Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑ ԼԻՍԱԲՈՆԻ ԲՈՅԿՈՏՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՂՆԵՐԻՆ

Նոյեմբեր 23,2010 00:00

ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն «Առավոտին» ասաց. «Մի շարք քաղաքական գործիչներ՝ Ստեփան Սաֆարյանը, Գագիկ Մելիքյանը, Արտակ Դավթյանը, Արամ Սաֆարյանը եւ այլք՝ ճիշտ համարեցին Սերժ Սարգսյանի կողմից ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպումը բոյկոտելը: Հիմքն այն էր, որ ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան համաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման կապակցությամբ հղում էր արվում ԵԱՀԿ-ի հռչակած սկզբունքներից միայն մեկին՝ տարածքային ամբողջականությանը»: Ընդմիջենք՝ նշելու համար, որ նոյեմբերի 20-ին ընդունված Լիսաբոնի գագաթաժողովի հռչակագրի 35-րդ կետում, ըստ http ://www.nato.int/cps/en/natolive/official_texts_68828.htm?mode=pressrelease-ի՝ նշված է. «Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը, ինչպես նաեւ շարունակելու ենք աջակցել այս տարածաշրջաններում հակամարտությունների խաղաղ կարգավորման ջանքերին՝ հաշվի առնելով այդ սկզբունքները»: Վլադիմիր Կարապետյանը նշեց. «Սերժ Սարգսյանի Մոսկվա այցից հետո, երբ նա հայտարարեց, թե ավելի ինքնավստահ է վերադառնում՝ 2 օր անց ստորագրվեց Բաքվի հռչակագիրը, որը ստորագրեցին 5 պետություններ՝ Ադրբեջանը, Իրանը, ՌԴ-ն, Ղազախստանը եւ Թուրքմենստանը: Եվ այնտեղ օգտագործված է ճիշտ նույն բառընտրությունը»: Մասնավորապես՝ ըստ https://news.kremlin.ru
/ref_notes/784-ի. այդ համատեղ հայտարարության 12-րդ կետում նշված է, թե կողմերը Կասպից ծովի ավազանում հակամարտությունների կարգավորումը համարում են  կայուն խաղաղության գլխավոր պայմանը՝ «պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման եւ սահմանների անխախտելիության հիմքերի վրա»:  Նա նշեց. «Հիմա ես այդ քաղաքական գործիչներին հարց եմ տալիս՝ նույն տրամաբանությամբ, Սերժ Սարգսյանը չպիտի՞ մեկնի նաեւ Մոսկվա, Աշգաբադ, Թեհրան եւ Աստանա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել