Լրահոս
Օրվա լրահոսը

EMI ՀԻՄՆԱԴՐԱՄԸ՝ ԳՅՈՒՄՐԻԻ ԴՊՐՈՑԻՆ

Նոյեմբեր 20,2010 00:00

Բրիտանական EMI ձայնագրման ընկերության բարեգործական հիմնադրամը՝ EMI Music Sound Foundation-ը, 3 180 ԱՄՆ դոլար է փոխանցել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման նպատակով բացված հատուկ հաշվեհամարին: EMI Music Sound Foundation-ը բավականին հեղինակավոր հիմնադրամ է, որի հոգաբարձուների թվում են Պոլ Մաքքարտնին, Ջորջ Մարտինը, Յոկո Օնոն, Քլիֆֆ Ռիչարդը, Թինա Թյորները:
Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնումը «Rock Aid Armenia» ծրագրի շրջանակներում իրականացնում են հայկական «Մեդիամաքս» ընկերությունը, ՀՕՖ-ը եւ այլք: Ծրագրի ակտիվ մասնակիցներն են ռոք-երաժիշտներ Իէն Գիլանը (Deep Purple) եւ Թոնի Այոմին (Black Sabbath, Heaven and Hell): Այս տարվա հոկտեմբերին Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Ջոն Լորդը (նախկինում՝ Deep Purple), Նիքո ՄքԲրեյնը (Iron Maiden) եւ Ջեյսոն Նյուսթեդը (նախկինում՝ Metallica) ձայնագրեցին Out of My Mind երգը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղարկվի Գյումրիի դպրոցի վերականգնման հիմնադրամին: Բացի սրանից, այս տարվա մարտին Իէն Գիլանը Երեւանում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ երկու բարեգործական համերգ ունեցավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել