Ասում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւ պարզաբանում. «Ես իշխանությունների ընդդիմախոսն եմ»:
– 2009թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ զեկույցի ԱԺ-ում քննարկումից հետո մեկնաբանությունների տեղիք տվեց այն, որ ՀՀԿ-ից նույն պատգամավորը, որն անցած տարի քննադատում էր Ձեր զեկույցը՝ այս անգամ դրվատալից ելույթ ունեցավ, թե էլ չկան «այն հայհոյանքները, որ նա տեղում էր պետական մարմինների հասցեին, վարկաբեկում նրանց»: Ինչպե՞ս եք վերաբերվում սրան:
– Կարդալ իմացող յուրաքանչյուր մարդ, եթե վերցնի մեր 2008-ի եւ 2009 թվականի զեկույցներն ու համեմատի՝ հստակ կտեսնի, որ չկան իրավունքների խախտման վերաբերյալ այդպիսի խնդիրներ, որոնք մենք արծարծել ենք 2008-ին եւ չենք արծարծել 2009-ին: Չի՛ կարող մի զեկույցը լղոզված լինել, մյուսը՝ լավը, քանի որ մեր բոլոր զեկույցները շաղկապված եւ փոխկապակցված են: Այդ տեսակետից՝ չեմ կարող բացատրել, թե ինչու այն ժամանակ դա «հայհոյանք» էր, իսկ հիմա արդեն «հայհոյանք» չէ. երեւի ճիշտ կլինի դա հարցնել Ռաֆիկ Պետրոսյանին: Մենք ուղղակի այն ժամանակ զեկույցում նաեւ ներածություն ունեինք, որտեղ որոշակի ընդհանուր եզրակացություններ էինք նշում, իսկ այս անգամ ներածություն չի եղել: Մի քիչ էլ խմբագրական հարցեր կան՝ հո նույնը չե՞նք կարող նորից գրել, կառուցվածքը փոխվում է:
– Այսինքն՝ համաձա՞յն չեք նրա մեկնաբանությանը, թե ՄԻՊ-ը հրաժարվել է իր «նախադասություններից», որովհետեւ ՀՀ նախագահի եւ ԱԺ-ի ձեռնարկած քայլերը «վերականգնեցին իրավիճակը»:
– Ի՞նչ իրավիճակ է վերականգնվել: Գուցե եթե իրեն հարցնեք, թե ինչ նկատի ուներ՝ ըստ դրա կկարողանայի բացատրել, քանի որ մնացել են այն խնդիրները, որոնք ունեինք դատական համակարգի, ոստիկանության առումով: Իհարկե, 1 տարի անցել է, դինամիկա կա՝ որոշ խնդիրներ լուծվում են, առաջանում են որոշ նոր խնդիրներ: Բայց որ կտրուկ դրական բաներ են եղել, եւ մենք այստեղ շատ դրական կարծիք ենք ներկայացրել,… ես համաձայն չեմ, որ նախորդ զեկույցում հիմնականում հայհոյանքներ ենք գրած եղել, եւ համաձայն չեմ, որ այս զեկույցն էլ ինչ-որ շատ դրական է:
– ԱԺ ընդդիմադիրներն էլ, սակայն՝ նշեցին, թե այս զեկույցը գնահատականների առումով խուսափողական է:
– Բացարձակապե՛ս: Բոլոր խնդիրների՝ թե՛ խոսքի ազատության, թե՛ հանրահավաքների, թե՛ բանակի, թե՛ սոցիալ-տնտեսական համակարգի հետ կապված՝ նշված են մեր նույն մոտեցումները: Գուցե քանի որ ներածություն եւ ամփոփում չի եղել՝ դրա հետ են կապում:
– Եվս մի հանգամանք, որը տեղիք տվեց մեկնաբանությունների: Առնվազն 2 տարի անընդհատ բողոքում էիք, որ պետբյուջեով բավարար հատկացումներ չեն արվում ՄԻՊ գրասենյակին, եւ ցածր աշխատավարձի պատճառով կա կադրերի արտահոսք: 2011-ի բյուջեով կառավարությունը վերջապես գումար է նախատեսել այդ նպատակով: «Արդյոք չե՞ք գտնում, որ դա ուղղակի խրախուսում է այս տարվա զեկույցի ավելի պասիվ դիրքորոշմանը»,- ԱԺ-ում հարցրեց Լարիսա Ալավերդյանը:
– Շահարկումներ միշտ էլ կարող են լինել, ինչպես եղավ «ՄԻՊ մասին» օրենքում փոփոխությունների հետ կապված, թե իբր բարձրանում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատավարձը, երբ խոսքն ընդամենը մեր գրասենյակի աշխատակիցների աշխատավարձի մասին է: Դրանք չեն բարձրացվել վերջին 5 տարում: Մինչդեռ նույն ընթացքում քաղծառայողների աշխատավարձերը բարձրացվել են գրեթե կրկնակի: Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի պահանջներից մեկը ՄԻՊ գրասենյակի ուժեղացումն է: Դա վերաբերում է այն բոլոր 6 երկրներին, որոնք ընդգրկված են ԱԼԳ ծրագրում. եւ այսօր ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում. Ադրբեջանում կամ Ուկրաինայում ընթանում են այս նույն աշխատանքները: Այդ շրջանակում է լուծվել այս խնդիրը, եւ շատ լավ է, որ կառավարությունն այդ հնարավորությունը գտավ, եւ այլեւս չի լինի կադրերի արտահոսք: Ի՞նչ է, վա՞տ է, որ Հայաստանն այս հարցում առաջատար է եւ ավելի վաղ արեց նման փոփոխություններ: Երբ չեն անում, չեն ուժեղացնում, ասում են՝ իշխանությունները ՄԻՊ գրասենյակի նկատմամբ ունեն ընդգծված վատ վերաբերմունք, անում են՝ սկսում են հորինել ինչ-որ այլ պատճառներ, թե ինչու են արել: Հիմա բա ո՞նց անենք, լավ:
– ԱԺ ընդդիմադիրները նաեւ նշում էին, թե Պաշտպանը բավարար հետեւողական չէ, որքան պահանջում է իրականությունը: Եվ մասնավորապես՝ ընդամենը 1-2 անգամ եք պետական մարմնի ներկայացուցչին դատի տվել Ձեր առաջարկը կամ օրենքի որեւէ նորմ խախտելու համար: Ընդունո՞ւմ եք, որ «պասիվության ճանապարհն է ՄԻՊ-ը բռնել»:
– Սրանք ընդհանուր ձեւակերպումներ են, որոնք կարելի է անել միշտ՝ յուրաքանչյուր աշխատանքի վերաբերյալ, թե հետեւողակա՜ն չէ եւ այլն: Բայց դեպքեր ունենք, որ մարդկանց են հեռացրել աշխատանքից՝ մեր արծարծած հարցերի հետ կապված: Իսկ նման ընդհանուր գնահատականները քաղաքական գործընթացի շարունակությունն են: Եվ արդեն սովորել ենք, որ մեր նկատմամբ գնահատականները տրվում են՝ ելնելով քաղաքական մոտեցումներից: Պասիվության խնդիր չկա՝ իմ գնահատականները միշտ էլ եղել են շատ կոնկրետ, հստակ, ես որեւէ հարցից չեմ խուսափել՝ բացի քաղաքական գնահատականներից եւ քաղաքական ձեւակերպումներից: Դե, կներեք՝ չեմ կարող կուսակցությունների ցանկություններով այնպիսի ձեւակերպումներ տալ, որ նրանք կարողանան դրանք օգտագործել քաղաքական գործընթացներում, եւ այդ ժամանակ դառնամ լավը: Ես քաղաքական ձեւակերպումների եւ գործընթացների հետ կապ չունեմ:
– 2012 թվականին պետք է տեղի ունենան ՄԻՊ նոր ընտրություններ: Եվ մտահոգություն կա, թե դրանց ընդառաջ՝ փոխում եք Ձեր դիրքորոշումները եւ ձեռնպահ մնում իշխանությանը հակադրվելուց:
– Ես իշխանություններին հակադրվողը չեմ: Ես իշխանությունների ընդդիմախոսն եմ՝ որպես ինստիտուտ: Մինչեւ այդ տարբերությունը չհասկանան՝ միշտ էլ կարող են դժգոհել ինձնից: Ընդդիմախոսն այն մարդն է, որը համակարգից դուրս է նայում: Շատ անգամ համակարգի մեջ լինողը չի նկատում առկա խնդիրները, որոնք ավելի հեշտ նկատում է համակարգից դուրս լինողը եւ խնդիրներ արծարծում, որ համակարգում լինողը սկսի ուղղել դրանք: Այս ինստիտուտի փիլիսոփայությունը դա է՝ ընդդիմախոսության միջոցով օգնելը, եւ դրված չէ հակադրվելու գաղափար: Եթե դա ձեռնտու չէ որոշ մարդկանց՝ իրենց խնդիրն է: Եվ միեւնույն է, ես թույլ չեմ տա, որ ինձ ներքաշեն քաղաքական գործընթացների մեջ: Սակայն իհարկե, վարքագիծը պետք է համահունչ լինի առկա իրավիճակին: Եթե հեղափոխական վիճակ է ամբողջ հասարակության մեջ, իրավապահ մարմինների եւ զանգվածի միջեւ կա լուրջ կոնֆլիկտ՝ դու պետք է կանգնած լինես նրանց մեջտեղում, ինչպես եղավ 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ: Բայց դրանք առանձնահատուկ, եզակի իրավիճակներ են, ու չես կարող՝ այդ իրավիճակը չլինի, բայց այդ իրավիճակի ոգով քեզ պահել: Լենինի այն աշխատությունը չդառնա, որտեղ առաջադրվում էր պերմանենտ հեղափոխության գաղափարը: Հիմա որոշ մարդիկ էլ ուզում են, որ ՄԻՊ-ը հանդես գա պերմանենտ հեղափոխական կարգավիճակով եւ ձեւակերպումներով: Նման բան չի՛ կարող լինել:
Ինչ վերաբերում է իշխանությունների նկատմամբ ավելի հանդուրժող լինելուն՝ կան 2006 թվականից սկսած՝ ամեն տարի մեր հրապարակած զեկույցները. թող կարդան: Դրա համար պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալ՝ պետք է հայերեն կարդալ իմանալ կամ գոնե անգլերեն, ու փորձել համեմատել՝ ըստ գլուխների եւ ըստ տարբեր մարմինների թույլ տված խախտումների: Եթե տեսնեն, որ հարցեր կան, որոնց կապակցությամբ խուսափել ենք՝ թող հստակ նշեն, թե այստեղ գրել ենք, իսկ այստեղ չկա, եւ մենք կպատասխանենք::