Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԹՈՒՐՔ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ

Նոյեմբեր 20,2010 00:00

Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել է Taraf թերթի լրագրող Ռասիմ Օզան Քյութահլըի դեմ դատական գործ հարուցել՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածով (թյուրքականությանը եւ թուրք ինքնությանը հասցված վիրավորանքի համար), որով դատապարտվել էին Հրանտ Դինքը եւ Օրհան Փամուկը: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Taraf-ի լրագրող Ռասիմ Օզանը 2009-ին հրապարակած հոդվածներից մեկում քննադատել էր Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Իլքեր Բաշբուղին՝ օգտագործելով հետեւյալ արտահայտությունը. «Հեյ, Իլքեր Բաշբուղ, ուզես թե չուզես, դու պետական պաշտոնյա ես եւ պետական պաշտոնյայի պես պետք է շարժվես»: Պետական պաշտոնյա արտահայտության համար Իլքեր Բաշբուղը դրամական փոխհատուցման հայցով դիմել էր դատարան, սակայն Զինված ուժերի գլխավոր շտաբը դիմել է Անկարայի գլխավոր դատախազություն՝ պահանջելով լրագրողին դատել թուրքական քրեական օրենսգրքի 301 հոդվածով՝ «թուրք ազգը, Թուրքիայի հանրապետությանը, Թուրքիայի խորհրդարանը, Թուրքիայի կառավարությանն ու դատական մարմիններին նվաստեցնելու» մեղադրանքով:
Taraf-ի լրագրողը շատ է զարմացել, երբ իմացել է, որ Բաշբուղը վիրավորվել է «պետական պաշտոնյա» բառից: «Շատ ծիծաղեցի: Փաստորեն, Բաշբուղն այնքան է վիրավորվել, որ գործը մինչեւ այստեղ է հասել: Լավ, եթե նա պետական պաշտոնյա չէ, ի՞նչ է: Ես մինչեւ հիմա գիտեմ, որ գլխավոր շտաբի պետերը պետական պաշտոնյաներ են: Եթե սխալ գիտեմ, թող ասեն»,- նշել է Ռասիմ Օզան Քյութահլըն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել