Հայիթիում խոլերայի համաճարակի պատճառով սկսված բողոքի ակցիաները տարածվել եւ ընդգրկել են նաեւ երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի շրջանները: BBC-ի մատուցմամբ, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել բարիկադներ կառուցած, ՄԱԿ-ի խաղաղապահների մեքենաների վրա քարեր նետող եւ անվադողեր այրող ցուցարարներին ցրելու համար: Մայրաքաղաքի փողոցներում ուրբաթ օրը նաեւ կրակոցներ են լսվել:
Հայիթցիների մի մասը կղզու ողջ տարածքում վարակի տարածման համար մեղադրում է Նեպալից եկած «կապույտ սաղավարտակիրներին»: ՄԱԿ-ի ներկայացուցիչները հերքել են այդ ենթադրությունները, բայց Հայիթիում խոլերայի հայտնաբերմանը պաշտոնական բացատրություն առայժմ չի տրվում:
Երկուշաբթի օրը՝ Հայիթիի հյուսիսում տեղի բնակիչների եւ ՄԱԿ-ի զորքերի բախման արդյունքում երկու մարդ էր զոհվել:
Հիշեցնենք, որ ընդամենը երկու շաբաթ հետո՝ նոյեմբերի 28-ին Հայիթիում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ:
Հայիթիում խոլերայի համաճարակի արդյունքում արդեն ավելի քան 1100 մարդ է մահացել: Համաճարակը սկիզբ էր առել հոկտեմբերին՝ երկրի հյուսիսում գտնվող Արտիբոնիտ գետի շրջակայքում ապրող բնակավայրերից: Վարակն ամենաշատը տարածված է երկրում այս տարի տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի արդյունքում անօթեւան մնացածների ճամբարներում: