Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահանակներ՝ բրայլյան այբուբենով

Նոյեմբեր 20,2010 00:00

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը տեղեկացնում է, որ Երեւանի Արաբկիր համայնքի Կույրերի մշակույթի տանը տեղի ունեցավ բրայլյան այբուբենով գրված բազմալեզու վահանակների շնորհանդեսը: Վահանակները տեղադրվելու են Հայաստանի պատմամշակութային հուշարձանների մոտ:
«Հայաստանը՝ բրայլյան այբուբենով» նախագծի նպատակը Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ այցելող թույլ տեսողությամբ եւ կույր մարդկանց իրենց իսկ այբուբենով՝ արեւելահայերեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն եւ ֆրանսերեն լեզուներով հուշարձանների մասին տեղեկատվություն ստանալու հնարավորություն ընձեռելն է: Վահանակներն այցելուներին ծանոթացնում են տվյալ վայրին եւ հնարավորություն են տալիս կիրառելու ԱՄԱՓ-ի կողմից ծրագրված «Աուդիո տուր» ծրագիրը, որը կույր եւ թույլ տեսողություն ունեցող այցելուներին հնարավորություն կընձեռի ինքնուրույն զբոսապտույտ կատարելու տվյալ վայրում: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի տարբեր վայրերում տեղադրվելիք բրայլյան այբուբենով պատրաստված 21 վահանակների բացումը, որոնցից ինը նախատեսված է Երեւանի կենտրոնական հատվածի համար: Դրանք կտեղադրվեն գարնանը՝ Երեւանի 18 հիմնական վահանակների հետ միասին: Հնչեցին նաեւ Հայաստանի կույրերի երգչախմբի կատարումները:
«Սովորելն ու արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելը թույլ տեսողությամբ եւ կույր մարդկանց երազանքն է,- նշեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:- Կարեւոր է, որ հասարակությունը գիտակցի կույրերի՝ տեղեկատվություն ստանալու հավասար հնարավորություններ ստեղծելու անհրաժեշտությունը, ինչն արդեն վաղուց առկա է զարգացած երկրներում: Մեր հայրենակիցները մեզ պես հավասար իրավունքներ ունեն՝ սովորելու եւ ակտիվ ժամանցի, հետեւաբար՝ նրանց համար պետք է ստեղծել հավասար հնարավորություններ»: ԱՄԱՓ-ի ծրագրերի գլխավոր հովանավորն է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, հովանավորներն են՝ Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսը, Հայաստանում՝ ԱՄՆ դեսպանների մշակութային հիմնադրամը, USAID/CAPS-ը, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել