Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 29-ին

Նոյեմբեր 23,2010 00:00

Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում շարունակվեց Չարենցավանի ոստիկանությունում կասկածելի հանգամանքներում մահացած
Վահան Խալաֆյանի գործով դատաքննությունը:

\"\"

Երեկվա դատական նիստում հանդես եկավ ամբաստանյալ, Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մորիս Հայրապետյանի փաստաբանը: Նրա ճառն ավելի շատ ուղղված էր ոչ թե իր պաշտպանյալի պաշտպանությանը, այլ ուղղված էր ոստիկանության Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանին դատապարտելուն: Անգամ դատարանում ներկա գտնվողները ակնարկում էին, թե Հայրապետյանի փաստաբանի ճառը, հավանաբար, գրվել է Երեւանում՝ Վազգեն Սարգսյան փողոցում, նկատի ունենալով այն, որ նշված փողոցում է գտնվում ՀՀ գլխավոր դատախազությունը:
Փաստաբանն իր ճառում հայտարարեց, որ Մորիս Հայրապետյանն օժանդակել է քննչական մարմնին, մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությանը՝ հանցագործությունը բացահայտելու գործում, պահանջելով դատարանից, որ իր պաշտպանյալի նկատմամբ կայացվի արդարացման դատավճիռ:
Փաստաբանից հետո 5-6 րոպեանոց ելույթ ունեցավ Մորիս Հայրապետյանը, ով անհիմն համարեց Աշոտ Հարությունյանի տված բոլոր ցուցմունքները եւ Աշոտի քայլը համարեց «շինծու, քրեական պատասխանատվությունից խուսափելու փորձ»:
Մորիսից հետո դատարանում վերջին խոսքով հանդես եկավ ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը, ով իր ճառում փորձում էր արդարացնել Խալաֆյանի նկատմամբ կատարած իր գործողությունները՝ պատճառաբանելով, որ ինքն առանց իր անմիջական վերադասի չէր կարող որեւէ գործողություն կատարել: Ա. Հարությունյանի ճառը տեւեց 1 ժամից ավելի:
Թե՛ նրա հարազատները, թե՛ Խալաֆյանները սպասում էին, որ նա գոնե այս անգամ կտար կոնկրետ անուններ եւ կբացահայտեր իրականությունը՝ տալով Վահանին խոշտանգողների անունները, սակայն դա տեղի չունեցավ:
Աշոտի ճառից հետո միջնորդությամբ հանդես եկավ Խալաֆյանների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, ով պնդեց, որ Վահան Խալաֆյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան խոշտանգելով սպանել են ոստիկանությունում, եւ հիմնական կասկածյալը ամբաստանյալ, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մորիս Հայրապետյանն է:
Այս ամենից հետո դատավորը հայտարարեց, որ դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 29-ին: Դատավորի՝ դահլիճից դուրս գալուց հետո մեղադրող Կորյուն Փիլոյանը Վահան Խալաֆյանի հորեղբայր Համիկ Խալաֆյանին մեղադրեց «ինչ-որ մարդկանց ձեռքին գործիք լինելու» մեջ: Սրան հակադարձեց Խալաֆյանը. «Գործիքը դուք եք, ձեր դատախազությունով: Մարտի 1 սարքեցիք ու կոծկեցիք՝ պրծաք, հիմա էլ էս գործն եք ուզում կոծկեք»: Դատական կարգադրիչների միջամտության արդյունքում բանը ձեռնամարտի չհասավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել