Երեկ ֆիզիկոս, ռազմական գործիչ, արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն էր: Նրա 68-ամյակը: Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրից Լ. Ազգալդյանը, որպես ռազմական գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի իղձերն ու արժանապատվությունը տարատեսակ ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու ոգորումներում։ 1990թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել սահմանամերձ շրջանների եւ հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի մայրաքաղաքի կայարանի եւ Սովետաշենի արյունալի դեպքերից հետո ծրագրավորել եւ իրականացրել է խորհրդային պատժիչ զորքերի՝ Երեւան ներթափանցման խոչընդոտումը:
Լ. Ազգալդյանը հետագայում գործել է Գետաշենի եւ Շահումյանի, այնուհետեւ՝ Մարտակերտի շրջաններում։ 1991թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչեւ իր կյանքի վերջը։ Լ. Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում, Տոնաշեն գյուղի մոտ զոհ գնաց թշնամու կրակոցներին։ Նա հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: