Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ՃԱԿԱՏԱԳԻՐ է…

Նոյեմբեր 20,2010 00:00

Մեզանում հազվադեպ է լինում, երբ ստեղծվում է գիրք, որը եւ՛ ստեղծագործական մի նոր աշխարհ է, եւ՛ միաժամանակ գրողի դիմանկար՝ իր ստեղծագործության ֆոնի վրա: Յուրօրինակ ինքնադիմանկար կերտած՝ իրեն մատչելի համարյա բոլոր գրական ժանրերով: Այդպիսի գիրք է Ռոբերտ Կարայանի «Մարդազարդի տոն արարենք» ժողովածուն (Երեւան, 2009, «Վան Արյան», 494 էջ): Ասենք միանգամից՝ ինձ համար որքան հետաքրքիր է Կարայանի բազմաբնույթ եւ բազմաժանր գրական ստեղծագործությունը, այնքան եւ հետաքրքիր է ինքը Կարայանը, իր մարդկային խառնվածքով, որն իր բնության մեջ կարողացել է համատեղել եւ դոնկիխոտյան ասպետությունը, եւ օտյանական սատիրան, ֆիդայական խիզախությունը, եւ Օհան ամու համբերությունը (Իսահակյանի «Համբերանքի չիբուխը» պատմվածքից):
Ռ. Կարայանի նման մարդիկ ժամանակի հետ չեն փոխվում, այլ մնում են կանգուն՝ կաղնու պես: Այդպիսին են իր «Արեւը գեղեցիկ է մայրամուտին», «Անդրանիկի երգը», «Լեռները ծաղիկներ չեն վաճառում»՝ բանաստեղծի ավյունով գրված վիպասքերը եւ, իհարկե, առաջին հերթին պատմավիպասանի ձեռքով գրած «Փրկություն» վիպերգությունը:
Նոր գրքում մեզ առավել զարմացնում է Կարայան բանաստեղծը՝ իր մշակած պոետական ժանրերի բազմազանությամբ ու թարմությամբ: Նորարարական երգիծական պոեմը՝ «Մարդն իր հոգու ցավը զատի, կգա տոնը՝ մարդազարդի…», տարբեր բնույթի բանաստեղծությունների խառնուրդ է, որտեղ իրար զուգորդում են երգիծանքն ու քաղաքացիական բողոքը, քնարական զեղումն ու հրապարակախոսական կիրքը: Թերթում ենք Ռ. Կարայանի ինքնադիմանկարի էջերը եւ հառնում ենք «Ռեքվիեմ» ծավալուն պոեմին: Այս երկը մի ինքնատիպ փորձ է՝ արդի ստեղծագործության հերոս ընտրել Մեծն Նարեկացուն: Ռ. Կարայանը «դարի հանճարին բերում է» մեր օրերը, կապում մեր իրականության հետ եւ ապա նրա միջոցով տալիս իրադարձությունների գնահատականը:
Իրապես անհանգիստ ստեղծագործող է Կարայանը, որի համար չկան ոչ ժամանակային, ո՛չ տարածքային սահմանափակումներ: Եվ նրա ստեղծագործական անհանգստության պատճառը իր ներքին անհնազանդությունն է եւ անընդհատ մաքառումը հանուն արդարության եւ ճշմարտության: Այն, ինչ կատարվում է հեղինակի շուրջը՝ կարիք ունի հիմնավոր վերափոխման, եւ հեղինակը կամավոր զինվոր է իրեն հռչակում այս պայքարում, հիշենք՝ ինչպես Դոն Կիխոտն էր մարտնչում, սակայն ոչ թե անանուն հողմաղացների դեմ, այլ կոնկրետ մարդկանց եւ հոռի բարքերի դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել