Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովորական ֆաշիզմ»

Նոյեմբեր 20,2010 00:00

Հայ դեռահասները, որոնց բերման էին ենթարկել Երեւանի ոստիկանության Կենտրոնականի բաժին, երեկ՝ Երեխաներին բռնություններից պաշտպանելու օրը մամուլի ասուլիս էին հրավիրել՝ պատմելու, թե ինչ է տեղի ունեցել նախօրեին եւ ինչպես են ոստիկանները նվաստացրել իրենց: News.am-ի մատուցմամբ, ամեն ինչ սկսվել է նրանից, որ աղջիկներից մեկը որոշել է ընկերուհուն հուշանվեր նվիրել՝ գանգի տեսքով, եւ այն հանձնել է հանդիպման ժամանակ: Ընկերուհին, բնականաբար, սկսել է նայել նվերը: Եվ այդպես, դանդաղ քայլքով աղջիկները զբոսնել են Մանկական երկաթուղով: Սակայն  երկաթուղու աշխատակիցները լարվածության մեջ են ընկել այն փաստից, որ ջինսերով եւ փիրսինգով երիտասարդների խումբը զբոսնում է «սուր կտրող-ծակող գործիքով»: Մի քաղաքացի անմիջապես զանգել է ոստիկանություն: Ինչպես մամուլի ասուլիսում պատմել է Երեւանի պետհամալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Կարինան, ոստիկաններն իրենց բավական ագրեսիվ են պահել, սկսել են պարզել, թե ինչ կա աղջիկների պայուսակներում: Միջադեպի մյուս մասնակցի՝ Ծոմակի խոսքով, ոստիկանների ձեռքն են ընկել նաեւ երկու պատահական անցորդներ, որոնք եւս ազատ ոճով էին հագնված: Մեկը ճղած ջինսեր էր հագել, մյուսը եղել է երկար մազերով: «Ոստիկանները մեզ համոզում էին, թե մենք էմո սուբմշակույթի կրողներ ենք, ձայն էին բարձրացնում մեզ վրա, հայհոյում, ստիպում խոստովանել այն, ինչ չենք արել եւ չենք հանդիսանում»,- ասաց Կարինան՝ հավելելով, որ առաջարկել է ոստիկաններին այցելել այն խանութը, որտեղից գնել է հուշանվերը:
Ինչ վերաբերում է վարդագույն-սեւ  հագուստին, աղջիկն ասաց. «Ոստիկանները, տեսնելով գույների համադրությունը, հարձակվեցին մեզ վրա եւ բղավում էին. «Դուք էմոներ եք»: Ծոմակի խոսքով, ոստիկանները ստիպել են իրենց իսկ հորինած բացատրականը գրել: Նրա խոսքով, ոստիկաններն իրենց չեն ծեծել, բայց բղավել են, իսկ Բելլայի՝ «Արմինֆո» գործակալության ղեկավարի դստեր մազերից են քաշել: Ոստիկանությունում սպառնալիքներից ու դիտողություններից հետո թույլատրել են զանգել ծնողներին: Աղջիկները նշեցին, որ իրանցի պատահական անցորդին, «դեսպանատուն» բառը լսելուց հետո, արագ բաց են թողել, իսկ երկրորդ տղային ծեծի են ենթարկել, քանի որ բղավոցներ էին լսվում:
«Դա սովորական ֆաշիզմ է: Մարդկանց բռնում են մազերի սխալ գույնի համար»,- նշել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: Նրա խոսքով, այժմ ինքը, որպես ծնող, ստիպված է վախենալ իր երեխաների համար, որոնք «բոլորի պես չեն հագնվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել