Շահումյան բանավանում մոտ 50 հազար ծառ կա, որից 90%-ը բերքատու է եւ 20%-ը գրանցված է Կարմիր գրքում: «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունը բաց հանքի շահագործման նախագիծը ենթադրում է այս 50 հազար ծառերի հատում: Մեր տեղեկություններով, ընկերությունը նախատեսում է մեկ տարում միլիոնավոր տոննաների հանքաքար հանել, իսկ հանքի պաշարները վերջանալու են 5-6 տարի անց: Կապանը կոմբինատով ապրող քաղաք է, հանքը փակ եղանակով շահագործելու պարագայում հանքաքարի պաշարը մի 30 տարի կբավականացնի: Ըստ բնապահպանների, սա ապագա սերունդների հարցն է, պետք չէ կարճաժամկետ ու կործանիչ ծրագրեր նախագծել: Անհասկանալի է, թե որն է ծրագրի սոցիալական կողմը եւ ինչպես է բաց հանքի նախագիծը հավանության արժանանալու ՀՀ կառավարության կողմից»,- ասում է «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը:
Տեղական բնապահպանական հասարակական կազմակերպությունները մտադիր են դիմել ԱԺ, կառավարություն, որպեսզի արգելվի Շահումյանի հանքի բաց եղանակով շահագործումը, այլապես արդեն իսկ էկոլոգիական մեծ խնդիրներ ունեցող տարածաշրջանի համար նոր հարցեր կառաջանան: «Պետք է ուղղակի ճիշտ ձեւով մոտենան ե՛ւ ընդերքի շահագործմանը, ե՛ւ բնական պաշարներն օգտագործելուն, ոչինչ անհետեւանք չի անցնում: Պարտադիր պետք է հասարակական լսումներ կազմակերպվեն: Միջազգային կոնվենցիա կա. եթե համայնքը համաձայն չէ իր տարածքի հանքի շահագործմանը, ապա նման ծրագիր իրականացնելու իրավունք ոչ ոք չունի: Անտեսել են ժողովրդի կարծիքը եւ արդեն իսկ նախագիծը ներկայացրել են կառավարությանը: Մեր կառավարությանը, ի վերջո, պետք է անհանգստացնի ժողովրդի առողջական վիճակը»,-ավելացնում են զրուցակիցներս:
Զրուցեցինք նաեւ կապանցիների հետ: Քաղաքացիները խիստ դեմ արտահայտվեցին բաց հանքի ծրագրին, ավելին՝ քննադատեցին նման նախագծերի հեղինակներին: «Իբրեւ թե ուրանը քիչ լա մեզ հետի, մհենգալ բաց հանքն օզո՞ւմ պենան: Պա մուք հի՞նչ անինք, լա էդ հանքի քթին տակին ապրինք հա՞: Բոլ ա, հերիք ա, մեզ սաղ-սաղ սպանումըն, իրանց փողերի հետի հինչ ասիս կանին: Մի առողջ մարդ չի մնացա Ղափանում, կուճինան մեծ հիվանդն, մի առողջ տեղ չկա ջաներներում, քինումս բժշկի՝ աշխարհքիս հիվանդությունները ճարումն երաթ: Քիչք ճառագայթահարված, էթ ալ կլխավնըն ավելացնում: Աչքիս սրանք դիտմամբ օզումըն մեզ ստեղաս քոչեցնին, Կապանը դատարկին: Բոլ ա, հերիք ա սուսք կացալ, ոչ ուրան ըք թողելու պենան ստըղ, ոչ ալ բաց հանք, էշի տե՞ղ ըն տինում մարդկանց կլօխ չըք ընգնում»,-վրդովված ասում են մեր համաքաղաքացիները:
Նոյեմբերի 18-ից փորձում ենք հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունից: Միակ բանը, որ ասացին՝ տնօրեն Ռոբերտ Ֆալլետան զբաղված է եղել, բայց մեզ հետաքրքրող հարցերով զբաղվում է: