Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն գիտե՞ր, թե՞ նոր իմացավ

Նոյեմբեր 23,2010 00:00

Վայոց ձորի բնակիչները մեկ շաբաթ ահուդողի մեջ են եղել

Երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն տարածեց, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արարատի մարզի Սուրենավան համայնքի մոտակայքում թվով 7 սահմանախախտ է հայտնաբերվել եւ ձերբակալվել: Սույն հաղորդագրության մեջ նաեւ ասված էր, որ հայ-թուրքական պետական սահմանը խախտելու մասին տեղեկությունը ԱԱԾ-ն ստացել է նոյեմբերի 21-ին եւ լուրը ստանալուն պես ծառայության աշխատակիցները միանգամից լծվել են լրտեսներին հայտնաբերելու գործին:
Որ ԱԱԾ-ն, նախքան լրտեսներին հայտնաբերելը, խնամքով թաքցրել է իրականությունը, ինչ-որ տեղ հասկանալի է. հավանաբար գաղտնիությունն ապահովելու կամ խուճապ չառաջացնելու նկատառումներից ելնելով է արել, սակայն անհասկանալի է, թե ինչո՞ւ է երկրի անվտանգության համար պատասխանատու այս մարմինը լրտեսների մասին տեղեկությունը ստացել միայն նոյեմբերի 21-ին, այսինքն, կարելի է ասել, ամենավերջինը, այն դեպքում, երբ Վայոց ձորի բնակիչներն այդ մասին արդեն 7-8 օր է՝ աղաղակում են ու վստահեցնում, որ լրտեսներին անձամբ են տեսել: Ավելին, երբ շաբաթ-կիրակի օրերին շրջում էինք Վայքում եւ զրուցում բնակիչների հետ, նրանք նույնիսկ մատնացույց էին անում այն վայրերը, որտեղ լրտեսներն այցելել էին: Եղեգնաձորցիների խոսքերով էլ, «շպիոնները», որոնք իդեալական տիրապետել են հայերենին, նույնիսկ Եղեգնաձորի թիվ 1 դպրոցից երեխա առեւանգելու փորձ են արել: Արդեն քանի օր է՝ Վայքի եւ Եղեգնաձորի բնակիչները, անվտանգության նկատառումներով, անծանոթի առաջ դուռ չեն բացում, երեխաներին ծնողներն անձամբ են ուղեկցում դպրոց ու տուն բերում՝ ոչ մի րոպե աչքաթող չանելով: Որոշ տեղեկությունների համաձայն էլ, սահմանախախտները եղել են նաեւ Վայքի Հերհեր գյուղին կից ջրամբարում, որտեղ նպատակ են ունեցել ինչ-որ գործողություններ կատարել: Նշենք, որ Հերհերի ջրամբարն իր մեծությամբ 2-րդն է հանրապետությունում եւ տարածաշրջանն ապահովում է խմելու ջրով: Երբ այդ մասին տեղեկացել են մարզի բնակիչները, իրավապահները հանգստացրել են՝ ասելով, որ ստուգողական աշխատանքներ են կատարում, պարզելու՝ որքանով են աչալուրջ ջրամբարի հսկիչները: Մի խոսքով, հայրենի իրավապահներն ամեն կերպ փորձել են ցրել մարզի բնակիչների «տեսիլքները»: Սակայն, այդուհանդերձ, հենց իրավապահներն են իրենց հարազատ-բարեկամներին զգուշացրել շատ զգույշ լինել ու կասկածելի անձ տեսնելու դեպքում անմիջապես տեղյակ պահել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել