Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՏ ԱՆԿԱԽ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ»

Նոյեմբեր 23,2010 00:00

\"\"Այս հայտարարությունն է հնչել Լիսաբոնում ՆԱՏՕ-ի ներկայացուցչի կողմից

Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հռչակագրում նշված է, որ Եվրաատլանտյան տարածքի խաղաղության առումով Հարավային Կովկասում եւ Մոլդովայում պահպանվող երկարատեւ տարածաշրջանային հակամարտությունները շարունակում են դաշինքի համար մեծ մտահոգությունների խնդիր մնալ. «Մենք բոլոր կողմերին կառուցողական ներգրավվածության, հակամարտությունների խաղաղ լուծման համար քաղաքական կամքը ուժեղացնելու եւ ընթացիկ բանակցային ֆորմատները հարգելու կոչ ենք անում: Կոչ ենք անում բոլորին խուսափել քայլերից, որոնք կարող են խարխլել տարածաշրջանային անվտանգությունը եւ կայունությունը:
Մենք հավատարիմ ենք մնում մեր աջակցությանը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը եւ նաեւ շարունակելու ենք աջակցել ջանքերին այս տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով այս սկզբունքները»,- ասված է ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված հռչակագրում։ Չի բացառվում, որ նաեւ այս հռչակագրի որոշ տողերի պատճառով է, որ մեր երկրի նախագահը չցանկացավ մեկնել Լիսաբոն: Իսկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Լիսաբոնում հանդիպում են ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ։ ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ջեյմս Ափաթուրայը ճեպազրույցում ներկայացնելով հանդիպմանը քննարկված հիմնական հարցերը՝ ասել է. «Հայաստանը շատ անկախ արտաքին քաղաքականություն ունի։ Մենք հասկանում ենք դա եւ ամբողջովին հարգում, սակայն, իհարկե, ՆԱՏՕ-ն ուրախ է աջակցել Հայաստանի բարեփոխումների ջանքերին»: ՆԱՏՕ-ի խոսնակը խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ նշել է, որ ՆԱՏՕ-ն ուղիղ դերակատարություն չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործում, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ինչ-որ բան գոյություն ունի, եւ Հյուսիսատլանտյան դաշինքը աջակցում է այս հարցում Մինսկի խմբի հետեւած սկզբունքներին։ Հյուսիսատլանտյան այս մեսիջները հայաստանյան քաղաքական գործիչները յուրովի են մեկնաբանում: ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն բավականին ուշացած է խոսում տարածքային ամբողջականության սկզբունքի ճանաչման մասին. «Ի՞նչ է նշանակում՝ ՆԱՏՕ-ն ճանաչում է տարածքային ամբողջականությունը: Կարծում եմ՝ «ճանաչում» բառը վերջերս ուղղակի չարաշահում են: Տարածքային ամբողջականությունը սկզբունք է, որը վերաբերում է միջազգային հարաբերություններին, եւ եթե ՆԱՏՕ-ն դա նոր է ճանաչում, ապա արդյոք մինչ այդ ինքն այս տարածաշրջանում չէ՞ր ճանաչում այս սկզբունքը: Ուրեմն ինքը մինչ այսօր որպես ի՞նչ էր ընկալում Հարավային Կովկասի պետությունները»:
Ի պատասխան մեր հարցին՝ պատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ն այս կարգի հայտարարություններ է անում Աստանայի հանդիպումից օրեր առաջ, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Այո, դա ազդանշան է։ Կարծում եմ՝ արդեն խեղաթյուրված ընկալումների շրջանակներում ՆԱՏՕ-ն տալիս է մի ազդանշան Աստանայից առաջ, որ չմտածեք, ՆԱՏՕ-ն ձեզ հետ է՝ նկատի ունենալով այն պետություններին, որոնցից մեկը դարձել է վաճառող, մյուսը՝ գնորդ ածխաջրածնային այդ ռումբերի: Սա ազդակ է այդ պետություններին: Եվ սրանով իսկ ՆԱՏՕ-ն փաստորեն ավելորդ անգամ է ապացուցում, որ ինքը ոչ միայն չի գտել է իր նոր շրջանակները եւ նոր դեմքը Վարշավյան պայմանագրի պետությունների ցրումից հետո, այլեւ այդպես էլ չի գտել իր իրական դերակատարությունը տարածաշրջանում լայն առումով, ոչ միայն Հարավային Կովկասում»: Պատգամավորի կարծիքով, տարածքային ամբողջականության մասին խոսելով՝ կարծես փորձ է արվում ստորադասել ինքնորոշման իրավունքի սկզբունքը. «Նկատի ունեմ, որ փորձ է արվում տարածքային ամբողջականության սկզբունքը ներկայացնել որպես հակադրություն ինքնորոշման իրավունքին, եւ հենց այստեղ է գաղտնիքը՝ ՆԱՏՕ-ն իր շատ անհաջող հայտարարությամբ կարծեք գալիս է միանալու խեղաթյուրված այն միտումներին, որ ինքը ճանաչում է տարածքային ամբողջականությունը: Իսկ ի՞նչ է սա նշանակում, նշանակում է՝ ինքը ճանաչում է սահմանները, չի ճանաչում վեճե՞րը, որոնք կան, կամ եթե ճանաչում է, ճանաչում է որպես նշված երկրների ներքի՞ն հարց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել