Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՉԽԱՆԳԱՐԵԼՈՒ» ԱՐՎԵՍՏԸ

Նոյեմբեր 20,2010 00:00

Մրցաշրջան-2010-ը մի շարք եզակի նվաճումներով է ավարտվում հայկական սպորտի համար

Սեպտեմբերին ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը Անթալիայում դարձավ աշխարհի չեմպիոն, ինչի շնորհիվ Թուրքիայում բարձրացվեց Հայոց Եռագույնը, հնչեց Հայաստանի օրհներգը: Տարբեր մարզաձեւերում նշանակալի ձեռքբերումներ արձանագրվեցին ու դեռ նորերն են սպասվում՝ ի դեմս մեր 20 եւ 23 տարեկան ծանրորդների: Անգամ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում ոչ միայն վերադարձավ Top 100, այլեւ  հսկայական թռիչք կատարելով՝ ընդհուպ մոտեցավ 50 լավագույններին՝ հանգրվանելով 59-րդ հորիզոնականում: Անցնող տարվա մեր մարզական նվաճումներին դեռ կանդրադառնանք տարեվերջին:
Երկու օր առաջ հայ մարզասերներին հիանալի նվեր մատուցեց գրոսմայստեր Լեւոն Արոնյանը՝ Մոսկվայում օծվելով կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն: Հայ շախմատիստը դա արեց անչափ ծանր մրցաշարում, որին մասնակցում էին ժամանակակից շախմատի աշխարհի լավագույն գրոսմայստերները եւ որի համար առաջնությանը ՖԻԴԵ-ի դասակարգմամբ տրված էր 21-րդ վարկանիշային կարգ: Ինչպե՞ս դա Արոնյանին հաջողվեց, երբ մնացած տասնինն էլ իրենց խաղամակարդակով կարող էին հաղթել: Շախմատում մի այսպիսի իմաստնություն կա, որին շատերը չեն հետեւում: «Առաջին հերթին սկզբնախաղում մրցակցիդ մի խանգարիր կողմնորոշվել: Նա ինքը պարտվելու ճանապարհը կգտնի, եթե համբերես»: Ասվածը վերաբերում է նաեւ 64 վանդակների վրա գրեթե անսխալ գործող վարպետների հետ հանդիպումներին:
Արոնյանը  իմաստունների մոսկովյան այս ճակատամարտում հենց այդպես էլ վարվեց՝ հաղթելով անգամ մի քանի այնպիսի պարտիաներում, որտեղ դրա ոչ նյութական միջոցներն ուներ, ոչ էլ, կարծես, համապատասխան ժամանակ: Պարզապես, չխանգարեց: Եվ գործեցին կայծակնային շախմատում հաջողության հասնել կամ չհասնելու օրենքները՝ դիրքի ճիշտ գնահատում, արագ միտք եւ պայքարը քո ուզած հունով հասցնել ցանկալի հանգրվան: Այս բոլորը Լեւոնի մրցակիցների մի մասի համար ուժից վեր զբաղմունք էր, մանավանդ, երբ հայտնվում էին ամենակուլ ցայտնոտի ճիրաններում: Ահա այս մեծ համբերության, շախմատային եզակի մտածողության շնորհիվ էլ Լեւոն Արոնյանը աշխարհի առաջնության ավարտից արդեն մեկ տուր առաջ անհասանելի դարձավ եւ իր ու հայկական սպորտի նվաճումների գրքում նոր էջ գրեց:
Անկեղծ ասած, սպասում էինք, որ աշխարհի նորընծա չեմպիոնը Մոսկվայից անմիջապես կժամանի Երեւան: Սակայն երեկ շախմատի ֆեդերացիայից տեղեկացանք, որ պետք է մի որոշ ժամանակ սպասել: Արոնյանի առջեւ նոր լուրջ փորձություններ են, որոնց հարկավոր է նախապատրաստվել: Առաջինը հունվարին Հոլանդիայի ավանդական «Վեյկ ան Զեե»-ն է, իսկ գարնանն ամենապատասխանատուն՝  Դասական շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել