Այսպես է վերաբերվում ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը հարեւան Վրաստանի հաջողություններին
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը համոզված է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի չմասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում նախատեսված հանդիպումներին որեւէ կերպ չի անդրադառնա Հայաստան-ՆԱՏՕ հետագա հարաբերությունների վրա, որոնք, ի դեպ, մեր իշխանավորներն իրենց ամենատարբեր հայտարարություններում շատ թանկ են գնահատում: Իսկ գագաթաժողովի հռչակագրի նախագծում առկա եւ Հայաստանի համար անընդունելի սկզբունքը՝ Հարավային Կովկասում հակամարտությունների լուծումը տարածքային ամբողջականության հիմքով, մեր զրուցակցի կարծիքով, արված է հենց Վրաստանի պահանջով եւ վրացական կոնֆլիկտի կոնտեքստում: Նա ընդգծում է փաստը, որ այդ գագաթաժողովում առանձնահատուկ ուշադրության արժանացան ՆԱՏՕ-Ռուսաստան փոխհարաբերությունները, որոնց ենթատեքստում էլ նշյալ ձեւակերպումները կարեւորություն եւ քաղաքական բովանդակություն են ստանում: Այս պարագայում ՀՀ նախագահի դիրքորոշումը, ըստ նրա, շատ արժանապատիվ էր, մանավանդ, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քանիցս հայտարարել է, որ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման խաղաղ գործընթացում իր գլխավորած կառույցը որեւէ դերակատարում չի կարող ստանձնել, եւ մանավանդ, որ ղարաբաղյան կարգավորման ներկա փուլում արդեն որոշակիություն է մտել՝ ուժի կիրառման սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի համադրում՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով: ՀՀ նախկին վարչապետը Վրաստանի այս «պարգեւատրումը» դիտարկում է բացառապես ՌԴ-ի նկատմամբ քաղաքական ճնշումների համատեքստում: Այս իրադարձությունների ֆոնին մեր զրուցակիցը խանդով չի վերաբերվում նաեւ վերջերս ԵՄ նախագահի կողմից Վրաստանի նախագահին արված՝ Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու առաջարկին: «Դեռեւս 1996-97 թվականներին Եվրոպական ընկերակցության կողմից Վրաստանը մի քիչ առանձնացված էր դիտվում Հայաստանից ու Ադրբեջանից: Այն ժամանակ խոսք էր գնում Եվրոպայի խորհրդին անդամակցելու մասին, եւ մենք անընդհատ առաջարկում էինք, որպեսզի Հարավային Կովկասը մեկ միավոր դիտվի: Եվրոպացիներն ասում էին՝ ոչ, դուք միմյանց հետ խնդիր ունեք, եւ ձեր հարցերը առանձին են նայվելու, Վրաստանինն՝ առանձին: Եվ եթե հիշում եք, Վրաստանը Հայաստանից ու Ադրբեջանից մեկ տարի շուտ անդամակցեց ԵԽ-ին՝ անդամակցության առանձին պրոցեդուրայով: Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ անդամակցեցին ԵԽ-ին»,- հիշեցնում է Խոսրով Հարությունյանը՝ փաստելով, որ ղարաբաղյան կոնֆլիկտի առկայությունը խանգարեց ՀՀ-ի եւ ԱՀ-ի՝ եվրոպական ինտեգրմանը, մինչդեռ Վրաստանն այս առումով շահեկանորեն տարբերվում է իր հարեւաններից: Իսկ ՌԴ-ի հետ Վրաստանի հակասություններն ու կոնֆլիկտները միայն Վրաստանինը չեն, այլ ամբողջ Եվրոպայինը: «Վրաստանի՝ ռուսական ճնշմանը դիմակայելու, առճակատվելու կարողությունների ավելացման հետ է կապված ԵՄ-ի վերաբերմունքը: Վրաստանին սիրաշահում են, եթե կարելի է այդպես ասել՝ պարգեւատրում են, խրախուսում են ընդգծված հակառուսական քաղաքականության համար»:
Իսկ արժե՞ հուսալ, որ Հարավային Կովկասը որպես մեկ միավոր կդիտվի, քանի որ ԼՂՀ կոնֆլիկտը դեռեւս լուծված չէ: «Ժամանակն իրենը կասի, բայց Կովկասը բաժանված չէ: Կարող է տարբեր արագությունների այդ քաղաքականությունը պահպանվի, բայց միեւնույն է՝ Եվրոպայի համար Հարավային Կովկասը մեկ միասնական, նաեւ տնտեսական շուկա է: Ժամանակի ընթացքում եվրոպացիներն ամեն ինչ կանեն, որ այստեղ միասնական տնտեսական հարաբերություններ լինեն, համագործակցություն լինի երեք հանրապետությունների միջեւ, քանի որ ոչ Հայաստանը, ոչ Վրաստանը, ոչ էլ Ադրբեջանն առանձին, որպես շուկա, տնտեսական հետաքրքրություն իրենցից չեն ներկայացնում: Որ Կովկասը դառնա Եվրոպայի անբաժանելի մաս՝ արդարացված քաղաքականություն է եւ բխում է մեր շահերից: Թե դրա համար որքան ժամանակ կպահանջվի՝ կտեսնենք, բայց որ այդ գործընթացն այլեւս անշրջելի է, ակնհայտ է: Հարավային Կովկասի բնական, աշխարհաքաղաքական եւ տնտեսական տեղը Եվրոպան է»,- կարծում է պարոն Հարությունյանը:
Հետաքրքիր է, որ ըստ Խոսրով Հարությունյանի, Եվրոպան Վրաստանին անդամակցության հայտ ներկայացնելու առաջարկ անելով՝ բնավ էլ չի նվազեցնում Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում: Այս առումով նա իրեն եւ Հայաստանին պարտված չի զգում: Այլ հարց է, որ այս իրավիճակում Հայաստանի ներքին, հանրային կյանքում, նրա համոզմամբ, օրինականությունը, արդարությունը, բարոյականությունը վերականգնելու համար բավականին մեծ եւ չօգտագործված ռեսուրս ունենք. «Այստեղ մենք զիջում ենք եւ պարտավոր ենք մտածել, բայց ոչ պարտված լինելու կոնտեքստում: Ես ուրախ եմ, որ մեր հարեւանի շուրջ այսպիսի զարգացումներ կան: Դրանից մենք շատ բան կարող ենք վերցնել: Մենք պիտի մրցակցենք եւ համեմատվենք առաջ ընթացող, զարգացող երկրների հետ, ոչ թե խանական»: Ընդհանրապես, նա գտնում է, որ եվրոպացիները որեւէ տարածաշրջանում իրենց հարաբերությունները որեւէ պետության հետ դժվար թե կարգավորեն մեկ այլ պետության հաշվին. «Պարզապես յուրաքանչյուր պետության հետ կունենան իրենց ընդգծված քաղաքական վերաբերմունքը: Թե այդտեղ ինչ կկորցնի կամ ինչ կշահի Հայաստանը՝ կապրենք՝ կտեսնենք»: