Տեղամասային ընտրական հանձնաժողովների վերաբերյալ երեկ այս սենսացիոն խոստովանությունն արեց ԿԸՀ անդամը:
Երեկ իր աշխատանքները սկսեց «Հայաստանի ներկայացրած «Ընտրական օրենսգիրքը» եւ միջազգային հեռանկարը» համաժողովը, որին մասնավորապես մասնակցում էին ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի բազմաթիվ փորձագետներ: Նրանց տեսակետներին կանդրադառնանք վաղվա համարում: Իսկ առայժմ մեջբերենք այն ելույթը, որը համաժողովի ընթացքում ունեցավ 1999-ից ԿԸՀ-ում ՀՅԴ-ն ներկայացնող եւ տարբեր ժամանակահատվածներում նաեւ այդ մարմնի փոխնախագահ, քարտուղար եղած Համլետ Աբրահամյանը: Նախ նշենք, թե նա հայտարարեց, որ կտրականապես դեմ է առաջարկվող նախագծին: Հիմնավորումներից մեկն էլ այն էր, թե ըստ նախագծի՝ ընտրական տեղամասերում հանձնաժողովի անդամ պետք է նշանակի նաեւ ՀՀ նախագահը: «Չեմ հասկանում՝ ՀՀ նախագահը բան ու գործ չունի՝ պետք է տեղամասային հանձնաժողովի անդա՞մ նշանակի»,- հարցրեց Համլետ Աբրահամյանը: Եվ նրա այս դիրքորոշումը կիսում էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, որն ուղղակի անհասկանալի համարեց այս դրույթը. «Չեմ կարծում, թե ՀՀ նախագահը ճանաչում է բոլորին՝ մոտ 2 հազար մարդու, որոնց պիտի նշանակի: Ուրեմն, բնական է, որ այդ ցանկերն ինչ-որ մարդիկ ներկայացնում են: Եվ կարելի է կռահել, թե ովքեր են այդ մարդիկ: Ամբողջ խնդիրը հենց այդ մարդկանց հետ է, չէ՞. մենք ուզում ենք նրանց ապօրինի վերահսկողությունից ազատվել»:
Սակայն առավել ուշագրավ էր Համլետ Աբրահամյանի մյուս ելույթը, երբ նա նախ՝ բավական վիճարկելի հայտարարություն արեց. «ԿԸՀ-ն եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրությունների կազմակերպման առումով փայլո՛ւն աշխատանք են կատարել: Միշտ ապահովված է մեր ընտրական համակարգը՝ ե՛ւ օրենսդրության, ե՛ւ կազմակերպական առումով»: Եվ հավելեց, թե բոլորը գիտեն, բայց լռում են հետեւյալի մասին. «Քվեարկության օրը՝ 8:00-ից սկսած մինչեւ 20:00-ն՝ տեղամասային հանձնաժողովի անդամները եւ հանձնաժողովները ո՛չ ԿԸՀ-ին, ո՛չ ԸԸՀ-ին չեն ենթարկվում, այլ ենթարկվում են տեղամասային պատասխանատուներին, ոստիկանապետերին, դատախազներին, շտաբի պետերին եւ այլն: Եվ արդյունքում՝ ընտրություններն ամփոփվում են ՏԸՀ անդամներից ստացված տվյալների հիման վրա՝ կուսակցություն թե թեկնածու, ավելի շուտ են իմանում, որ ընտրված են: Մենք իմանում ենք ամենավերջինը բոլոր տվյալները, քանի որ ոչ մի ՏԸՀ այդ օրը ԿԸՀ-ին եւ ԸԸՀ-ին չի ենթարկվում եւ չի կատարում նրանց ցուցումները: Սա՛ է ճշմարտությունը»:
«Առավոտի» հարցին ի պատասխան՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ նախորդ ընտրությունների օրոք ԿԸՀ-ն զուրկ է եղել տեղամասերում վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից՝ պրն Աբրահամյանը դարձյալ շեշտեց. «Ո՛չ, հնարավորությունից զուրկ չի եղել: Սակայն տեղամասային հանձնաժողովները չեն ենթարկվել ո՛չ ԿԸՀ-ին, ո՛չ ԸԸՀ-ին»:
Հ. Գ. ՀԱԿ-ը մերժել էր այս համաժողովին մասնակցելու հրավերը՝ դարձյալ պատճառաբանելով, թե որեւէ հարցի հետ կապված քննարկում իշխանությունների հետ կարող է լինել միայն այն բանից հետո, երբ ազատ արձակված կլինեն բոլոր քաղբանտարկյալները, եւ առաջընթաց կգրանցվի Մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ։ Եվ բացի այդ՝ «ՀԱԿ-ը եւ ցանկացած այլ քաղաքական ուժ, մտնելով այս քննարկման մեջ՝ ակամա լեգիտիմացնում է այն տեսակետը, որ արատավոր ընտրական համակարգի պատճառները կապված են «Ընտրական օրենսգրքի» անկատարության հետ, ուստի մասնակից է դառնում վարչախմբի գործած՝ ընտրական կեղծիքների ու բռնության միջոցով իշխանության յուրացման ծանրագույն հանցանքը պարտակելուն»: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով ՀԱԿ-ի չմասնակցելուն՝ ասաց. «Ես ցավում եմ, որ նրանք չեն մասնակցում: Ցավում եմ, որ նրանք որոշել են չհամագործակցել «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման առումով: Այնուամենայնիվ, որոշակի առաջարկություններ ներկայացրել են ԵԽԽՎ-ին: Եվ չեմ ասի, թե մենք հպարտ ենք, ու քանի որ մեզ չեն ներկայացրել՝ չենք դիտարկելու: Մենք անպայմա՛ն անդրադառնալու ենք նաեւ նրանց առաջարկություններին»: