Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրերն անհանգստացած են

Նոյեմբեր 23,2010 00:00

Բաց նամակ ՀՀ նախագահին

Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ են դիմում Հայաստանում ապրող ներկա եւ ապագա մայրեր, ովքեր պատրաստվում են ապահովել մեր հասարակության առողջ աճը՝ զավակներ պարգեւելով հանրապետությանը: Քանի որ ԱԺ կողմից 2010թ. հոկտեմբերի 27-ին արդեն երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի վավերացման արդյունքում մենք վտանգված ենք համարում մեր եւ մեր երեխաների ապագան, խնդրում ենք Ձեզ անհապաղ քայլեր ձեռնարկել նման վտանգավոր ռազմավարությունից զերծ մնալու համար:   
 Օրենքում սահմանվում է հղիության եւ հետծննդյան, ինչպես նաեւ հիվանդության եւ խնամքի նպաստների սահմանափակում: Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել վերոնշյալ առաջին նպաստին, չնայած որ բոլորն էլ անդրադառնում են ազգաբնակչության վրա:
Այսպես, եթե մինչ օրս հղիության եւ հետծննդյան նպաստը սահմանվում էր կնոջ փաստացի աշխատավարձի չափով  (140 օր հաշվարկված՝ վերջին երեք ամիսներին ստացված աշխատավարձի միջինով), ապա այս օրինագիծը առաջարկում է սահմանափակել այդ նպաստը առավելագույնը մինիմալ աշխատավարձի հնգապատիկի չափով (162 500 դրամ): Նման փոփոխությունը օրենսդրական դաշտում դիտարկում ենք որպես մեր սահմանադրական իրավունքի խախտում, քանի որ ոտնահարվում են ՀՀ սահմանադրության 34, 35, 36 եւ 48-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները: Սահմանադրությունն արձանագրում է, որ ընտանիքը հասարակության բնական եւ հիմնական բջիջն է, իսկ մայրության հետ կապված յուրաքանչյուր աշխատող կին հղիության եւ ծննդաբերության դեպքում ունի վճարովի արձակուրդի եւ նոր ծնված երեխայի խնամքի իրավունք: Այդ կանանց այն մասը, որոնք իրենց ժամանակի եւ առողջության հաշվին կրթություն են ստացել, մասնագիտացել եւ աճել, դա արել են իրենց եւ իրենց ընտանիքների բարեկեցության համար, եւ արդարացի չէ իրենց եւ իրենց երեխաներին հասանելիք նպաստների նմանատիպ սահմանափակումը: Մենք գտնում ենք, որ նմանատիպ փոփոխությունները կարող են միայն բացասական հետեւանքներ ունենալ մեր ազգի եւ պետության համար՝ ելնելով ստորեւ բերված փաստարկներից.
1. Ծնելիության կտրուկ անկում:
Այս նախագիծը կստիպի մինիմալ աշխատավարձի 5-ապատիկից ավելի աշխատավարձ ստացող յուրաքանչյուր կնոջ մտածել՝ զավակ ունենալուց առաջ: Եթե հիշենք, որ երիտասարդ ընտանիքների մեծամասնությունը ստիպված է բնակարան վարձակալել կամ հիփոթեքային վարկ մարել, որը հաշվարկվել է իրենց փաստացի ստացվող աշխատավարձից, ապա պարզ է, որ նրանք ուղղակիորեն կբացառեն զավակ ունենալու միտքը:
2. Աշխատավարձերի ստվերայնության ավելացում:
Գաղտնիք չէ, որ բազմաթիվ հիմնարկներում աշխատակիցները ստանում են չգրանցված եկամուտներ: Վերջերս երիտասարդները գործատուից պահանջում են լիովին գրանցել իրենց տրվող եկամուտները՝ ե՛ւ պետության դիմաց պարտքի գիտակցումից, ե՛ւ մայրության համար նպաստից օգտվելու համար: Սակայն այս օրենքի ընդունումից հետո դա էլ կվերանա:
3. Միջինից բարձր վարձատրվող մասնագետների կտրուկ արտահոսք երկրից:
ՀՀ-ում մինիմալ աշխատավարձի հնգապատիկից ավելի ստացող երիտասարդները հիմնականում որակյալ մասնագետներ են, եւ նրանց մեծամասնությունը տիրապետում է օտար լեզուների: Այս օրենքի վավերացումը կխթանի այդ մասնագետների արտագաղթը դեպի ավելի արդար աշխատանքային եւ կենսական պայմաններ առաջարկող օտար երկրներ, որոնցում շատանում են ծնելիության աճին նպաստող միջոցառումները: Մեր պետությունը կարիք չունի՞ բնական աճի, խոստումնալից երիտասարդ մասնագետների:
Ցանկանում ենք հավատալ, որ օրինագծի նպատակը չի եղել այդ տենդենցների արթնացումը, այլ, ինչպես նշվել է մամուլում, սա մի փորձ էր կանխել չարաշահումների դեպքերը: Սիրով կողջունենք այդ չարաշահումները կանխող փոփոխությունները, որոնք չեն հանգեցնի մոր եւ մանկան կենսամակարդակի էական վատթարացմանը:
Քանի որ ներկայումս այս օրենքի վավերացմանը կարող եք խանգարել միայն Դուք՝ օգտվելով Ձեր սահմանադրական իրավունքից եւ չստորագրելով այն, խնդրում ենք հաշվի առնել մեր մտահոգությունը եւ իրականացնել ՀՀ սահմանադրության 48-րդ հոդվածով ամրագրված պետական գերակա նպատակներից մեկի՝ ընտանիքի, մայրության եւ մանկության հովանավորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել