Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ՝ ԱՄՆ-ՈՒՄ

Նոյեմբեր 20,2010 00:00

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները համերգներից վերադարձել են ոգեւորված

\"\"

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները վերջերս են վերադարձել ամերիկյան հյուրախաղերից; Դպրոցի տնօրեն, խմբավար եւ կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը «Առավոտին» հայտնեց, որ խոսքը առավելապես վերաբերում է դպրոցի ժողովրդական գործիքների անսամբլին:
Ի դեպ, այս դպրոցն ունի նաեւ ջութակահարների անսամբլ, սիմֆոնիկ եւ փողային նվագախմբեր եւ 3 երգչախումբ: «Կարծում եմ, որ եթե երեխան սովորում է դպրոցում, ճիշտ կլինի, որ անցնի նաեւ համապատասխան դարբնոցով: Հպարտ ենք, որ նման համույթներ ունենք»,- նշում է մեր զրուցակիցն ու հավելում, որ երբ վերջերս իրենց դպրոցի սաները ելույթ են ունեցել 6 նախագահների համար, Բելառուսի նախագահն այնքան է հուզվել, որ խոնարհվել է իրենց նվագախմբի առաջ:
Երեխաները համերգներ են ունեցել Երեւանում, Ալավերդիում եւ Վանաձորում, ապա մեկնել ԱՄՆ՝ Վաշինգտոն, Նյու Յորք, Նյու Ջերսի, Պրովիդենս, Բոստոն, Լոս Անջելես: Դեկտեմբերի սկզբին էլ նույն ծրագրով հանդես կգան Երեւանում: «Երեխաները շրջագայությունների գնացին որպես լավ աշակերտական նվագախումբ, վերադարձան որպես պրոֆեսիոնալ երաժիշտներ, թրծվեցին այս շրջագայության մեջ»,- ասում է դպրոցի տնօրենը: Նա պատմում է, որ Նյու Ջերսիում հանդիպել են Արցախի ԱԺ նախագահին ու պայմանավորվել Ղարաբաղում եւս համերգներ ունենալ: Տ. Հեքեքյանի համոզմամբ, երբ մարզաբնակ երեխան տեսնի, որ իր հասակակիցը նման հաջողության է հասել, ինքն էլ կձգտի տվյալ ժողովրդական գործիքին տիրապետել: Պարոն Հեքեքյանը փաստում է, որ այսօր ժողնվագարանների դասատուների պակաս կա, մյուս կողմից ուրախ է, որ ուդի լավագույն մասնագետ Կարո Յայլոյանը դասավանդում է իրենց դպրոցում: Անդրադառնալով շրջագայությանը՝ մեր զրուցակիցն ասում է, որ դասական գործիքներն էլ են ԱՄՆ-ում հայ երեխաները լավագույնս ներկայացրել՝ զանազան մրցույթներում հղկված լավագույն սաների (Դավիթ Հովհաննիսյան, Հայկ Սուքիասյան եւ այլք) միջոցով: Տ. Հեքեքյանը մտածում է, որ հայաստանյան TV-ները ինչ մատուցեն ու գովազդեն՝ երեխաները հենց դրա հանդեպ ձգտում կունենան. մի ժամանակ բոլորը ջութակի էին գնում, որովհետեւ Կարապետ Հայրապետյանին էին տեսնում հեռուստատեսությամբ, հետո դուդուկի «բումը» սկսվեց՝ Ջիվան Գասպարյանի շնորհիվ, դպրոցներ կան՝ 30 դուդուկահար ունեն, դա էլ յուրատեսակ գերարտադրություն է: Սրա կողքին՝ մյուս գործիքները մոռացվում են:
Դպրոցի տնօրենի խոսքով, շատ բան կախված է նաեւ դասատուի կերպարից, խորհրդային իներցիայով ոմանք դաս են պարապում «նադը, Ֆեդյա» սկզբունքով. «Երեխան դպրոցում պետք է բերկրանք ունենա, իսկ բերկրանքը կատարյալ է, երբ ոչ թե մենակ է նվագում, այլ անսամբլի կազմում է եւ չի կաշկանդվում իր «ուսումնական» նվագով: Իսկ նրա դասատուն հոգսաշատ ու հոգնած չէ»:
Ճանաչված խմբավարը պատմեց, որ բոլոր համերգները ԱՄՆ-ում 500-700 տեղանոց դահլիճներում են կայացել, ու բոլորը նվիրված են եղել Հովհաննես Բադալյանի ծննդյան 85-ամյակին, կազմակերպիչներից մեկն էլ եղել է նրա եղբոր դուստրը՝ Արաքս Բադալյանը: Համերգները կազմակերպվել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան, Լոս Անջելեսում՝ հյուպատոսության, AGBU-ի, Կոնստանտին Պետրոսյանի եւ այլոց ջանքերով: Առաջին համերգը կայացել է Վաշինգտոնի հանրահայտ «Կորկորան» դահլիճում եւ նվիրված է եղել ՀՀ անկախության տարեդարձին: Նյույորքյան համերգի հասույթի մեծ մասը նվիրվել է տեղի հայկական դպրոցին: Լոս Անջելեսում եզրափակվել է համերգաշարը, եւ հենց այստեղ Հայաստանի հյուպատոսությունը եւ դեսպանատունը, մեր զրուցակցի խոսքով, թիկունք են կանգնել ՀՀ քաղաքացիներին: Բանն այն է, որ միջանձնային եւ միջկառույցային որոշ տարաձայնությունների պատճառով, հանվել են համերգներ, երեխաները կեցության ու ապրուստի խնդիր են ունեցել: Ի դեպ, Տ. Հեքեքյանը բանկից վարկ էր վերցրել, ու եթե ամեն ինչ ճիշտ գրաֆիկով գնար, «մինուսով» չէին վերադառնա: Անկախ ամեն ինչից, փոքրիկ երաժիշտները գոհ են վերադարձել: Տպավորված են հատկապես բոստոնյան հանդիսատեսով, որին Հեքեքյանը «նուրբ» բնորոշումն է տալիս: «Այս շրջագայության ժամանակ զգացի, որ պետությունը կանգնած է ՀՀ քաղաքացու թիկունքին, նման բան մեկ էլ 96-ին Եգիպտոսում է եղել, թե չէ՝ շատ է պատահում, որ մտածես «դրսում» անտեր ես: Տվյալ պարագայում հյուպատոսը կանչեց ոմն կազմակերպության, ում պատճառով առաջացել էր տհաճ միջադեպը եւ հաշիվ պահանջեց: Մտածեցի՝ որքա՜ն կարեւոր է ճիշտ անձեր նշանակելը բոլոր ատյաններում»,- եզրափակում է Տիգրան Հեքեքյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել