«Տեսա՞ր ինչ եղավ» գործը տեղափոխվել է ռազմական ոստիկանություն
Նոյեմբերի լույս 20-ի գիշերը, ժամը 3.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Թումանյան-Կողբացի փողոցների խաչմերուկում մի քանի երիտասարդ վիճաբանում ու հայհոյում են: Շտապ նշված վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի գիշերային հերթափոխը՝ քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների հետ: Նշված վայր հասնելուն պես հնչում է մեկ կրակոց, որն էլ ոստիկաններին հուշում է, թե հատկապես ո՞ր հատվածում է տեղի ունենում վիճաբանությունը: Ոստիկաններին հաջողվում է բերման ենթարկել 5 երիտասարդների, որոնցից մեկի ձեռքին ատրճանակ էր: Երեկ, երբ մենք այցելեցինք նշված վայր, շրջակա շենքերի բնակիչներից մի քանիսը, որոնք չցանկացան ներկայանալ, հայտնեցին, որ «լավ ա միլիցեքը շուտ եկան, մի 5 րոպե ուշ գային, հնարավոր է, ջահելներն իրար մորթեին»:
«Առավոտի» տեղեկություններով, ոստիկանություն տարված աքլորացած ջահելները եղել են 22-ամյա Գեւորգ Կարապետյանը, 28-ամյա Խաչատուր Գյոզալյանը, 23-ամյա Աշոտ Ջավախյանը եւ Ռշտունի եղբայրները՝ 29-ամյա Արտակն ու 21-ամյա Նարեկը: Իսկ ի՞նչն էր աքլորացրել ջահելներին: Նոյեմբերի 19-ին Աշոտը, որը որպես ժամկետային զինծառայող ծառայում է Վանաձորի զորամասում, իր ժամանակը ցանկանում է անցկացնել «Վայլդ Վեստ» գիշերային բարում: Այս բարի ներսում ցուցանակ կա, որի վրա երգիչ Թաթայի ստորագրությունն է: Աշոտն ուզում է այդ ցուցանակի վրա ամրագրել նաեւ իր «հեղինակությունը», այսինքն՝ ինքն էլ է ուզում ստորագրել: Բարում իր ժամանցն է անցկացնում նաեւ Խաչատուր Գյոզալյանը, ով թույլ չի տալիս, որպեսզի Աշոտը իրականացնի իր ցանկությունը: Աշոտի եւ Խաչատուրի միջեւ սկսվում է լեզվակռիվ, որի ժամանակ Աշոտը հարվածում է Խաչատուրի դեմքին: Այդ աղմուկին վրա են հասնում Արտակ եւ Նարեկ եղբայրները, որոնք Խաչատուրի ընկերներն էին, իսկ բարը պատկանում է եղբայրներին: Վեճը շարունակվում է դրսում, որի ժամանակ Արտակ Ռշտունին իր մոտ եղած գազային ատրճանակով, Աշոտ Ջավախյանին վախեցնելու նպատակով, նախազգուշական մեկ կրակոց է արձակում օդ, որից հետո արդեն դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան զինաթափում են: Ոստիկանության Կենտրոնի բաժնում նախապատրաստված նյութերը երեկ, մեր տեղեկություններով, արդեն ուղարկվել էին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, քանի որ հաստատվել է, որ Աշոտ Ջավախյանը զինծառայող է: