Ուրբաթ օրը Պորտուգալիայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը, որին մասնակցելու համար այդ երկիր են ժամանել բարձրաստիճան հյուրեր: Սպասվում է, որ գագաթաժողովին մասնակցելու են ավելի քան 40 պետությունների առաջնորդներ եւ կառավարություններ: Նրանց թվում են լինելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, նաեւ Վրաստանի առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլին ու Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը: ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ի փոխանցմամբ, Բարաք Օբաման ուրբաթ եւ շաբաթ օրերին Լիսաբոնում մի քանի երկկողմ հանդիպումներ է ունենալու, այդ թվում՝ Միխայիլ Սահակաշվիլիի եւ Քարզայի հետ, նաեւ մասնակցելու է գագաթաժողովի աշխատանքներին, որի ընթացքում փորձելու է հասնել ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների բարելավմանը:
Օբամա-Սահակաշվիլի հանդիպումն անցնելու է լրագրողների համար փակ ռեժիմով:
Գագաթաժողովի գլխավոր թեմաները լինելու են Հյուսիսատլանտյան դաշինքի կառուցվածքային բարեփոխումների եւ գործառույթների վերաբերյալ հարցերը: Նախատեսվում է, որ գագաթաժողովում քննարկվելու են մասնավորապես ՆԱՏՕ-ի ապագային վերաբերող կարեւոր, այդ թվում՝ զինված ուժերի ֆինանսավորման, հնարավոր նոր սպառնալիքներին դիմագրավելու ՆԱՏՕ-ի ունակության, նաեւ հակահրթիռային պաշտպանության եւ կիբեր-անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: Գագաթաժողովում ընդունվելու է Դաշինքի առաջիկա տասնամյակի ռազմավարական հայեցակարգը: