Կիրակի օրը Վայոց ձորից Արարատի մարզ տանող ճանապարհահատվածում մի քանի տեղ ուղեկալներ էին դրված. հայ ու ռուս սահմանապահները, ՀՀ ոստիկանների հետ համատեղ զինված, մեկ առ մեկ ստուգում էին բոլոր մեքենաների ուղեւորներին՝ պահանջելով փաստաթղթեր: Միկրոավտոբուսների վարորդներին էլ հարցուփորձ էին անում, թե՝ ուղեւորների մեջ կասկածելի մարդ չե՞ն նկատել: Սուրենավան գյուղի «պոստի» մոտ իրավապահները կանգնեցրին Վայքից եկող միկրոավտոբուսը, որի մեջ էր նաեւ «Առավոտի» թղթակիցը: Մեր հարցերին ի պատասխան, ոստիկանները որեւէ հստակ բան չասացին, սակայն ռուս սահմանապահներից մեկը պատահաբար «բերանից թռցրեց», որ մարդ են փնտրում: Նշենք, որ արդեն 7-8 օր է՝ Վայոց ձորի բնակիչները խոսում են մեր երկիր ներթափանցած թուրք լրտեսների մասին, որոնք, ըստ տեղեկությունների, նպատակ են ունեցել ջրամբարներին ու ռազմավարական նշանակության այլ օբյեկտներին մեծ վնաս հասցնել: Օրերս այս առնչությամբ ԱԱԾ-ից հայտարարել էին. «Ոչ մի լրտես էլ չկա, դրանք ընդամենը ուսումնավարժանքներ են եղել: Պարզապես այնքան լավ են անցկացրել, որ ժողովրդի մեջ նման տպավորություն է ստեղծվել»: Այս պատասխանի ֆոնի վրա ուշագրավ էր ԱԱԾ-ի երեկվա տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ Սուրենավանի մոտակայքում իսկապես 7 սահմանախախտ են ձերբակալել: Երեկ «Առավոտը» ՀՀ ոստիկանությունից էլ էր հետաքրքրվել, թե ի՞նչ են փնտրում Արարատի ճանապարհին: Ի պատասխան՝ հայտնել էին, որ «կանեփ-կակաչ», «կանալ» հերթական միջոցառումն են անցկացնում, սակայն երբ հարցրինք, թե այդ ո՞ր օրվանից են ռուս սահմանապահներն էլ մասնակցում այդ միջոցառումներին, ոստիկանությունից ավելի ուշ հայտնեցին, որ ԱԱԾ-ն այդ մասին արդեն տեղեկություն հրապարակել է:
Կարդացեք