Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՑ ԵՐԿՐՆԵՐ ԲՈՅԿՈՏԵԼ ԵՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 20,2010 00:00

\"\"Ի թիվս վեց երկրների՝ Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել Խաղաղության նոբելյան մրցանակի հանձնման՝ դեկտեմբերի 10-ին Օսլոյում կայանալիք պաշտոնական արարողությանը: Հիշեցնենք, որ այս անգամ Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է 11 տարվա ազատազրկման դատապարտված չին Լյու Սյաոբոյին: Reuters-ի մատուցմամբ, Նոբելյան հանձնաժողովի քարտուղար Գեյր Լունդեստադը հայտնել է, որ մրցանակաբաշխության արարողությանը, բացի Ռուսաստանից, հրաժարվել են մասնակցել նաեւ Չինաստանը, Ղազախստանը, Կուբան, Մարոկոն եւ Իրաքը: Լունդեստադի համոզմամբ, մրցանակաբաշխության բոյկոտը կազմակերպել է Չինաստանը: «Ես չգիտեմ այլ օրինակներ, երբ երկիրն այդքան ակտիվորեն եւ բաց տեքստով պահանջել է, որպեզի դեսպանները ձեռնպահ մնան Նոբելյան մրցանակի հանձնմանը մասնակցելուց»,- հայտարարել է հանձնաժողովի քարտուղարը:
Նորվեգիայում ՌԴ դեսպանության մամուլի կցորդ Վլադիմիր Իսուպովն ասել է, թե Ռուսաստանի՝ արարողությանը մասնակցելուց հրաժարվելը Չինաստանի հետ չի համաձայնեցվել: «Դեսպանը արարողության օրը պարզապես երկրում չի լինելու»,- հայտարարել է Իսուպովը՝ միաժամանակ հավելելով, որ իրեն հայտնի չէ, թե ինչ գործուղման է մեկնելու դիվանագիտական առաքելության ղեկավարը:
Աղբյուրը նշել է, թե Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում Չինաստանի դիվանագիտական պահանջներին, մասնավորապես Պեկինի առարկությունների պատճառով 1996-2004թթ. արգելվել էր Ռուսաստանի տարածք Դալայ-Լամայի մուտքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել