Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Նոյեմբեր 20,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասներորդ

ԱՐՁԱՆՆԵՐ ԵՎ ՄԱՐԴԻԿ

Եվ Օֆիկը մի քիչ մտածեց ու Լենային ասաց՝ «որ մարդկային չըլնեի, հետդ ըսենց հավասարի պես չէի խոսա», եւ Լենան ժպտալով Օֆիկին ասաց՝ «մեռնեմ համեստ ջանիդ», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու Լենայի վրա գոռաց՝ «գնա՝ դախլիդ հետեւը կայնի» եւ կարմրատակած ավելացրեց՝ «չես տենո՞ւմ, որ մարդիկ կայնել՝ կոֆե են ուզում», եւ Լենան դախլի կողմ նայելով ասաց՝ «ընդամենը մի հոգի ա», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի հոգին էլ ա մարդ», եւ Լենան ժպտալով ասաց՝ «էդ էլ ա բանաստեղծ», եւ Օֆիկը զարմացած հարցրեց՝ «էդ բիձե՞ն», եւ Լենան շշուկով ասաց՝ «Հենրիկ Արթենյանն ա» եւ ձայնն ավելի ցածրացնելով ավելացրեց՝ «ասում են՝ իրա խմելը որ չըլներ, կարող ա Շիրազից էլ անցներ», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Շիրազն էլ պակաս խմող չի», եւ Լենան նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «բանաստեղծներից մենակ Արմենը խմող չի», եւ ես ժպտալով Լենային ասացի՝ «մեկ էլ՝ դու», եւ Օֆիկը արհամարհական նախ Լենային նայեց, հետո նայեց ինձ ու ասաց՝ «որ տվող ա ըլնում, լավ էլ խմում ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ուրիշի հաշվին», եւ Լենան զարմացած հարցրեց՝ «էդ քանի՞ անգամ ես խմելս տեհել», եւ Օֆիկն արհամարհանքով ասաց՝ «մի անգամ տեհել եմ՝ հերիք ա», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ անգամվա արաղը վայ թե ֆալշ էր», եւ Օֆիկն արհամարհական նայեց Լենային ու հարցրեց՝ «որ ֆալշ էր, խի՞ մենակ դու հետ տվիր», եւ Լենան կարմրելով Օֆիկին ասաց՝ «էս էրեխի մոտ սաղ կյանքդ պիտի պատմե՞ս», եւ Օֆիկը ծիծաղելով ասաց՝ «քո՛ւ կյանքն եմ պատմում, ոչ թե՝ իմը», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «լավ կանես՝ քո՛ կյանքը պատմես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուրիշի կյանքը պատմելը շատ հեշտ ա», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մանավանդ՝ քո՛ւ համար» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դախլիդ հետեւից սաղին մեկ առ մեկ ուսումնասիրում ես», եւ Լենան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չուզողի աչքն եմ հանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «իսկական բանաստեղծը պիտի ամեն ինչ ուսումնասիրի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «ճիշտ չեմ ասո՞ւմ, Արմեն ջան», եւ Օֆիկը ժպտալով ասաց՝ «աղվեսը պոչին ա վկա բերում» եւ Արթենյանին նայելով՝ Լենային ասաց՝ «գնա՛. բանաստեղծդ քեզ ա սպասում», եւ հենց Օֆիկի խոսքի վրա Արթենյանը մի կենդանական, ավելի ճիշտ՝ թռչնային կռինչ արձակեց, եւ Լենան ասաց՝ «գալիս եմ, ընկեր Արթենյան», եւ երբ Լենան գնաց, Օֆիկն ինձ ասաց՝ «էս պետության տեղն ըլնեի, ձեր էս սաղ բանաստեղծներին բանտերը կքցեի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բանաստեղծների համար հատուկ բանտ կստեղծեի, որ ուրիշների կյանքը չթունավորեին», եւ Օֆիկի խոսքի վրա Արթենյանը նորից մի անհոդաբաշխ կռինչ արձակեց, եւ Օֆիկը զզվանքով նայեց Արթենյանին ու գոռաց՝ «ի՞նչ ա էղել, արա՛», եւ Արթենյանը սեւեռուն նայեց Օֆիկին ու ոչինչ չասաց, եւ Օֆիկն ինձ ասաց՝ «էս մարդն արդեն սկսում ա ներվերիս վրա ազդել», եւ ես ասացի՝ «ինքը միշտ էլ ձեր մոտ ա կոֆե խմում», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նոր եմ իմանում, որ բանաստեղծ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ հարցրեց՝ «սրա գրածները կարդացել ե՞ս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Արթենյանը նորից ահավոր կռինչ արձակեց, եւ Օֆիկը զզվանքով նայեց Արթենյանին ու ինձ ասաց՝ «էսի որ չի կարում մարդավարի խոսա, ի՞նչ պիտի գրի», եւ ես ասացի՝ «ասում են՝ շատ ուժեղ ա գրում», եւ Օֆիկը հարցրեց՝ «ո՞վ ա ասում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «կարդացողները», եւ Օֆիկը զզվանքով նայեց Արթենյանին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ կարդացողներին էլ պիտի հետները բանտերը քցեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «թող իրար հետ գրեն ու կարդան», եւ Օֆիկի խոսքի վրա Արթենյանը եւս մի երկարաշունչ կռինչ արձակեց, եւ Օֆիկը զզվանքով նայեց Արթենյանին ու գոռաց՝ «զահրումա՜ր» եւ մի քիչ մտածեց եւ ժպտալով ինձ ասաց՝ «փաստորեն, դու էլ ես բանաստեղծ», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞վ ա ասում», եւ Օֆիկը ներողամտորեն ժպտալով ասաց՝ «նոր Լենան էր ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «Լենան հանաք էր անում», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես դրա լուրջն ու հանաքը լավ եմ տարբերում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դրան արդեն հինգ մատիս պես գիտեմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «Լենան որ չըլներ, էս բանաստեղծներից ո՞նց էիր գլուխ հանելու», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Լենան որ չըլներ, էս բանաստեղծներն ըստեղ ի՞նչ գործ ունեին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դրանց սաղին ինքն ա էրես տվել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էրես չի տվել», եւ Օֆիկը զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ ա արել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ուղղակի՝ հետները մարդկային ա վերաբերվել», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իզուր ես Լենային ինձանից պաշտպանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքն իմ դուշմանը չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ոչ էլ ես եմ իրա դուշմանը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես որ չըլնեի, ինքն էսօրվա օրով երեւի աշխատանք էլ չունենար» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պարզ ա՝ խի ես իրան պաշտպանում», եւ ես հարցրի՝ «խի՞ եմ պաշտպանում», եւ Օֆիկը ժպտալով ասաց՝ «բանաստեղծը պիտի բանաստեղծին պաշտպանի», եւ ես ժպտալով ասացի՝ «ես ի՞նչ բանաստեղծ», եւ խոսքիս վրա Արթենյանը եւս մի կռինչ արձակեց, եւ Օֆիկը ծիծաղելով ինձ ասաց՝ «ճիշտ ես ասում. որ իսկական բանաստեղծ ըլնեիր, դու էլ էս տեսակ ձեներ կհանեիր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էս բանաստեղծներին էլ ես ինձանից իզուր պաշտպանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես որ դրանց ոտն էս տարածքից կտրեմ, Լենան ոչ մի բան էլ չի կարա անի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դրանց դեմ ըսենց խոսում եմ, բայց սրտիս մեջ չարություն չկա», եւ ես ժպտալով ասացի՝ «գիտեմ», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուղղակի՝ հետները չոր եմ խոսում, որ ավելի էրես չառնեն», եւ Օֆիկի էդ խոսքի վրա Արթենյանն ավելի զիլ կռնչաց, եւ Օֆիկը տեղից վեր կենալով ասաց՝ «էրեւում ա՝ էս բիձու աջալն էկել ա», եւ երբ Օֆիկը մոտեցավ բանաստեղծին, ես աննկատ դուրս թռա սրճարանից եւ դրսից՝ սրճարանի պատուհանից ներս նայելով տեսա՝ ինչպես էր Օֆիկը բանաստեղծի օձիքից քաշքշում, եւ ոտս մի քիչ կախ գցեցի՝ մինչեւ Օֆիկը բանաստեղծին սրճարանից դուրս շպրտեց, եւ չնայած Օֆիկը բանաստեղծի հետ էդքան կոպիտ վարվեց, ես էդ առավոտ միանգամայն երջանիկ էի, որ Լենան, Օֆիկն ու Չիլոն բանաստեղծ լինելս արդեն գիտեին, ու էդ ամենը հաճելիորեն տեղավորվում էին յոթանասունչորսի հուլիսյան էդ տաք առավոտվա մեջ, եւ պետական քննություններից ու Լենուղու մանկավարժությունից վերջնականապես ազատված հոգիս հուլիսյան էդ աննախադեպ արեւի տակ ազատորեն ու երջանիկ ճախրում էր, ու էդ առավոտ ազատությունս ու երջանկությունս էնքան շատ էին, որ բերնեբերան լցրել էին պետական քննություններից ու գյուղական մանկավարժությունից վերջնականապես դատարկված ու ազատված հոգիս, եւ հուլիսյան էդ առավոտ հոգով ու ամեն ինչով բանաստեղծ էի, որովհետեւ զգում ու հասկանում էի, որ ազատությունս ու երջանկությունս ընդհուպ աշնանային զորակոչ էր տեւելու, եւ էդ ազատությունս ու երջանկությունս միանգամայն լիարժեք էին լինելու, որովհետեւ նախորդ օրը Լենուղու միջնակարգ դպրոցի հաշվապահից ստացած վերջնահաշիվս շուրջ հինգ հարյուր ռուբլի էր, ու իմ հաշվարկներով՝ էդ հինգ հարյուրը միանգամայն բավարար էր՝ մինչեւ աշնանային զորակոչ կատարյալ ազատ ու կատարյալ երջանիկ լինելու համար, ու էդ ամենին գումարած՝ բանաստեղծ լինելուս մասին Չիլոյի ու մյուսների իրազեկությունը, ու դրան էլ գումարած՝ Չիլոյի հավանությունը՝ «տժժում էր քաղաքը գլխացավից», եւ էդ ամենին գումարած՝ իմ էն համոզմունքը, որ Չիլոն հենց էնպես ու ամեն պատահածի գովողներից չի, ու էդ ամենին էլ գումարած՝ իմ ընկեր Վարդանյան Սերգեյի մշտական հիացմունքն էդ նույն տողի հանդեպ, ու էդ ամենն իրար գումարվելով՝ երջանկությունս ավելի կատարյալ ու լիարժեք էին դարձնում, եւ չնայած պատի թերթի էդ բանաստեղծությունս հետագայում որեւէ տեղ չտպագրեցի, եւ չնայած էդ բանաստեղծությունից ուրիշ տող չեմ հիշում, շատ լավ հիշում եմ, որ յոթանասունչորսի հուլիսյան էդ առավոտ էդ բանաստեղծության ու էդ տողի շնորհիվ ինձ լիարժեք ու իսկական բանաստեղծ էի զգում, ու էդ զգացողությունս էնքան իրական ու էնքան վերջնական էր, որ Օֆիկի ձեռամբ սրճարանից դուրս շպրտված իսկական բանաստեղծ Հենրիկ Արթենյանին նայելով՝ մտքովս չէր էլ անցնում իր վիճակի մեջ մտնել, եւ հիմա հիշողությունս վերականգնելով ու հետին թվով իր վիճակի մեջ մտնելով՝ պիտի հետին թվով ձեզ իրազեկեմ, որ իսկական բանաստեղծ Հենրիկ Արթենյանն էդ վիճակում եւս մի քանի տարի ապրեց եւ իր մահկանացուն կնքեց ութսունականների սկզբներին Կասկադի տասը հարկանի շենքերից երկրորդի տանիքում, ուր ապրում ու գոյատեւում էր իր կյանքի վերջին ձմռան օրերին, եւ չնայած կոնկրետ թվականը չեմ հիշում, շատ լավ հիշում եմ, որ իր կյանքի էդ վերջին ձմեռը չափազանց սառն ու խստաշունչ էր, եւ չափազանց բնական է, որ իսկական ու նուրբ բանաստեղծի մարմինն ու հոգին չպիտի դիմանային տանիքային էդ պայմաններին, չնայած, ասում էին, որ իսկական բանաստեղծ Հենրիկ Արթենյանը Կասկադի էդ տասը հարկանի շենքերից երկրորդի տանիքի տակ լավ էլ ապրելու ու ստեղծագործելու պայմաններ էր ստեղծել եւ նույնիսկ գրասեղան ուներ, բայց, այդուհանդերձ, իսկական բանաստեղծի մարմինն ու հոգին չզորեցին դիմանալ ու դիմակայել էդ ամենավերջին ձմռանը, եւ իր մասին ընդամենն էսքանը կարող եմ ասել, որովհետեւ իր մասին առավել մանրամասն տեղեկություններ որեւէ տեղ չկա գրված՝ էն պարզ ու հասկանալի պատճառով, որ ինքը Գրողների միության անդամ չէր, եւ Գրողների միության տեղեկատուներում իր ծննդյան ու մահվան թվականները տպագրված չկան, չնայած, ի տարբերություն Չիլոյի, Արթենյանը տպագրված գրքերի հեղինակ էր, բայց Չիլոյի պես ինքն էլ Գրողների միության անդամ չէր՝ ինձ անհայտ պատճառներով, եւ իր մասին նաեւ էն կարող եմ ասել, որ Կասկադի տասը հարկանի շենքերից երկրորդի տանիքում՝ ուր Արթենյանն իր վերջին ձմեռն ապրեց, հիմա Ճգնավորյանի բնակարանն է, եւ տարաբախտ ու ճգնավոր Արթենյանի մասին մեկ էլ էն կարող եմ ասել, որ, չնայած ինքը տուն չուներ ու Գրողների միության անդամ չէր, այդուհանդերձ, էս պահի դրությամբ՝ իր արձանը Երեւանի ամենակենտրոնում փառահեղորեն կա, ընդ որում՝ ճակատագրի բերումով էդ մարդարձանը փառահեղորեն կանգնած է Կասկադի երկու տասը հարկանիներից երկրորդի դեմդիմաց, եւ Արթենյանին թեկուզ մեկ անգամ մոտիկից տեսածներն էս ասածս կհաստատեն, որովհետեւ Արթենյանին թեկուզ մի անգամ մոտիկից տեսածները կվկայեն, որ Երեւանի ամենակենտրոնում՝ Կասկադի երկու տասը հարկանիներից երկրորդի դեմդիմաց վերջերս խոյացած Վիլյամ Սարոյանի արձանն ավելի շատ իսկական բանաստեղծ Հենրիկ Արթենյանին է նման, քան՝ Վիլյամ Սարոյանին, եւ ճակատագրի ու բախտի բերումով, ավելի ճիշտ՝ ճակատագրի ու բախտի քմահաճույքով, Չիլոյի արձանն էլ էս պահի դրությամբ «Պապլավոկի» մերձակայքում է դրված. այսինքն, երկուսի արձաններն էլ դրված են էն տեղերում՝ որտեղ էդ մարդիկ ապրել ու զոհվել են, եւ Չիլոյի պարագան ճակատագրի ու բախտի քմահաճույք եմ անվանում, որովհետեւ Չիլոն ամբողջ կյանքում սովետական միլիցիայից ու դատարաններից հալածվելով՝ ի վերջո արժանացավ նրան, որ իր արձանի գործն անկախ Հայաստանի գլխավոր դատախազը հովանավորեց ու նախաձեռնեց, եւ չնայած Չորրորդ խանութին կից սրճարանի վարիչ Օֆիկը բոլոր բանաստեղծներին մշտապես ու հետեւողականորեն նույնացնում էր, ես շատ լավ գիտեմ, որ բանաստեղծներն իրարից էնքան են տարբեր, ինչքան ոչ բանաստեղծ մարդիկ՝ իրարից, եւ չնայած Չիլոյին ու Արթենյանին համարյա միասին հիշեցի, իրենք էլ էին իրարից չափազանց տարբեր՝ բնավորությամբ, տաղանդով ու ամեն ինչով, եւ ընդամենը նրանց ճակատագրերն էին որոշակիորեն նման, եւ ընդամենը հիմա՝ երեսունհինգ տարի անց ու իրենց էդ արձաններից հետո եմ իրենց ճակատագրերի նմանությունը նկատում, մինչդեռ էն օրը, երբ իսկական բանաստեղծ Հենրիկ Արթենյանը Չորրորդ խանութին կից սրճարանից դուրս շպրտվեց, ես նույնիսկ չփորձեցի էլ իսկական բանաստեղծի դրության մեջ մտնել, որովհետեւ էդ պահին Չիլոյի գովեստից էնքան էի ոգեւորված, որ աչքիս ուրիշ բանաստեղծ չէր երեւում, եւ, հիշում եմ, էդ պահին փոխանակ իսկական բանաստեղծ Հենրիկ Արթենյանի դրության մեջ մտնեի, քայլերս արագացնելով Պրոսպեկտով իջա, գրենական պիտույքների խանութից մի ծոցատետր ու մի գրիչ առա, որովհետեւ էդ պահին ինձ իսկական բանաստեղծ էի զգում եւ բանաստեղծություն գրելու ցանկությունից ուղղակի վառվում էի, եւ Պրոսպեկտի գրենական պիտույքների խանութից ծոցատետր ու գրիչ առնելով՝ սլացա Նաբերեժնի եւ մինչեւ իրիկուն ձորի քսանկոպեկանոց լողավազանում լողացա ու մի քանի բանաստեղծություն գրեցի, ու էդ գործը բարեհաջող շարունակեցի մինչեւ ամառվա վերջ եւ չնայած էդ ամառվա գրածներիցս կոնկրետ բան չեմ հիշում, շատ լավ հիշում եմ, որ էդ ամառ ձորի քսանկոպեկանոց լողավազանում առանձնահատուկ սիրով էի ստեղծագործում, ու նաեւ հիշում եմ, որ էդ ամառվա օգոստոսի վերջերին գրենական պիտույքների նույն էդ խանութից միանգամայն նոր ծոցատետր առա, որովհետեւ հինն արդեն լեփլեցուն էր ձորի քսանկոպեկանոց լողավազանում գրված բանաստեղծություններով, եւ երբ վերջերս էդ ծոցատետրերս իմ հին թղթերի մեջ գտա, առաջին ու երկրորդ բանաստեղծություններն աչքի անցկացնելով՝ փակեցի ու չշարունակեցի, որովհետեւ երկուսն էլ չափազանց անհամ ու չափազանց գրքային էին, եւ ամենազարմանալին էն է, որ էդ բանաստեղծությունները գրել եմ մեծ հաճույքով ու կատարյալ ազատության մեջ, եւ նույն օգոստոսին նույն էդ խանութից առած երկրորդ ծոցատետրի պարունակույթունն էլ է գրեթե նույն որակի, չնայած էդ երկրորդը բանաստեղծություններով լցոնեցի արդեն Գագրայում՝ սեպտեմբերի սկզբից մինչեւ կեսերը, եւ դույն թվականի սեպտեմբերի կեսերին արդեն էդ երկրորդ ծոցատետրս էլ լմնցավ, ինչպես նաեւ՝ էդ առաջին ու լիարժեք ազատությունս, եւ սեպտեմբերի կեսերից սկսած՝ արդեն ազատ չէի, եւ Չիլոյի էդ թռուցիկ գովեստն էլ, որով շուրջ երեք ամիս լեցուն էի, ինձ առանձնապես չէր ոգեւորում, որովհետեւ ուշքս ու միտքս բանակս էր, որն ինքս էի ընտրել. այսինքն, ես բանակայինի անազատությունը նախընտրել էի գյուղական ուսուցչի անազատությունից՝ միամտաբար կարծելով թե՝ բանակայինն, այնուամենայնիվ, տղայական ու արկածային բովանդակություն է պարունակում, եւ չնայած անձամբ իմ ծառայությունն իսկապես էդ տեսակ բովանդակություն պարունակեց, դույն թվականի սեպտեմբերի վերջերին դեռեւս անտեղյակ էի, որ սովետական բանակում նկարիչ ու մուզիկանտ եմ աշխատելու՝ ձեռի հետ զանազան բանաստեղծություններով լցոնելով երրորդ ու վերջին ծոցատետրս, որն արդեն գրենական պիտույքների նույն խանութից առել ու պատրաստ պահում էի, եւ հոգեբանորեն ու անտեղյակորեն ինձ արդեն նախապատրաստել էի անհայտ անիմանալիին, որովհետեւ շուրջ մի տարի Լենուղի սովխոզի միջնակարգ դպրոցում հայոց լեզու ու գրականություն դասավանդելով՝ արդեն վերջնականապես էի հասկացել, որ դաս տալն ու որեւէ մեկին որեւէ բան սովորեցնելն էությանս հեչ չեն համապատասխանում, եւ, ի տարբերություն իմ ընկերների ու դասընկերների, ես յոթանասունչորսի աշնանը ոչ թե գյուղ գնացի, որպեսզի բանակից պրծնեմ, այլ Երեւանից ուղիղ Սովետական բանակ ջհանդամվեցի, ու էս պատմության մեջ ամենազավեշտականն էն է, որ էդ օրերից շուրջ երկու տասնամյակ անց հենց բանակից խուսափած ու զանազան գյուղեր չված ընկերներս ու դասընկերներս համալրեցին անկախ Հայաստանի Ազգային բանակի հրամկազմն ու սպայակազմը եւ էսօրվա դրությամբ առնվազն փոխգնդապետ են ու մոտ հարյուր հազար դրամ թոշակ են ստանում, մինչդեռ ձեր խոնարհ ծառան էն ժամանակ բանակ գնալով ու մինչեւ վերջ ծառայելով՝ նույնիսկ սերժանտ չդարձավ ու էսօրվա դրությամբ ընդամենը պահեստի եֆրեյտոր է, բայց, ինչպես միշտ, գոհ եմ ու որեւէ բանի համար չեմ փոշմանել, եւ հիմա որ էսպես հետին թվով մտածում եմ, սկսում եմ հասկանալ, որ իմ ու ուրիշների հիմնական տարբերությունն էն է, որ ուրիշները սիրում են ուրիշներին դաս տալ ու որեւէ բան սովորեցնել, մինչդեռ ես ոչ միայն չեմ սիրում որեւէ մեկին որեւէ բան սովորեցնել, այլեւ զզվում եմ բոլոր նրանցից, ովքեր փորձում են ինձ որեւէ բան սովորեցնել, ու էս զզվանքս երբեւէ գրավոր կամ բանավոր չեմ արտահայտել միայն ու միայն էն պատճառով, որ ընդամենը հիմա՝ էսքան ուշացումով եմ էս զզվանքիս բուն պատճառները հասկանում ու գիտակցում, եւ շատ հնարավոր է՝ հետագայում էլ էս զզվանքս բանավոր ու մանավանդ գրավոր չարտահայտեմ՝ ոչ միայն էն պատճառով, որ շատերից զզվողները հենց իրենք են շատերի մոտ զզվանք առաջացնում, այլեւ էն պատճառով, որ շատերից զզվելը սովորական աբիժնիկություն է, իսկ ես աբիժնիկներին ավելի եմ ատում, քան նույնիսկ՝ ուրիշներին դաս տվող ու ամեն ինչ սովորեցնող էդ տարրերին, որովհետեւ աբիժնիկները, ի տարբերություն մյուսների, ոչ միայն մարդկանց են ատում, այլեւ՝ Աստծուն, եւ հիմա հիշելով իսկական բանաստեղծներ Չիլոյին ու Արթենյանին՝ նաեւ սկսում եմ հասկանալ, որ աբիժնիկությունը ոչ թե մարդու վիճակից է բխում, այլ՝ հոգուց, որովհետեւ Չիլոն ու Արթենյանն անընդհատ ու մշտապես ահավոր վիճակների մեջ լինելով ու մնալով՝ երբեւէ աբիժնիկ չեղան եւ վայրկյան անգամ չջանացին ուրիշների գութն ու խղճահարությունը շարժել, եւ չնայած ամեն ինչով իրարից տարբեր էին, ավելի տարբեր էին մեր այլ գրողներից ու մանավանդ բանաստեղծներից՝ ովքեր իրենց հալածված ու մանավանդ չգնահատված են համարում, եւ էս հալածված ու չգնահատվածները Չիլոյի ու մանավանդ Արթենյանի ապրած կյանքին մի շաբաթ անգամ չէին դիմանա, եւ չնայած նվաստս էլ չէր դիմանա, այդուհանդերձ, ես Չիլոյին ու Արթենյանին ահագին նման եմ՝ թեկուզեւ էն իմաստով, որ երբեւէ ինձ հալածված ու չգնահատված չեմ համարել՝ մանավանդ գրականության ու հատկապես պոեզիայի ասպարեզներում, որովհետեւ ես ինձ գնահատողներին ու ինձ նկատողներին բարձր եմ դասում ինձ թերագնահատողներից ու չնկատողներից, եւ երբ իմ ու հատկապես իմ գրածների մասին մեկնումեկը մի քաղցր խոսք է ասում, էդ քաղցրով առնվազն մի քանի ամիս գոհանում ու քաղցրանում եմ, եւ երբ ամիսներ անց էդ քաղցր խոսքն սկսում է անհամանալ, հաջորդ քաղցր ու ապրեցնող խոսքն առանձնապես երկար սպասեցնել չի տալիս, ու էս անգամ էլ առանձնապես երկար սպասեցնել չտվեց, ու մինչ էս ամենի մասին մտածում ու գրում էի, ինձ զանգահարեց մեծական ու մանկական բանաստեղծ Պետրոսյան Երվանդն ու ասաց, որ «Գրական թերթի» անցած շաբաթվա համարում ակադեմիկոս Սերգեյ Սարինյանն էս վեպիս մասին ահագին ջերմ բաներ է գրել «Հայաստանի գրողների միության համագումարին ընդառաջ» խորագրի ներքո, եւ չնայած խիստ կասկածում եմ, որ ակադեմիկոսն «Առավոտում» էս վեպս կարդում է, այդուհանդերձ, համոզված եմ, որ իր էդ դրվատանքի խոսքերն առաջիկա մի քանի ամիսներին հաճելիորեն կզբաղեցնեն ինձ, եւ եթե նույնիսկ պարզվի, որ ակադեմիկոսն առանց էս վեպս կարդալու է էս վեպս գովել, դրանից ոգեւորությունս առանձնապես չի պակասի, որովհետեւ Սարինյանը, չնայած առաջացած տարիքին, շարունակում է հասկանալ, որ ամեն ինչ կարելի է քննադատել՝ նորությունից ու նորարարությունից բացի, իսկ որ էս վեպս առնվազն ծավալի առումով նորություն ու նորարարություն է, էդ նույնիսկ որոշ ասպիրանտներ են արդեն հասկացել, բայց, այդուհանդերձ, հասկանալն այլ բան է, խոստովանելը՝ միանգամայն այլ, մանավանդ՝ գրավոր ու «Գրական թերթում» խոստովանելը, եւ չնայած Սարինյանի էդ խոստովանությունն անձամբ չեմ կարդացել, Պետրոսյան Երվանդի ասելով՝ Սարինյանն էս վեպս լավ էլ գովել է՝ խոստովանելով նաեւ, որ սկզբներում էս վեպս չէր կարդում, բայց արդեն բավական ժամանակ է՝ ամեն շաբաթ օր «Առավոտը» պարտադիր առնում ու կարդում է, եւ սա արդեն ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի կողմից է նորություն ու նորարարություն, որովհետեւ մեր գրականագետներն ու գրաքննադատները սովորաբար կարդում ու գովաբանում են իրենց էն ժամանակակիցներին, որոնց գրքերն անձամբ հեղինակներից են ստանում, ընդ որում՝ չափազանց ջերմ մակագրությամբ, եւ հատկապես ու առանձնապես էս տեսանկյունից է Սարինյանի արածը նորություն ու նորարարություն, եւ չնայած «Գրական թերթի» էդ համարն անձամբ չեմ կարդացել, Պետրոսյան Երվանդի ասածին միանշանակ եմ հավատում, որովհետեւ եթե Սարինյանն իր էդ հոդվածում ինձ քննադատած լիներ, Ջավախյանն անմիջապես էդ աչքալուսանքն ինձ հասցրած կլիներ, եւ հիմա Ջավախյանին հիշելով՝ պիտի ավելացնեմ նաեւ, որ եթե Սարինյանն առանց հավանելու՝ կեղծ է էս վեպս գովել, էդ տարբերակը նույնպես ինձ ձեռ է տալիս, եւ Ջավախյանին էս հիշելս էլ հեչ պատահական չի, որովհետեւ մի անգամ Ջավախյանն անկեղծանալով ինձ ասաց՝ «ավելի լավ ա գրածդ կեղծ գովան, քան՝ անկեղծ», եւ երբ զարմացած հարցրի՝ «խի՞», ինքն անկեղծորեն պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ կեղծ գովացողներն ավելի ջիգյարով են գովում»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել