Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵՅԽՆ ՈՒ ՕԼԻԳԱՐԽՆ՝ ԸՆԴԴԵՄ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ

Նոյեմբեր 23,2010 00:00

\"\"Սասուն Միքայելյանից, ազատությունից բացի, հողն էլ են խլում

Կոտայքի մարզի Արտավազ գյուղի մի քանի տասնյակ բնակիչներին երեկ Երեւան էր բերել ՀՀ գործադիրի փետրվարի 25-ի որոշումը, որի համաձայն, գյուղի մոտ 100 բնակչի պատկանող հողերը համարվել են հանրային գերակա շահ: Կառավարության շենքի մոտ հավաքված գյուղացիները վարչապետից պահանջում էին չեղյալ համարել այդ որոշումն ու վերադարձնել իրենց հողերը: Ըստ նրանց հասած տեղեկությունների՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Աբրահամյանը, արաբ շեյխերից մեկի օգնությամբ մտադիր է այդ տարածքներում ջրերի գործարան կառուցել: Ի թիվս այլոց՝ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի 1,5 հա հողատարածքն էլ է գերակա շահ ճանաչվել: Այնինչ՝ 2006-ին այդ տարածքը կառավարության որոշմամբ նրան էր հատկացվել փոքր հիդրոէլեկտրակայան կառուցելու համար:
Ուշագրավ է, որ գյուղապետ Ռեն Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում խիստ զարմացավ, որ գյուղացիներն իրենց բողոքներով Երեւան են եկել. «Չգիտեմ՝ ինչքան բնակիչ է եկել, բայց գյուղը շատ բնակիչ չունի: Այնպես որ, բնակիչները չեն հաստատ»: Նաեւ հավելեց. «Փոխհատուցման գործընթացն ահագին ժամանակ է, ինչ ընթանում է: Մոտ 20-30 ընտանիք արդեն փոխհատուցում է ստացել, մի երկու այդքանն էլ  փաստաթղթերի բացակայության պատճառով սպասում են, իսկ մնացածները՝ մոտ 17 ընտանիք, դատարան են տվել, հենց նրանք էլ երեւի պահանջում են չեղյալ համարել որոշումը, ասում են՝ քիչ է փոխհատուցումը: Չէ, ոչ թե ասում են քիչ է, այլ կառավարությունից պահանջում են պարզապես չեղյալ համարել այդ որոշումը»: Թե ինչքանով են փոխհատուցումից գոհ բնակիչները, գյուղապետը դժվարացավ պատասխանել. «Մարդ կա, որ բողոքում է գումարի չափից, պնդելով, թե քիչ է, մարդ էլ կա վերցրել ու ուրախ-ուրախ գնացել է: Փոխհատուցման չափերը շատ տարբեր են. վարելահող կա, որ մոտ 6 մլն են գնահատել, խոտհարքներն էլ՝ մոտ 800 000 դրամ… խառը»:
Սասուն Միքայելյանի լիազոր ներկայացուցիչ Հակոբ Ավագումյանն էլ լրագրողների հետ զրույցում վստահեցնում էր, որ գործադիրի որոշումից հետո գյուղացիների հաշվեհամարներին հողի դիմաց չնչին գումարներ են փոխանցել, առանց հաշվի առնելու՝ գյուղացիները համաձա՞յն են հողերը վաճառել, թե՞ ոչ: Հողերն էլ գյուղացիներից շուկայականից ցածր գներով են գնել. «Կոնկրետ Սասուն Միքայելյանի 1,5 հա էներգետիկ նշանակության հողի դիմաց վճարել են 3 200 000 դրամ, ինչը մոտ 10 անգամ ցածր է շուկայական գներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել