Լրահոս
Օրվա լրահոսը

«Վա՜յ, միամիտ ստացվեց»

Նոյեմբեր 23,2010 00:00

Մի քանի օր առաջ բջջային կապի 3-րդ օպերատորի՝ «Օրանժի» բաժանորդներին մեկ այլ օպերատորից՝ «Բիլայնից» sms հաղորդագրություն եկավ՝ գովազդային բովանդակությամբ: «Բիլայնն» «Օրանժի» բաժանորդներին համոզում էր, որ միանան «Hi Line» որակյալ ինտերնետին ու նվեր ստանան՝ 2 մեգապիկսել արագություն առաջին ամսում, կամ USB մոդեմ ու անվճար շարժական ինտերնետ: Այս sms-ը խիստ տարօրինակ էր այն առումով, որ «Օրանժը», ունենալով սեփական ինտերնետը, չէր կարող գովազդել, որ իր բաժանորդները «Բիլայնի» կապից օգտվեն: Այս 2 օպերատորները բարիդրացիական հարաբերություններ էլ չունեն, որ «իմ ու քո» չանեն: Ուստի պարզ էր, որ դա «Բիլայնի» հերթական խաղերից է, որը, ինչպես եւ սպասելի էր՝ մեկնաբանվեց իբրեւ միամիտ տեխնիկական սխալ: «Բիլայնի» ուղարկած sms-ի հաջորդ օրն իսկ «Օրանժն» իր բաժանորդներին նոր հաղորդագրություն տարածեց, որ այդ չթույլատրված sms-ների պատճառով ստիպված են որոշ ժամանակով կասեցնել բաժանորդների sms հաղորդակցությունը՝ «Բիլայնի» հետ:
Թե ինչ խաղ էր խաղացել «Բիլայնը» ու ինչու պետք է դրանից բաժանորդները տուժեին՝ չկարողանալով այդ ցանցին sms-ներ ուղարկել, «ԱրմենՏելից» այսպես պարզաբանեցին. «Մեր կողմից տեխնիկական թերություն է եղել, որի պատճառով փոխանակ մեր բաժանորդներին դա ուղարկեինք, ուղարկել ենք «Օրանժի» բաժանորդների մի մասին: Դե, տեխնիկա է, դա 100 տոկոսանոց չէ եւ բոլորի հետ էլ կարող է պատահել»: Հաշվի առնելով, որ այդ գովազդն «Օրանժի» բաժանորդների կողմից մեծ ուշադրության արժանացավ, չի բացառվում, որ «Բիլայնի» այդ միամիտ սխալն իրականում լավ մտածված քայլ էր ու PR, որը, բնականաբար, պատժելի է: Սակայն «Բիլայնից» դա կտրականապես հերքեցին՝ ասելով, որ «մենք որեւէ մեկին վնաս չենք ուզեցել պատճառել, հիմա դեպք էր՝ ստացվեց, «Օրանժից» մեզ զանգեցին ու արագ այդ հարցը լուծվեց, իրենք էլ կարող են սխալվել»: Մինչդեռ «Օրանժից» «Առավոտին» պարզաբանեցին, որ իրենց հետ երբեւէ չի եղել եւ չի էլ լինի նման սխալ. «3 օպերատորներն իրար հետ պայմանագիր են կնքել, որի համաձայն՝ իրար բաժանորդները գովազդային բովանդակությամբ հաղորդագրություններ իրավունք չունեն տարածել»: «ՎիվաՍելից» նույնպես վստահեցրին, որ իրենք այսքան տարի աշխատում են ու չի եղել դեպք, որ շփոթվեն ու նման սխալ թույլ տան այլ ընկերության նկատմամբ:
«Օրանժ» ընկերությունից նաեւ «Առավոտին» տեղեկացրին, որ իրենք դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը երաշխիքներ է տվել, որ «Բիլայնն» այլեւս նման բան թույլ չի տա. «Մենք հուսով ենք, որ բջջային կապի այդ օպերատորը հետագայում իսկապես կպահպանի բիզնես էթիկայի կանոնները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել