Նոյեմբերի 22-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը աշխատանքային շրջայց կատարեցին Կոմիտասի անվան այգու Պանթեոնում, այնուհետեւ այցելեցին քաղաքային պանթեոն: Կոմիտասի անվան զբոսայգու տարածքից առանձնացված Պանթեոնը գտնվում է բարվոք վիճակում. Երեւանի քաղաքապետարանի կողմից այստեղ ամենօրյա պահպանություն եւ խնամք է իրականացվում: 2011 թ. Երեւանի քաղաքապետարանի ծրագրով Կոմիտասի անվան այգու Պանթեոնի տարածքում նախատեսվում է անցկացնել շուրջ 950 գծ/մ նոր ջրագիծ: Կանցկացվի արտաքին լուսավորության նոր ցանց: Կթարմացվի ու կծաղկապատվի Պանթեոնի ողջ կանաչ տարածքը: Նախատեսվում է վերանորոգել նաեւ բազալտե եզրաքարերը, սալիկները, ավելացնել նստարաններն ու աղբամանները: Բարեկարգվելու է Մհեր Մկրտչյանի հուշաքարը, այս տարի լրանում է վարպետի ծննդյան 80–ամյակը: Այդ առիթով տեղադրվելու է դերասանի կիսանդրին:
Քաղաքապետն ու նախարարը տեղում ծանոթացան նաեւ Կոմիտասի անվան զբոսայգու բարեկարգման շրջանակներում այստեղ կառուցվող դելֆինարիումի շինարարության ընթացքին: Հիշեցնենք, որ Կոմիտասի անվան զբոսայգին տարիներ առաջ անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել էր մասնավոր մի ընկերության՝ պայմանով, որ վերջինս ապահովի զբոսայգու խնամքն ու բարեկարգումը: Բայց տնտեսվարողը զբոսայգին պահպանելու ու բարեկարգելու ուղղությամբ ոչինչ չէր արել: 90-ականներից չգործող կարուսելներն ու ատրակցիոնները մետաղակույտի են վերածվել: Ելնելով Կոմիտասի անվան զբոսայգու անմխիթար վիճակից՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից տնտեսվարողի հետ խզվեց պայմանագիրը:
Քաղաքապետի հանձնարարությամբ կազմվել է մայրաքաղաքի զբոսայգիների վերականգնման ծրագիր, որտեղ առաջնահերթություններից մեկը տրված է հենց Կոմիտասի անվան զբոսայգուն: Զբոսայգու վերականգնման ու բարեկարգման ծրագրի առաջին քայլերից մեկը նաեւ այգու՝ վաղուց արդեն չգործող նախկին ատրակցիոնի տեղում դելֆինարիումի կառուցումն է: Դելֆինարիումի շահագործումից ստացված եկամուտները, համաձայն պայմանագրի, ամբողջությամբ կուղղվեն զբոսայգու բարեկարգմանն ու պահպանմանը:
Քաղաքապետն ու նախարարը եղան նաեւ Քաղաքային պանթեոնում: Նրանք ծաղիկներ դրեցին այստեղ ամփոփված հայտնի պետական-հասարակական եւ մշակութային գործիչների շիրմաքարերին: Քաղաքային պանթեոնում խնդիրներն ու անելիքներն ավելի շատ են: Քաղաքապետը նշեց, որ դրանց բարեկարգման աշխատանքները կընդգրկվեն Երեւանի քաղաքապետարանի առաջիկա ծրագրերում: Նա նաեւ ասաց, որ այցի ընթացքում առանձնացվեց երկու խնդիր՝ ընդհանուր բարեկարգման աշխատանքների անհրաժեշտություն եւ առանձին հուշարձանների վերականգնում, նորոգում: «Բարեկարգման աշխատանքները մենք արագ կիրականացնենք՝ Երեւանի քաղաքային բյուջեի միջոցներով: Իսկ հուշարձաններն ավելի լուրջ եւ մասնագիտական մոտեցում են պահանջում»,- նշեց քաղաքապետը: Որոշվեց մշակույթի նախարարության հետ համատեղ աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի հուշարձանների տեխնիկական վիճակի ուսումնասիրությամբ:
Խոսվեց նաեւ Կոմիտասի անվան զբոսայգում դելֆինարիումի շինարարական աշխատանքների մասին: «Դելֆինարիումը կառուցվում է զբոսայգու բարեկարգման ծրագրի շրջանակներում՝ այգու հակառակ կողմում, Պանթեոնից բավական հեռու: Մենք պայմանագիր ունենք, որ դելֆինարիումի շահագործումից ստացված եկամուտներն ուղղվելու են զբոսայգու եւ Պանթեոնի բարեկարգմանը: Կոմիտասի անվան զբոսայգին գտնվում է շատ վատ վիճակում՝ չեն գործում կարուսելները, քանդված են եզրաքարերը, ծառերն անխնամ են, տարիներ շարունակ վերականգնելու ուղղությամբ ոչինչ չէր արվել: Վեց ամիս հետո, երբ շինարարական աշխատանքները կավարտվեն, բոլորիդ հրավիրում եմ տեսնելու, թե ինչպիսի զբոսայգի են ստանալու երեւանցիները: Ինչպես 30 տարի առաջ, այն կրկին կդառնա Երեւանի սիրված զբոսավայրերից մեկը»,- նշեց քաղաքապետը: