Երեկ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության եւ Երեւանի ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են ուրբաթ՝ նոյեմբերի 17-ի երեկոյան Կոմիտասի պողոտայում Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ Սեդա Սերգոյանին վրաերթի ենթարկած անձին: Հայտնաբերվել է նաեւ «ՋԻՓ Լինքոլն» մակնիշի 06 OS 613 համարանիշի այն ավտոմեքենան, որի վարորդը վրաերթ կատարած՝ 53-ամյա, նախկինում դատապարտված, Երեւանի Գալշոյան 12 շենքի բնակիչ Ռոբերտ Գուրգենի Ջանջուղազյանն է:
Վրաերթի հաջորդ օրը Գ. Ջանջուղազյանը ավտոմեքենան տարել է արհեստավորի մոտ, որպեսզի շտապ վերացնեն վթարի հետեւանքով առաջացած հետքերը, ինչը նրան չի հաջողվել: ՃՏՀ քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով: Այս պահին փախուստի դիմածը տեղափոխվել է ոստիկանության Երեւանի ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր: