Կամ ինչպես «բախվեցին» պրոդյուսերի ու սոցիոլոգի կարծիքները
«Հանրայինի լրատվականն ավելի ազատ է եւ բաց՝ լսարանի համար, ի տարբերություն մյուսների»,- երեկ «Դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարեց «Հ1»-ի «կաստայի» պրոդյուսեր Մամիկոն Չատինյանը: Նա եւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը բանավիճեցին ներկայիս հեռուստատեսության որակի, լսարանի պահանջի եւ եթերի խնդիրների մասին:
Ա. Ադիբեկյանը նշում է, որ հեռուստատեսությունն այսօր մրցակից չունի. «Մեր հաշվարկներով՝ բնակչության 2/3-ը տեղեկություններ է ստանում եւ մշակութային պահանջները սպառում է հեռուստատեսության միջոցով»:
Մ. Չատինյանի խոսքով, կարեւոր է լսարանի վստահությունը, իսկ Հանրայինն այդ առումով խնդիր չունի. «Հանրայինը շահում է լսարանի վստահությունը: Երբ ալիքներ էին ավելանում, ինձ թվում էր, թե շատ լավ կլինի, մրցակիցներ կդառնանք, հաղորդումների որակը կբարձրանա: Բայց այսօրվա դրությամբ Հանրայինն էլի առաջին տեղում է»: Ա. Ադիբեկյանն էլ հակադրվեց. «Հանրայինի վստահության ցուցանիշը շատ ցածր է: «Հ1» դիտում է բնակչության 65 տոկոսը, վստահում՝ 30-ը, որովհետեւ 30-ն է իշխանամետ»: Մ. Չատինյանը, չհանձնվելով, շարունակեց. «Ինֆորմացիոն ծրագիր «Հայլուրը», օրինակ, բոլորը նայում են: Նախ՝ որ ավելի ազատ է թեմաների առումով եւ սփռման ավելի մեծ դաշտ ունի թե Հայաստանում եւ թե Արցախում»: Երբ պարոն Չատինյանը խոսեց «Հայլուրի» ազատ լինելու մասին, լրագրողները քմծիծաղով արձագանքեցին:
Սոցիոլոգը նշում է. «Մեզ մոտ եթերում վինեգրետի տարբերակն է. ամեն ինչ խառն է, ամեն մեկն անում է այն, ինչ ուզում է: Հայաստանի բնակչության մեծ մասն այսօր դիտում է սերիալներ: Իսկ այդ սերիալները չունեն ենթատեքստ, գեղագիտական արժեք չեն ներկայացնում, չունեն կոնտեքստային բնույթ: Նրանք այն են, ինչ կա կյանքում: Այդ սերիալները դիտողները մտել են վիրտուալ աշխարհ եւ ապրում են այդ հերոսներով: Հայ կինը զանգում է հարեւանուհուն ու ասում՝ Հասմիկ ջան, տեսա՞ր, թե էդ Խոսեն ինչ ա անում: Նրանք ապրում են «խոսեների» կյանքով: Սերիալները դիտող կինն ապրում է հերոսների կյանքով՝ լաց է լինում, ծիծաղում նրանց հետ: Սերիալները դարձել են թմրամիջոց: Եթե երեխան տեսնում է՝ մայրը քարացած սերիալ է դիտում, բնականաբար մտածում է, որ նա ինչ-որ արժեքավոր բան է նայում, ինքն էլ է նույն ցանկությունն ունենում»: