Ապահովագրական ընկերությունները կարող են գյուղացիներին համոզել, որ տրակտորներն ու սայլերն էլ ապահովագրեն, ինչ է թե՝ հաճախորդ ունենան:
Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացը, որը սկսվել է մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 18-ից, մեծ խուճապ է առաջացրել հատկապես մարզերում: Այս պահին Կենտրոնական բանկը խուսափում է տվյալներ ասել, թե քանի մեքենա է ապահովագրվել՝ պատճառաբանելով, թե տվյալների բազան դեռ ստեղծված չէ եւ չունեն ամփոփ տեղեկատվություն: Բայց կարելի է ենթադրել, որ ապահովագրված մեքենաների թիվն այնքան էլ մեծ չէ, որովհետեւ դեռ բազմաթիվ չպարզաբանված հարցեր ու խնդիրներ կան, որոնք հուզում են շատ վարորդների ու տարակուսանքի մեջ գցում:
Պարտադիր ապահովագրությանը կտրականապես դեմ են հատկապես մարզերում, որտեղ մարդիկ մի փտած «Ժիգուլի», «Մոսկվիչ» կամ «Զապ» ունեն. այն տարին մեկ-երկու անգամ վարելու համար ստիպված են 20-30 հազար դրամ վճարել՝ պարտադիր ապահովագրության համար: Օրինակ, Սյունիքի մարզի Թասիկ գյուղի բնակիչները վստահեցնում են, որ իրենք ցույցեր կանեն, բայց չեն համաձայնի այդ պայմաններով ապահովագրել իրենց մեքենան. «Մենք հազիվ հացի փող ենք ճարում, մի «Ժիգուլի» ունեմ, որ իշուց էլ վատ է քշում, ամեն րոպե կարող է փչանա ու ըտենց էլ կանգնի, մե մանեթ չունենք, որ վրեն ծախս անենք, ո՞նց ենք ապահովագրելու, դեմը ձմեռ ա, էնքան ծախս կա, էդ պետությունը չի՞ մտածում՝ իմ երեխեն ցրտին ոնց ա ծակ կոշիկով դպրոց գնում, մենակ ժողովրդից փող ա՝ կհավքեն»: Թասիկի գյուղապետ Խաչիկ Հովհաննիսյանն իր համագյուղացիների բողոքը տեղին համարեց, ինքն էլ «Ժիգուլի» ունի ու դժվարանում է վճարել 25 հազար դրամ. «Դա ինձ համար մեծ գումար է, պարզ է, որ մյուս գյուղացիների ընտանեկան բյուջեի վրա էլ ծանր կանդրադառնա: Դեռ իմը մինչեւ 80 ձիաուժ հզորությամբ շարժիչ ունի, բայց էլի սակագները թանկ են: Եթե գոնե 10 հազար դրամ սահմանեին՝ ժողովուրդն այդքան մեծ աղմուկ չէր բարձրացնի: Ես համաձայն եմ՝ ապահովագրությունը լավ բան է, բայց սահմանված սակագները համահունչ չեն մեր աշխատավարձերին: Առանց այդ էլ ես իմ «Ժիգուլու» համար տարեկան մի շարք մուծումներ եմ անում՝ գույքահարկ, տեխզննում, գազի տեխստուգում եւ այլն, ամսական մի 3000 դրամի ծախս է կազմում, բայց այսօր մարդկանց տունը սկի 3 դրամ ամսական չի մտնում»: Պարոն Հովհաննիսյանի խոսքերով՝ ապահովագրության դրական կողմն այն է, որ «մեկ-մեկ գյուղ այնպիսի թանկարժեք մեքենաներ են մտնում, որ եթե գյուղացիներից մեկը միամիտ խփի՝ ամբողջ գյուղով հավաքվենք՝ չենք կարող ծախսի տակից դուրս գալ»:
Ապահովագրության համար ստեղծված խուճապն առաջին հերթին տարբեր մեքենաների, տարբեր տարիքի ու ստաժով վարորդների համար սահմանված սակագներն են, որոնք օդից են վերցված: Հայաստանում որեւէ հաշվառում չի արվել, թե ավտովթարների հետեւանքով առաջացած վնասները տարեկան որքան են կազմում, որպեսզի դրանով էլ հաշվարկվեր ռիսկն ու ապահովագրության վճարը:
Բացի այդ, գյուղերում խուճապի պատճառներից մեկն էլ այն է, որ լուրեր են տարածվել, թե տրակտորներն էլ պետք է ապահովագրվեն: «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրեն էլ են հասել այդ լուրերը. «Չի բացառվում, որ ապահովագրական ընկերությունները հաճախորդ ունենալու համար գյուղացիներին խաբեն ու տրակտորներն էլ մտցնեն պարտադիր ապահովագրության մեջ, բայց եթե մենք այդ ընկերության անունն իմանանք՝ անպայման միջոցներ կձեռնարկենք: Տրակտորները 32 կմ/ժ արագությունից բարձր չեն կարող գնալ, իսկ պարտադիր ապահովագրության ենթակա են 50 կմ/ժ արագությունը գերազանցող մեքենաները, թող մարզերում զգոն լինեն եւ ամեն ինչ չտանեն ապահովագրության: Այդ ԱՊՊԱ պայմանագրի հետ կապված ցանկացած հարցի պատասխան կարող են գտնել www.paap.am կայքում, թող մտնեն, իմանան իրենց իրավունքները»:
Նշենք, որ ապահովագրված մեքենաներին տրվող ԱՊՊԱ կտրոնը սխալ տեղ փակցնելուց սկսած մինչեւ դրա գունաթափումը՝ վարորդի համար գլխացավանք է եւ տուգանվելու պատճառ: Եթե մեքենան վարես՝ առանց կտրոնը սահմանված տեղում փակցնելու՝ 10 հազար դրամ կտուգանեն, եթե այն գունաթափվի, քայքայվի, անընթեռնելի դառնա կամ վնասվի, ինչը հաճախ լինում է նաեւ տեխզննման թերթիկի հետ՝ տուգանքը կկազմի 1000-5000 դրամ, եթե մեկը թեկուզ վատության համար այն գողանա կամ վարորդը անզգուշաբար կորցնի՝ կտուգանեն 5-30 հազար դրամով: Կտրոնն ուրիշին տալու, վրան ուղղումներ կատարելու եւ այլ խախտւմների համար նույնպես լուրջ տուգանքներ են նախատեսվում՝ մինչեւ 150 հազար դրամի չափով: Բայց եթե նույնիսկ վարորդն իր աչքի լույսի պես պահի այդ կտրոնը, նորմալ եւ ժամանակին վճարումները կատարի, դարձյալ հարց է՝ վթարի դեպքում փոխհատուցում կլինի՞, թե՞ ապահովագրական ընկերությունները, համագործակցելով ոստիկանների հետ, կխուսափեն դրանից: Բանն այն է, որ վթարի դեպքում մինչեւ ապահովագրական ընկերության ներկայացուցչի ժամանումն արգելվում է թեկուզ մեկ սանտիմետր մեքենաները տեղաշարժել, հակառակ դեպքում՝ ապահովագրական ընկերությունը կարող է հրաժարվել փոխհատուցումից: Արգելվում է անգամ ապահովագրական պատահարի հետ կապ ունեցող առարկաները շարժել: Եթե վթարը լինի, ասենք, Բաղրամյան պողոտայում ու մեծ խցանում լինի, պարզ է, որ ճանապարհային ոստիկանները պետք է անմիջապես հեռացնեն փողոցից վթարված մեքենաները, իսկ վարորդը հո չի՞ ընկնելու ոստիկանների ոտքերն ու աղաչի, որ չշարժեն մեքենան, մինչեւ ապահովագրական ընկերության գործակալը ժամանի: Միանգամայն տրամաբանական է, որ այդ դեպքում գործակալները վազեվազ չեն գալու:
Ամեն դեպքում, ինչ կասկածներ էլ որ լինեն պարտադիր ապահովագրության հետ կապված, մի բան պարզ է՝ հունվարի 1-ից շատերի Նոր տարին «հարամվելու» է եւ սկսելու են համատարած տուգանքները: Էդ. Հովհաննիսյանի խոսքերով՝ «Հայի խասիաթ է, հիմա չեն ապահովագրում, հետո ընկնելու են հերթերի մեջ ու չկարողանան սպասարկվել»: Նշենք, որ հունվարի 1-ից առանց պարտադիր ապահովագրության մեքենա վարելու դեպքում յուրաքանչյուր 10 օրվա համար վարորդները կտուգանվեն 5000 դրամով, իսկ տարեկան կտրվածքով՝ 50 000 դրամով: